Avaaz.org կայքում մեկնարկել է ստորագրահավաք` ի պաշտպանություն հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի

Avaaz.org կայքում մեկնարկել է ստորագրահավաք` ի պաշտպանություն հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարությունը, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, կոչ է անում ազատ արձակել Լևոն Հայրապետյանին` համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի:

«Լևոն Հայրապետյանը տարեց մարդ է, որ տառապում է շաքարախտով և վերջերս կաթված է ստացել: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նա չի կարող մնալ կալանավայրում, նրան անհրաժեշտ է մշտական բժշկական օգնություն, որը նրան կարող է տրվել միայն ազատության պայմաններում:

Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք ՌԴ Քրեական օրենսգրքում որոշ լրացումներ կատարվեցին, համաձայն որի, արգելվում է կալանքի վերցնել մարդուն, ով տնտեսական բնույթի հանցագործություն է կատարել իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում: Այդ փոփոխություններն ազդում են Հայրապետյանի գործի վրա: Աշխարհի բոլոր երկրներում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ճանաչվել և նրան ձերբակալում են բացառապես ծայրահեղ իրավիճակներում:

Հայրապետյանից կարելի էր քաղաքից չբացակայելու թուղթ վերցնել և ազատ թողնել, սակայն նրան ձերբակալեցին` չունենալով որևէ հիմք, բացի այն ծիծաղելի պնդումներից, որ նրան է պատկանում «Զրուցակից» թերթն ու դրա շնորհիվ նա կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա:

Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայրապետյանը, ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, որը նրա համար դարձել է երկրորդ հայրենիք: Տարիներ շարունակ նա ջանք չի խնայել երկու երկրների բարեկեցության համար և հանդիսանում է երկու ժողովուրդների բարեկամության կարևորագույն օղակներից մեկը»,- ասված է հայտարարության մեջ:

Վերոնշյալ հայտարարության տակ արդեն ստորագրել է 4072 մարդ:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

Տեսանյութեր

Լրահոս