«Կարկառ» պեղավայրում աշտարակ–դիտակետ է բացվել

Հնագիտական աշխատանքների ժամանակ «Կարկառ» պեղավայրում բացվել է աշտարակ–դիտակետ, որի ընդհանուր տրամագիծը կազմում է 6.20 սմ, պատերի հաստությունը 1.30 սմ է:

Պատերը շարված են միջին չափի քարերով, գրեթե չպահպանված կրաշաղախով: Աշտարակի ներսում հատակի մի մասը նույնպես կրաշաղախով սվաղված էր, որի վրա ակնհայտ երեւում էր փայտածուխի ու մոխրի շերտ, որը հավանաբար որպես օջախ էր ծառայում:

Աշտարակն ունի երկու մուտք, ինչը, ինչպես նշեց հուշարձանը պեղող հնագետ Գ. Սարգսյանը, եզրակացնել է տալիս, որ աշտարակն ունեցել է գործառնական երկու շրջան: Առաջին շրջանում ծառայել է, որպես դիտակետ: Հավանաբար երկրորդական կիրառման ժամանակ առաջին մուտքը փակվել է եւ բացվել երկրորդը:

Հայտնաբերված խեցեղեն նյութը, նախնական տվյալներով, ուշ անտիկ, կամ վաղ միջնադարյան է: Աշտարակի ներսում իրականացված ուսումնասիրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք: Թաղումն ակնհայտորեն քրիստոնեական չէ, թաղված է հյուսիս-հարավ ուղղությամբ, գլուխը հարավից, աջ ձեռքը դրված կրծքին, ձախը գոտկատեղին, անմիջապես արեւմտյան պատի տակ: Տղամարդու կմախք է, հասակը` 170 սմ: Տարօրինակն այն է, որ կմախքն ուղեկցող նյութ չուներ: Սա փաստորեն երկրորդ մարդկային մնացորդների հայտնաբերումն էր պեղավայրում, առաջինը երեխայի կմախք էր:

3076

Գ. Սարգսյանը նաեւ նշեց, որ հրավիրել է համապատասխան մասնագետի, ով հավանաբար ԴՆԹ անալիզի միջոցով կկարողանա հստակ փաստագրել կմախքի ժամանակաշրջանը:

Հիշեցնենք, որ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ կազմակերպությամբ, «Կարկառ» հնավայրի 2014 թ. հնագիտական պեղումները սկսվել են սույն թվականի հուլիսի 3-ին՝ հնագետ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ: Պեղումները շարունակվում են։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս