Բաժիններ՝

ՍԱՊԾ-ն արտադրողին պահում է իրավազրկում է. Ձկնաբույծների միության նախագահ

Մեր զրուցակիցն է Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

 

– Պարոն Աթոյան, այսօր ձկնաբույծներն ի՞նչ խնդիրներ ունեն:

– Խնդիրը, որի մասին ես կուզեի խոսել, կապված է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատանքի հետ: Վերջին շրջանում ես 11 անգամ նամակով դիմել եմ ՍԱՊԾ պետին և իմ բարձրացրած հարցերից ոչ մեկը չի բավարարվել, 2-ին տրվել է վերացական պատասխան: Երբ հարցը չի լուծվում կամ չի հիմնավորվում, թե ինչու չի լուծվում, ուրեմն դա պատասխան չէ: Տեղեկատվության մասին օրենսդրությունը և Սահմանադրությունը պարտադրում են, որ անձն իրեն վերաբերող տեղեկությունների վերաբերյալ պատասխան ստանա: ՍԱՊԾ-ն հետադարձ փաստաթուղթ է ձևակերպում, որ իբրև թե պատասխանել են, բայց հարցը չի լուծվում: Եվ պարզ չէ, թե ինչու չի լուծվում: Օրինակ՝ առնետների դեմ պայքարի պահանջ են դնում, բայց դաշտային պայմաններում ինչպե՞ս պետք է առնետների դեմ պայքարեն, կամ պահանջում են կենդանի ձկան վաճառքի կետ փոխադրման ժամանակ մեքենան սառնարանային համալիրով ապահովել: Իրենք ցուցումներ չեն տալիս, միջոցառումների հստակ պայմաններ, մեխանիզմներ չեն առաջադրում և պահանջում են: Աշխատում են այնպես, ինչպես իրենց քմահաճույքն է թելադրում:

 

– Դա վնասո՞ւմ է արտադրողին:

– Միանշանակ վնասում է, որովհետև երբ օրենքը գրվել է, նախատեսվել է և´ արտադրղի, և´ սպառողի, և´ սննդի անվտանգության կանոնների պահպանության գործառույթներ: Եթե տնտեսվարողից պահանջում են մի բան, որ նախատեսված չէ գործընթացի իրականացման համար, ուրեմն ի՞նչն է նպատակը: Սառնարանային համալիրը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք վերամշակում են ձուկը: Բայց եթե կենդանի է տեղափոխվում, ինչի՞ համար է սառնարանային համակարգը: Պետք է կենդանի ձկանը սառեցնի՞ մեքենայի մեջ:

Արմաշում դեպք կա, երբ ՍԱՊԾ տեսուչները չեն գնացել տնտեսություն, այլ փաստաթղթերն են ուղարկել ու 100 հազար դրամի տուգանք են գրել, ասել են, թե մի մեծ գումար չէ, թող ստորագրի փաստաթղթերը և վճարի:

 

– Եվ արտադրողը վճարե՞լ է:

– Այո: Արտադրողին ասում ենք հայտարարություն տուր, կամ դիմում գրիր, պատասխանում է, որ վախենում է և եթե այդ հարցը կարգավորենք, ՍԱՊԾ-ն այլ կերպ վրեժ կլուծի: ՍԱՊԾ-ն արտադրողին պահում է ինֆորմացիոն քաղցի մեջ, իրավազրկում է, որովհետև արտադրողը չգիտի, տեղեկացված չէ իր իրավունքների մասին:Իսկ երբ ես եմ իրազեկման նախաձեռնություն սկսում, ինձ հետ առճակատման մեջ են մտնում, հրավիրում են ոստիկանություն, գաղտնի գործողություններ են կատարում, պահանջում են փաստաթուղթ, որ իմ ներկայությունն ապահովելու համար պարտադիր հանգամանք չի հանդիսանում, օրինակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ սահմանադրության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության պահանջների համաձայն, երբ ես ներկայանում եմ միության անդամների պաշտպանության հետ կապված քննարկումներին, ինձ համար նոտարական կարգով հաստատված լիազորագիր չի պահանջվում, ուղղակի մեր միության անդամը պետք է լիազորի՝ առանց նոտարական վավերացման: Բայց, օրինակ, փետրվարին ոստիկանության միջամտությամբ փորձեցին ինձ դուրս հրավիրել և թույլ չտալ ներկա գտնվել միության անդամին առնչվող խնդրի քննարկմանը: Արդյունքում 100 հազար դրամ անտեղի տուգանք են նշանակում տնտեսվարողի նկատմամբ: Այդ ծառայությունը միայն ակտ է կազմում ու պահանջում թերությունները վերացնել, բայց չի նշում՝ ինչպես վերացնել, այսինքն՝ նրանք օրենք են խախտում: Նրանք ոչ միայն վերստուգող, վերահսկիչ մարմին են, այլև նախաձեռնություններ իրականացնող մարմին են, պետք է սահմանեն խախտումները բացառող միջոցառումները և հետո գնան ստուգման: Այս մեխանիզմն ամբողջ աշխարհում գործում է, միայն մեզ մոտ չի գործում: Ստացվում է, որ պետական կառույցն իր իրավունքները չարաշահում է՝ խախտելով տնտեսվարողի սահմանադրական իրավունքը: Տնտեսվարողին պետք է փայփայել, գուրգուրել, որ նա կարողանա հարկեր վճարել ու բյուջեն լցնել: Այս պայմաններում մենք դժվարանում ենք մեր տնտեսվարողների շահերի պաշտպանությունն իրականացնել, իսկ երբ գրավոր դիմում եմ ՍԱՊԾ պետին, նրա պատասխանները ինքնագովեստ են միայն: Այնպիսի մի անհեթեթ պատասխաններ է տալիս, որ ստիպված եմ կառավարությանն առաջարկել նրան հոգեբանական փորձաքննության ենթարկել: Ինչպես կարելի է չհասկանալ, որ մարդու սահմանադրական իրավունքը՝ տեղեկացված լինելու իրավունքն են խախտում: Նրան ինչպե՞ս են դրել այդ բարձր աթոռին,  ճակատին գրվա՞ծ է, որ պետք է լինի ՍԱՊԾ պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս