4 կանայք մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 4 կանայք մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. նրանցից երեքը դատապարտվել են որոշակի ժամկետով ազատազրկման, մեկը՝ տուգանքի:

18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով երկու անձի հետ բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազորի, Ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվել անձնական զննման, և իր մոտ եղած ածելիով առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ` վնասելով նրա աջ դաստակը, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

26-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով երկու անձանց հետ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպեր-լիազորի, Ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվել անձնական զննման, և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո հետապնդել է ոստիկաններին՝ հարկադրելով նրանց Ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս):

22-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, երկու անձանց հետ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազորի, Ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվել անձնական զննման, և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո հետապնդել է ոստիկաններին` հարկադրելով նրանց Ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել ( ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս):

40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով վերևում նշված երեք անձանց՝ Ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո, մուտք է գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազորի, Ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իր մոտ եղած ածելիով, բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել է ածելիով վնասել ոստիկաններից մեկի դեմքը, հետապնդել է նրան և մեկ այլ ոստիկանի` հարկադրելով նրանց Ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս):
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունները ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ։
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։

Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքում դրված ապացույցները՝ գտել է, որ ամբաստանյալները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, որոնց համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, դատարանը հաշվի է առել նրանց կատարած հանցագործությունների՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրանց անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։

Որպես 18-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, նրա խնամքի տակ է գտնվում երկու տարեկան երեխան։
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ՝ դատարանը հաշվի է առել նրա երիտասարդ տարիքը և նախկինում դատապարտված չլինելը։ Նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են։

Որպես 26-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ է գտնվում ութամյա երեխան, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և նախաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ։ Որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվում հանցագործության ռեցիդիվը։

Որպես 22-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը։
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ՝ դատարանը հաշվի է առնում նրա երիտասարդ տարիքը և նախկինում դատապարտված չլինելը։ Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են։

Որպես 40-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխանները, ինչպես նաև մյուս ամբաստանյալի ութամյա երեխան, նա անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար։ Որպես նրա անձը բնութագրող տվյալ՝ դատարանը հաշվի է առնում այն, որ նա համարվում է դատվածություն չունեցող։

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են։

18-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման։
26-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 տարի 6 ամիս ժամկետով։

22-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով։

40-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 450.000 դրամի չափով։

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` մեկամսյա ժամկետում:

Տեսանյութեր

Լրահոս