Շուշան Պետրոսյան. «Պատմությունս կերտելու համար չեմ գտնվում ԱԺ-ում»

Երգուհի Շուշան Պետրոսյանը, ով շուրջ երկու տարի նաև Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր է, մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, քանի որ երբեք չի խուսափել իր ուրույն կարծիքն ունենալուց և բարձրաձայնելուց:

Յուրաքանչյուր երևույթ անվանել է իր անունով, ինչի համար էլ հաճախ քննադատությունների կենտրոնում է հայտնվել: Կան մարդիկ, ովքեր մարդկային նմանօրինակ պահվածքն անվանում են ինքնագովազդ, հերոսանալու ձգտում… Բայց արդյո՞ք Շուշան Պետրոսյանն ունի ինքնագովազդի կարիք:

– Արդեն երկար ժամանակ է, ավարտվել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագիծը, որի ժյուրիի ամենավառ անդամներից էիք: Շոուն դիտելիս թվում էր, թե ապրում եք բեմում երգող յուրաքանչյուր մասնակցի հետ: Սակայն ո՞ւր են այսօր այդ մասնակիցները: Միգուցե դա պարզապես շոու էր, որն օգտագործեց ճանաչված երաժիշտներին և դեռ ճանաչում ձեռք չբերած մասնակիցներին. հասավ իր ուզածին` ստանալով բարձր ռեյտինգ, և հետո մոռացության մատնեց, առաջին հերթին՝ այդպես էլ ճանաչում ձեռք չբերած մասնակիցներին: Ո՞ւր են հիմա այդ մասնակիցները, որոնցից գրեթե յուրաքանչյուրին շոուի ընթացքում խոստովանել էիք լինել իրենց կողքին և աջակցել:

– Ես իմ խոսքի տերն եմ եղել միշտ, և այս հարցում ևս բացառություն լինել չէր կարող: Շոուի ընթացքում հնչեցրած իմ խոսքը, որ ես միշտ իրենց կողքին եմ լինելու և աջակցելու եմ նրանց երաժշտական կյանքի ուղին հարթելու գործընթացին, որքանով որ կարողանամ, այդ խոստումը ես չեմ խախտել: Գիտեմ, թե նրանցից յուրաքանչյուրի կյանքում ինչ փոփոխություններ եղան, գիտեմ, թե ով ինչով է զբաղված շոուից հետո: Մեկն ամուսնացավ, մյուսը նոր երգ էր ձայնագրել և խնդրել էր, որ լսեի և կարծիքս հայտնեի: Հավանություն չտվեցի և խոստացա երկրորդ ձայնագրությանն անպայման ներկա լինել: Բացի այդ, բոլոր այն մասնակիցներին, որոնց ձայները հավանում էի, հրավիրեցի մասնակցելու «Անահիտ» մուլտֆիլմի երաժշտական հատվածի ձայնագրությանը: Այդ երեխաները դարձան մուլտֆիլմի երգչախումբը: Կապը կա: Ես չեմ կարող անտեսել և մոռանալ շնորհալի մարդկանց:

Կարդացեք նաև

– Ձեզ դո՞ւր եկավ այն, թե ինչպես ավարտվեց նախագիծը: Եվ ո՞ւր է այսօր «Հայաստանի ձայնը» ներկայացնող երգչուհին, Վրաստանո՞ւմ:

– Նախագիծը չպետք է այդպես ավարտվեր: Համաձայն եմ, որ շնորհքով աղջիկ էր նա, ով շահեց այդ նախագծում: Բայց կարծում եմ, որ Հայաստանի ձայնի կոչումը պարտավորեցնող է: Ո՞ւր է հիմա նա: Ո՞ւր է նա Հայաստանի Պետական տոներին: Ո՞ւր է Հայաստանի համար կարևորագույն օրերին՝ «Հայաստանի ձայն» կոչումին արժանացած աղջնակը: Վրաստանո՞ւմ: Փաստորեն, Հայաստանում անցկացվող այդ շոուն Վրաստանից եկած այդ աղջկա համար տրամպլին էր միայն` իր հետագա կարիերայի զարգացման համար: Այդքա՞ն ենք մենք գնահատում մեր փոփ երաժշտությունը: Թեպետ, ինչպես որ գնահատում ենք, այդ գնահատականի համապատասխան էլ արդյունք ենք տեսնում:

