Պուտինի ղարաբաղյան ավանտյուրան

Օգոստոսի 8-ին կամ 9-ին Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձին-առանձին: Ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «այս շաբաթվա վերջին Սոչիում նշանակված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի, ապա և՝ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը նույն պահին կհայտնվեն նույն վայրում, ապա զրույցի ժամանակ չեն շրջանցի Լեռնային Ղարաբաղի թեման»:

Սա, ըստ էության, եզակի դեպք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գրեթե քսանամյա պատմության ընթացքում, երբ հակամարտող երկրների ղեկավարները միևնույն միջոցառման շրջանակներում հանդիպելու են ոչ թե իրար հետ (թեկուզ միջնորդավորված), այլ երրորդ երկրի ղեկավարին: Հանդիպման այս առանձնահատկությունն ունի ինչպես՝ քարոզչական, այնպես էլ՝ ռազմաքաղաքական նշանակություն, և ծառայելու է ոչ թե հակամարտության կարգավորման, կողմերից որևէ մեկի, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահին:

Քարոզչական առումով Սարգսյան-Ալիև ուղիղ հանդիպման չկայացումն առաջին հերթին՝ ընկալվելու և ներկայացվելու է որպես վկայություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են փաստացի պատերազմում, ու թշնամանքը հասել է այն աստիճանի, որ անգամ երկու երկրների առաջնորդներն իրար հետ խոսելու կառուցողականություն չունեն: Թե ո՞ւմ է պետք այդպիսի ընկալումն ու քարոզչությունը, առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Առաջին հերթին՝ նրան, ով հետևողականորեն (նաև Ադրբեջանի ու Թուրքիայի աջակցությամբ) վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը՝ զուգահեռաբար «տաքացնելով» պատերազմական իրավիճակն այն աստիճանի, որ դրա կանխարգելումը հնարավոր լինի միայն երրորդ կողմի (առանձին կողմի, ոչ Մինսկի խմբի) միջամտությամբ: Այո, այս իրավիճակն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, նրա նախագահ Վլադիմիր Պուտինին, ով փորձում է պարտված դուրս չգալ գոնե Հարավային Կովկասում: Այսինքն՝ փորձում է ոչ միայն պարտված դուրս չգալ, այլ դուրս չգալ ընդհանրապես: Ֆիզիկապես:

Ինչպես մի անգամ Գյումրիում է հայտարարել, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից: Չհեռանալը նշանակում է՝ մնալ Հայաստանում, բայց Հայաստանը, գլոբալ գեոքաղաքական առումով՝ դեռևս Հարավային Կովկաս չէ: Հետևաբար, մնալը՝ մնալ, բայց Ռուսաստանին պետք է նաև ներկայությունն ամրապնդել: Հայաստանի միջոցով, բայց Հայաստանից դուրս: Իմա՝ դեպի Լեռնային Ղարաբաղ: Լայն իմաստով՝ հենց դա է այս շաբաթվա վերջին Սոչիում կայանալիք հանդիպման գլխավոր խնդիրը: Պուտինի խնդիրը: Այսինքն՝ հանդիպումն այդ կազմակերպվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Ռուսաստանի համար: Չնայած, որ իրականում ժամ առաջ այդ հանդիպումը, Սարգսյան-Ալիև ուղիղ հանդիպումը հավասարապես պետք է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Առաջին հերթին՝ երկու կողմերում զոհվող երիտասարդների կյանքը փրկելու համար: Բայց դա պետք չէ Ռուսաստանին, քանի որ, որքան մեծանում է երկու կողմերից զոհվող երիտասարդների թիվը, այնքան «բարձրանում է» իր միջնորդական առաքելության կշիռը:

Ռուսաստանին առայժմ հաջողվում է հասնել իր նպատակին: Առնվազն Սարգսյան-Ալիև ուղիղ հանդիպումը տապալելու մասով: Այս նույն օրերին, ինչպես հայտնի է, նման հանդիպում ցանկանում է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Օլանդը (իմա՝ Արևմուտքը), որը, փաստորեն, ձախողվեց: Իրավիճակն այսպիսով հանգում է հետևյալին. Արևմուտքը ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուղիղ հանդիպում, որն առնվազն կարող էր ծառայել ռազմական գործողությունների դադարեցմանն ու հրադադարին վերադառնալուն ուղղված քայլերի կատարմանը, սակայն Ռուսաստանը դա թույլ չտվեց:

Բայց թույլ չտալը միջանկյալ նպատակ էր, այլապես Պուտինը երկու նախագահներին չէր հանդիպի առանձին-առանձին: Թե ի՞նչ խնդիր է լուծվելու այդ հանդիպումների ընթացքում, միանշանակ դժվար է ասել: Բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է՝ ընդհանուր առմամբ խնդիրը ձևակերպվելու է հետևյալ կերպ՝ «Կամ ռուս խաղաղապահներ Լաչինում, կամ պատերազմ»:

Ըստ ամենայնի՝ հենց այս երկընտրանք-պարտադրանքն է փոխանցելու Պուտինը Սարգսյանին ու Ալիևին: Ընդ որում, հաշվի առնելով հանդիպումների հաջորդականությունը, առաջինը, ինչպես ասել է Լավրովը, կայանալու է Պուտին-Սարգսյան հանդիպումը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանից ինչ-որ պատասխան ստանալուց հետո Պուտինն այն փոխանցելու է Ալիևին, ում հետ, ըստ ամենայնի, վերջին «ջերմացման» շրջանակներում նախապես հասցրած է լինելու զրուցած-պայմանավորված լինել:

Այսինքն՝ Պուտինը Սերժ Սարգսյանին փոխանցելու է ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ ռուսական, որքան՝ ռուս-ադրբեջանական առաջարկ, որին տրված պատասխանից էլ կարող է կախված լինել՝ կշարունակվե՞ն սահմանային միջադեպերը՝ վերածվելով պատերազմի, թե՞ կողմերը կվերադառնան հրադադարի ռեժիմին՝ արդեն այլ «վերահսկողներով»: Ի՞նչ կպատասխանի Սերժ Սարգսյանը Պուտինին/Ալիևին: Հնարավո՞ր է արդյոք, որ նա մերժի Պուտինի «բարեկամական առաջարկը»: Տեսականորեն՝ գուցե: Գործնականում՝ հազիվ թե: Համենայնդեպս, Հայաստանի կյանքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն ըստ էության չկարողացավ մերժել Պուտինի անակնկալ «առաջարկը»:

Տեսանյութեր

Լրահոս