Էնտերովիրուսներ. Ինչպես պաշտպանվել դրանցից

ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի տնօրեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց էնտերովիրուսի և դրանից պաշտպանվելու եղանակնեի մասին. «Էնտերովիրուսային վարակները նոր բան չեն, բայց այս տարի առաջին անգամ լաբորատոր ախտորոշում ունեցանք և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով` առաջին անգամ հայտնաբերեցինք էնտերովիրուսը: Այս պատճառով չեմ կարող համեմատություն անցկացնել նախորդ տարիների էնտերովիրուսային մենինգիտների և այս տարվա մենինգիտների միջև: Մենինգիտներ ունեցել ենք, բայց արդյո՞ք դրանք հարուցված են եղել էնտերովիրուսներով` չենք կարող ասել»:

Բանախոսը նշեց Էնտերովիրուսի այն առանձնահատկությունները, որոնք խանգարում են պայքարի միջոցառումներ կազմակերպել և սպեցիֆիկ կանխարգելում ստեղծել, ինչպիսին պատվաստանյութն է:

«Միակ վիրուսն է, որ մարդու մոտ կարող է առաջացնել առողջ վիրուսակրություն և որևէ կլինիկական ախտանիշ չարձանագրվի: Սա համաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր է, որովհետև մարդը հիվանդության նշաններ չունի, բայց վարակը կարող է արտազատել, տարածել շրջապատում:

Հիվանդ մարդը և առողջ վիրուսակիրը վարակը կարող են տարածել ցանկացած ճանապարհով: Սա ևս դժվարություն է առաջացնում պայքարի միջոցառումները կազմակերպելու առումով, որովհետև մենք չգիտենք, թե տվյալ պահին վարակման որ մեխանիզմի հետ գործ ունենք: Արդյոք այն փոխանցվել է բերանի խոռոչո՞վ` ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային շփումներո՞վ, թե՞ շնչառական օրգաններով` օդա-կաթիլային կամ փոշու միջոցով:

Կարդացեք նաև

Էնտերովիրուսը շրջապատում բավականին կայուն է. 2-3, որոշ դեպքերում` 4 ամիս , շրջակա միջավայրում` ջրերում, ջրամբարներում կարող է գոյատևել` առաջացնելով հիվանդություններ: Սա ևս դժվարեցնում է պայքարի միջոցառումները ժամանակին և արմատական իրականացնելու համար»:

Խոսելով այս տարվա ընթացքում վիրուսի սրացման դեպքերի մասին` Գայանե Սահակյանն ասաց, որ այս տարի ամբողջ աշխարհում էնտերովիրուսային վարակների աշխուժացման տարի է. « Հայաստանում աշխուժացում նկատվեց հունիս ամսվա առաջին շաբաթների ընթացքում, հետագայում դեպքերի գրանցումն ավելի հաճախակի դարձավ. օրական նույնիսկ մինչև 19 հոսպիտալացում էինք ունենում: Այսօր դիտվում է որոշակի նվազման միտում` օրական 7-9 հոսպիտալացում:

Ռիսկի խումբ են կազմում` վաղ տարիքի և դպրոցահասակ երեխաները: Կլինիկական դրսևորումը սկսվում է բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, փսխումով, որոշ երեխաներ պարանոցի շրջանում մկանների ցավ են նշում, ունենում են անտանելի գլխացավեր, թուլություն: Կլինիկական հսկողությամբ` երեխաներն ապաքինվում են 2-3 օրում, բայց մենք մինչև 5 օր պահում ենք, որովհետև շիճային մինինգիտը կարող է բարդանալ մանրէային մենինգիտով (թարախային), հետո նոր դուրս են գրվում: Մեկ ինֆուզիոն թերապիան, այսինքն` հեղուկների ներարկումը, մեկ սիստեման, որոշ դեպքերում` 2 սիստեման բավարար են, որ երեխան բուժվի:

Մեզ մոտ երեխաներն ունենում են հիմնականում անտանելի գլխացավ, ինչն էլ հենց անհանգստացնում է ծնողներին: Սա սովորական գլխացավ չէ, ինչից ելնելով` որոշ գրականության մեջ էնտերովիրուսային մենինգիտներն անվանում են «կեղծ միգրեն»:

Հոսպիտալացումները հիմնականում կատարում ենք երեք հիվանդանոցներում` Սուրբ Աստվածամայր, Արաբկիր բժշկական կենտրոն և Նորքի ինֆեկցիոնում: Այսօրվա իրավիճակով մոտ 450 հոսպիտալացում ենք ունեցել»:

Խոսելով շրջակա միջավայրից վարակի թափանցման մասին՝ Գայանե Սահակյանն ասաց. «Մեզ հաճախ հարցնում են՝ արդյոք Սևանի ջրից կարո՞ղ է փոխանցվել Էնտերովիրուսային վարակ: Սևանում մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այնտեղ շեղումներ չկան: Վարակվել կարելի է մայրաքաղաքի ոչ լողալու համար նախատեսված լողավազաններից, որոնք վեգետատիվ նշանակություն ունեն:

Այդ ջրավազաններում ցերեկային ժամերին լողում են երեխաները: Նրանց մեջ կարող են լինել վարակակիրներ, կարող են թռչունները օգտվել այդ ջրավազաններից ու փոխանցել վարակը, գիշերային ժամերին այդ լողավազաններում լողում են տարբեր կենդանիներ, որոնք ևս կարող են վարակակիր լինել: Ծնողները պետք է արգելեն երեխաներին լողալ այդ ջրավազաններում»:

Իսկ առհասարակ վարակից խուսափելոի համար Գայանե Սահակյանը խորհուրդ է տալիս պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը, հետևել հազի և փռշտալու հիգիենային, միրգը և բանջարեղենն օգտագործել հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո միայն:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք պունկցիան (ողնուղեղային հեղուկի վերցման պրոցես) վտանգավոր չէ երեխաների համար, Գայանե Սահակյանը պատասխանեց.

«Մենինգիտի ժամանակ իրական պատկերը տալիս է պունկտատի հետազոտությունը, որից մեր ծնողների մեծ մասը հրաժարվում է: Եթե երեխայի ներգանգային ճնշումը բարձր է, որից առաջանում է գլխացավ, ապա պունկցիայի ժամանակ երեխան միանգամից սկսում է իրեն լավ զգալ, որովհետև ներգանգային ճնշումը իջնում է:

Արտասահմանում պունկցիան անում ու տուն են ուղարկում: Դա որևէ բարդություն չի առաջացնում, ընդամենը բժշկական միջամտություն է, ինչպես սիստեմա միացնելը կամ երակից ներարկում կատարելը»:

Տեսանյութեր

Լրահոս