– Պետական տոներին սովորաբար նույն խումբն է բեմում լինում` նույն եթերից արդեն «հալումաշ» եղած երգերով: Նույնիսկ կարելի է կռահել, թե ով ումից հետո է երգելու: Ձեզ դո՞ւր է գալիս նմանատիպ մոտեցումը:

– Ճիշտ է, ես այդ համերգներին երգում եմ, սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ տրամաբանությամբ են կազմակերպվում պետական համերգները: Թե տանն ով ի՞նչ է սիրում լսել, թող տանն էլ լսի: Բայց պետական համերգները բարձր ճաշակով և մակարդակով է պետք կազմակերպել:

Shushan-Serj (4)

– Ի՞նչ առաքելություն ունեիք կատարելու ԱԺ-ում, որ որոշեցիք դառնալ պատգամավոր: Ի՞նչը Ձեզ մղեց այդ քայլին:

– Որպես արվեստից քիչ թե շատ հասկացող մարդ՝ վստահ էի և վստահ եմ, որ կարող եմ բարձրաձայնել արվեստի ոլորտին վերաբերող խնդիրներ, հարցեր: Եվ, ինչո՞ւ ոչ, նաև լուծումներ տալ շատ հարցերի` արվեստին վերաբերող, իհարկե: Որպես Գեղարվեստի ակադեմիան ավարտած մարդ, որպես երաժշտություն ներկայացնող մարդ՝ ցանկացա ուղղակի ներկա գտնվել Ազգային ժողովում՝ որպես մշակույթի ներկայացուցիչ:

– Ձեր առջև տեսնո՞ւմ էիք կոնկրետ խնդիրներ, որոնք շտապ լուծումներ էին պահանջում: Եվ, որ միայն Դուք կարող էիք լուծել այդ խնդիրները: Ազգային ժողովում Ձեր գտնվելն ինչ-որ կերպ ազդե՞ց արվեստին վերաբերող խնդիրների լուծմանը:

– Ինչո՞ւ միայն ես: Որևէ մեկը, ով գտնվում է Մշակույթի հանձնաժողովում և տիրապետում է ոլորտին, կարող է և պարտավոր է բարձրաձայնել մշակույթին վերաբերող խնդիրների մասին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հարց բարձրացրեցի, որը, ավաղ, չլուծվեց, ուղղակի ժամանակավոր լուծում ստացավ. Օրինակ՝ նկարիչների արվեստանոցների հարցը: Նախ՝ ասեմ, որ աշխարհում միայն մենք ունենք նման «հրաշալի» օրենք. Հայաստանի Հանրապետությունում այն նկարիչները, ովքեր ժամանակին չեն սեփականաշնորհել իրենց արվեստանոցները, հարկվում են պետությունից հավասարաչափ` ինչպես խաղատներն ու սուպերմարկետները: Խնդրի լրջությունը հասկանալու համար պետք է լինել նկարիչ կամ գոնե մոտիկից ծանոթ լինել ոլորտին:

– Ի՞նչ ասել է՝ օրենքի ժամանակավոր լուծում:

– Այս տարի իմ առաջարկից հետո, երբ ես շատ աղմկեցի այդ հարցով, մեզ ընդառաջեց մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս տարի հարկերի այդ ամբողջ գումարն իր վրա վերցրեց մեր քաղաքապետարանը:

Shushan-Serj (3)

– Արվեստին վերաբերող հրատապ հարցերի լուծման նպատակով Ազգային ժողովում գտնվող Շուշան Պետրոսյանի մոտ երբևէ լինո՞ւմ է հերոսանալու ցանկություն:

