«Որ ասեր Հռոմի պապն է, խաչակնքելո՞ւ էիր». Շանթ Հարությունյանի գործով հարցաքննվում են ոստիկանները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այժմ շարունակվում է գործով տուժողների հարցաքննությունը:

Դատարանում հարցաքննվեց ոստիկան Ազիզ Միրզոյանը, ով հայտնեց, որ ամբաստանյալներին նախկինում չի ճանաչել: Նա նշեց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին ծառայություն է իրականացրել, շրջագայել է օպերայի տարածքում: Ապա պայթյուններ են լսվել, մուխ է եղել, ծխից աչքերն արցունքներ են լցվել, մինչև դրանք մաքրել է, տեսել է խառնաշփոթ, լսել «միլիցա ա, խփեք»:

Որպես տուժող ներգրավված տուժող ոստիկաններից մեկը ևս նույնաբովանդակ ցուցմունք տվեց՝ նշելով, որ հայհոյանքներ է լսել, ծուխ է տեսել: Տուժողը ևս հայտնեց, որ ծխից աչքերն են մրմռացել:

Տուժող ճանաչված ոստիկանն ասաց, որ նկատել է՝ ինչպես են փայտերով հարվածել քաղաքացիական հագուստով մի անձի, ով ոստիկան է եղել: Դատավարության մասնակիցներից հարցին պատասխանելով՝ տուժողն ասաց, որ այդ անձը փաստաթուղթ ցույց չի տվել, ասել է, որ ինքը ոստիկան է: Տուժողի խոսքով՝ ինքը ոստիկաններից լսել է մայթ բարձրանալու կոչեր:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է տուժողը 20 մետրից լսել նման հորդորներ, երբ գործողությունները 5 մետրից նկարահանած տեսախցի ֆիքսած տեսանյությում նման բան չի լսվում: «Կամերայի խնդիրն ա»,- ի պատասխան ասաց տուժող ոստիկանը: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ասաց նաև, որ ըստ տուժողի՝ վերջինս հասկացել է, որ քաղաքացիական հագուստով անձը ոստիկան է, քանի որ նա է ասել դրա մասին: «Հիմա որ ասեր Հռոմի պապն է, խաչակնքելո՞ւ էիր»,- հարցրեց ամբաստանյալը:

Տեսանյութեր

Լրահոս