– Ի՞նչ հերոսանալու մասին է խոսքը: Հարցեր բարձրացնել ու խնդիրներին լուծումներ տալը, ի վերջո, համարձակության հարց է, սրտացավության հարց է: Ես գիտեմ, որ մշակույթի ասպարեզում շատ են մարդիկ, որոնք իսկապես կուզեն լավ բաներ անել արվեստի զարգացման համար: Բայց պարզապես ուզելն ու մի գավաթ սուրճի շուրջ հեղափոխություններ անելն այլ բան է, կոնկրետ քայլեր ձեռնարկելը կոնկրետ խնդրի լուծման հարցում՝ բոլորովին այլ: Սակայն, երբ մեկը համարձակություն է ունենում և կոնկրետ աշխատանք է կատարում, լավ կլինի, որ այդ նույն սուրճի բաժակի շուրջ հեղափոխություններ կատարողները, խանգարելուց ու փնովելուց բացի, հերոսանալու այլ տարբերակներ ևս փնտրեին:

– Դուք երբևէ Ձեզ գնահատական տվե՞լ եք, թե ի՞նչ եք կարողացել անել ԱԺ-ում գտնվելու այս երկու տարիների ընթացքում:

– Ես ինձ գնահատական տալ չեմ կարող: Դա թողնում եմ բոլոր այն մարդկանց, ում խնդրանքներին արձագանքել եմ, ում խնդիրներին փորձել եմ լուծումներ գտնել, ում պարզապես օգնել եմ: Իմ կողքին կան պատգամավորներ, որոնք իրենց ամեն ելույթն են ֆիքսում: Ես նրանցից չեմ: Իմ պատմությունը կերտելու համար չեմ եկել ԱԺ: Սեպտեմբերի սկզբին կտեսնեք իմ աշխատանքներից մեկի արդյունքը: Խոսքը Մարտակերտի մշակույթի տան վերաբացմանն է վերաբերում:

Shushan-Serj (2)

– Դա Ձե՞ր նախագիծն է:

– Դա իմ նախագիծն է և միայն իմ նախագիծն է: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում` սահմանամերձ ազատագրված տարածքներում, ակտիվ չէ կյանքը: Եվ, բնականաբար, մեզ համար այնտեղ առաջնայինը մարդաքանակն է, ստեղծել աշխատեղեր, ակտիվացնել մարդկանց կյանքը, նոր շունչ հաղորդել արվեստով… Ես մտածեցի, որ այդ ամենը խառնելով իրար՝ պետք է ստեղծել մի համալիր, որը և՛ կապահովի աշխատանքով, և՛ մասնագետներ կպատրաստի, և՛ կհետաքրքրացնի կյանքը տարածաշրջանում: Եվ պետք է ասեմ, որ այս մեկուկես տարիների ընթացքում բավական հետաքրքիր արդյունքների ենք հասել: Լավ թիմ ունեմ այնտեղ` մարդիկ, ովքեր հավատում են ինձ այնքան, որքան ես եմ նրանց հավատում:

Շենքը 1934 թվին կառուցված շենք է, որը հաղթահարել է ժամանակ և երկու խոշոր պատերազմ: Բնականաբար, ժամանակի և պատերազմների հետքերն այդ շենքի վրա սարսափելի էին: Սակայն արդեն 80 տոկոսով ավարտվել է շենքի թե՛ վերականգնումը, թե՛ դասասենյակների ձևավորումն ու կահավորումը: Պարի խմբակն արդեն իսկ գործում է, քանի որ առաջինը դա ավարտեցինք: Լինելու են արվեստի տարբեր ճյուղեր դասավանդող խմբակներ, դասասենյակներ, 350 տեղանոց դահլիճ: Կերպարվեստի սենյակը կոչելու եմ հայրիկիս անվամբ: Ունեմ պայմանավորվածություն մեր լավագույն նկարիչների հետ, որ գոնե մեկ ամիս հերթով վարպետության դասեր անցկացնեն, մինչև որ այն երիտասարդները, որոնց համար ես հնարավորություն եմ ստեղծել, որ նրանք գեղարվեստի մասնագիտական կրթություն ստանան, ավարտեն և գան արդեն Մարտակերտում դասավանդելու:

– Դուք իսկապե՞ս հավատում եք, որ այդ նախագիծը կօգնի, որպեսզի մարդիկ չլքեն տարածքն ու չարտագաղթեն: Դուք իրո՞ք հավատում եք, որ այսօրվա մեր իրականության մեջ արվեստի մեծ կենտրոնի գոյությունը կկանխի մարդու արտագաղթելու որոշումը, և նա ետ կկանգնի իր այդ մտադրությունից: Դուք հավատում եք, որ հացի խնդիր լուծող արտագաղթող մարդուն հետաքրքրո՞ւմ է արվեստի հետ շփումը:

– Եթե ես գոնե մեկ վայրկյան չհավատայի իմ արած աշխատանքի բարի նպատակին՝ մեկ քայլ անգամ չէի անի այդ ուղղությամբ: Առհասարակ չի կարելի անել որևէ բան` առանց հավատքի: Դա նման է մի մարդու, ով իր լույս աշխարհ եկած առաջին իսկ օրվանից բողոքում է իր կյանքից: Հարց. Էլ ի՞նչ ես ծնվել: Պետք է լավատես լինել և լավատեսությամբ վարակել դիմացինին: Մարդուն հուսահատության գիրկը գցելուց հեշտ բան մեր օրերում դեռ չի հորինվել: Մատաղիսում գրադարան եմ բացել` դաշնամուր եմ նվիրել դպրոցին: Դահլիճին մեծ կապույտ թավշյա վարագույր եմ նվիրել: Մատաղիս, Մարտակերտ, Թալիշ հյուրախաղերի եմ տարել «Մալյան» թատրոնը: Այս ամենն ուղղված է մեծ և բարի նպատակներին:

Shushan-Serj (1)

– Ի՞նչն է ստիպում մարդուն զբաղվել բարեգործությամբ և բարձրաձայնել այդ մասին:

– Մարդ կա՝ անում է դա, քանի որ առանց դրա չի կարող ապրել: Մարդ կա՝ անում է` սեփական պատմությունը կերտելու համար: Ինչ վերաբերում է բարձրաձայնելուն, ապա դուք այդպես էլ չէիք իմանա այդ ամենի մասին, եթե չհարցնեիք: Հարցրեցիք՝ ես պատմեցի:

– Շատերի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի արվեստագետն ԱԺ-ում: Մյուս կողմից՝ իսկ էլ ո՞վ, եթե ոչ՝ արվեստագետը պետք է բարձրաձայնի արվեստի խնդիրների մասին ՝ այնտեղ:

– Բոլոր այն մարդկանց, ում մոտ նման հարցեր են առաջանում, պատասխան հարցով եմ ուզում դիմել: Ունե՞ք լավ տարբերակ: Կրթության, մշակույթի, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովում մշակույթն ո՞վ պիտի ներկայացնի, եթե ոչ՝ մշակույթի մարդը: Մարդ, ով քիչ թե շատ տեղյակ է բնագավառից:

– Երբ Ձեզ քաղաքականությանը վերաբերող հարցեր են ուղղում՝ Ձեր մեջ ապրող արվեստագետը չի՞ խանդում:

– Բնավ, քանի որ ամեն դեպքում՝ իմ մեջ արվեստագետն է խոսում: Արվեստագետ լինելն է, որ անհարիր է համարում որևէ տգեղ միջադեպ, որևէ տգեղ արարք և խոսք:

– Եթե մի պահ պատկերացնենք, որ ԱԺ-ում մեծամասամբ կանայք են, ինչպիսի՞ն կլիներ այն:

– Լավ է, որ այդպես չէ:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս