Ինչով է դատարան ապացուցված համարել մեղքը. Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատապարտվեց 6 տարի ժամկետով: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվելու է 2013 թ. սեպտեմբերի 20-ից: Դատարանը վճռել է Վոլոդյա Ավետիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2000 դոլարին համարժեք 814.260 դրամ՝ «որպես հանցավոր ճանապարհով ստացված գումար»:
Հուլիսի 17-ին դատավոր Լևոն Ավետիսյանը հրապարակեց դատարանի վճռի եզրափակիչ մասը: Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի վճիռն ամբողջությամբ:

Ինչում էին մեղադրում Վոլոդյա Ավետիսյանին
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր` որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդուն՝ Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013 թ. հուլիսի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի` 500 դոլար գումար: Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր` որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակիչ Հենրիկ Զաքարյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե որոշ պաշտոնատար անձանց միջոցով կարող է 5000 դոլար գումարի դիմաց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատել նրա թոռանը` Հենրիկ Հարոյանին, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղու վրա Հենրիկ Զաքարյանից վերցրել է խոշոր չափերի՝ 2000 դոլար գումար և հափշտակել այն` գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 5-րդ կետեր):

Ինչով է դատարանն ապացուցված համարել մեղքը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության և դատաքննության ժամանակ, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Կարդացեք նաև

Ըստ դատարանի՝ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.

1. Վկա Հենրիկ Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր դուստրը` Լուսինեն, ընտանիքի հետ միասին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նրա որդին` Հենրիկ Հայկազի Հարոյանը, 2013 թ. աշնանը պետք է զորակոչվեր ՀՀ զինված ուժեր: 2013 թվականի ամռանն իրեն զանգահարել են Լուսինեն և նրա ամուսինը՝ Հայկազը, փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարն ու ասել, որ զանգահարի այդ հեռախոսահամարով, հանդիպի Վոլոդյա Ավետիսյանի հետ: Թոռը երկու անգամ ավտովթարի է ենթարկվել և գլխի, դաստակի, ոտքի, երիկամների հետ կապված խնդիրներ ունի: Ինքը զանգահարել և հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ Էջմիածին քաղաքում: Վոլոդյա Ավետիսյանն իրեն ասել է, որ եթե տղան իսկապես հիվանդ լինի, նա առանց դժվարության կազատվի զինծառայությունից կամ ծառայության կուղարկվի բնակավայրին մոտ գտնվող զորամասերից մեկում:

2013թ. օգոստոսի սկզբին թոռը` Հենրիկ Հարոյանը, վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ նրա հայրը 2000 դոլար գումար է ուղարկել իրեն: 2013 թվականի օգոստոսի կեսերին թոռների` Հենրիկ և Գրիգոր Հարոյանների հետ գնացել է Էջմիածին քաղաք, մի կամուրջի մոտ հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին ու նրան է տվել 2000 դոլար գումար: Երբ վերադարձել են տուն, հիշել է, որ թոռան տվյալները չի փոխանցել Վոլոդյա Ավետիսյանին: Զանգահարել է նրան ու հայտնել այդ մասին, ապա թելադրել է թոռան` Հենրիկ Հարոյանի տվյալները:

Ինքը Վ.Ավետիսյանի հետ հեռախոսակապ է պահպանել։ Մեկ անգամ էլ ինքը թոռան՝ Հենրիկ Հարոյանի հետ Վոլոդյա Ավետիսյանին հանդիպել է Գյումրի քաղաքում, ով թոռից հետաքրքրվել է առողջական խնդիրների մասին: Ինքն այդ գումարը տվել է՝ թոռանը մոտ զորամասում ծառայության նշանակելու հարցում աջակցելու համար, քանի որ թոռն առողջական լուրջ խնդիրներ ունի, իրենք էլ տարեց մարդիկ են, չէին կարող գնալ-գալ, իսկ հայրն ու մայրը Հայաստանում չեն:

Վոլոդյա Ավետիսյանն իրենից պահանջել և ստացել է 2000 դոլար գումար, որպեսզի սկսվի բժշկական հետազոտությունների և բժշկական փաստաթղթերի ձևակերպման գործընթացը: Հայտնել է, որ ինքը Վ.Ավետիսյանին չի դիմել իր թոռանը ծառայությունից ազատելու հարցով: Վոլոդյա Ավետիսյանը վերցված 2000 դոլար գումարով պետք է աջակցեր թոռանը հիվանդանոցում տեղավորելու, նրան հետազոտելու հարցում և այդ արդյունքները հետագայում օգտագործեր թոռանն իրենց բնակավայրին մոտ զորամասում ծառայության նշանակելու հարցում:

Նախաքննության ժամանակ Հենրիկ Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դուստրը` Լուսինեն, ընտանիքի հետ միասին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, նրա որդին` Հենրիկ Հարոյանը, ծնվել է 1995 թվականին և 2013 թ. աշնանը պետք է զորակոչվեր ՀՀ զինված ուժեր: 2013 թվականի ամռանն իրեն զանգահարել են Լուսինեն և նրա ամուսինը՝ Հայկազը, փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարն ու ասել, որ զանգահարի այդ հեռախոսահամարով, հանդիպի Վոլոդյա Ավետիսյանի հետ ու տեղեկանա, թե որքան գումարով նա կարող է թոռանն ազատել զինվորական ծառայությունից, քանի որ թոռը երկու անգամ ավտովթարի է ենթարկվել և գլխի, դաստակի, ոտքի, երիկամների հետ կապված խնդիրներ ունի:

Ինքը զանգահարել և հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ Էջմիածին քաղաքում ու հետաքրքրվել, թե կարո՞ղ է արդյոք նա օգնել իր թոռանը զինվորական ծառայությունից ազատվելու հարցում: Դրա համար Վոլոդյան պահանջել է 5000 դոլար գումար, որից 2000 դոլար գումարը՝ սկզբում, իսկ մնացածը՝ գործի վերջում: Դստեր և փեսայի հետ հեռախոսով զրուցելուց հետո Վոլոդյա Ավետիսյանին ասել է, որ համաձայն է, սակայն հաշվի առնելով թոռան առողջական վիճակը, նրան այդ գործի համար նախատեսել է տրամադրել ընդամենը 2000 դոլար: 2013 թ. օգոստոսի սկզբին թոռը` Հենրիկ Հարոյանը, վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ նրա հայրը 2000 դոլար գումար է ուղարկել իրեն: Այդ մասին տեղեկացրել է Վոլոդյա Ավետիսյանին: Մի քանի օր անց վերջինս զանգահարել ու պահանջել է 2000 դոլար, որի մասին նա հեռախոսազրույցի ընթացքում իրեն ասել է, որ երկու տուփ սուրճ պետք է տա նրան: 2013 թ. օգոստոսի կեսերին թոռների` Հենրիկ և Գրիգոր Հարոյանների հետ գնացել է Էջմիածին, մի կամրջի մոտ հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին ու նրան տվել 2000 դոլար գումար` ծրարի մեջ դրված:

Երբ վերադարձել են տուն, հիշել է, որ թոռան տվյալները չի փոխանցել Վոլոդյա Ավետիսյանին: Զանգահարել է նրան ու հայտնել այդ մասին, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել է, որ կարծել է, թե տվյալները թղթի վրա գրված և ծրարի մեջ դրված են: Դրանից հետո թելադրել է թոռան` Հենրիկ Հարոյանի տվյալները: Վոլոդյա Ավետիսյանն իրենից պահանջել և ստացել է 2000 դոլար գումար, որպեսզի սկսվի բժշկական հետազոտությունների և բժշկական փաստաթղթերի ձևակերպման գործընթացը: 2013 թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում թոռան՝ Հենրիկ Հարոյանի հետ հանդիպել են Վոլոդյա Ավետիսյանին, որը թոռից հետաքրքրվել է առողջական խնդիրների մասին և հայտնել, որ զբաղվում է զինվորական ծառայությունից նրան ազատելու հարցով:

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքի հակասության հետ կապված՝ Հենրիկ Զաքարյանը հայտնել է, որ ծառայությունից ազատման համար ոչ մի խոսք չի եղել։ Ճիշտ է, խոսել են, որ հիվանդությունների հետ կապված՝ ազատվի, բայց իրենք ազատելու համար գումար չեն առաջարկել, այլ միայն մոտ տեղ ծառայելու համար։ Խոսակցություն գնացել է, բայց իրենք չեն համաձայնել, որպեսզի թոռն ազատվի զինվորական ծառայությունից։ Գումարը Վոլոդյային է տվել հիվանդանոցի ծախսերի և թոռանն իրենց բնակավայրին մոտ զորամասում տեղավորելու համար։ Չեն ուզել ազատել, դա է ճիշտը։ 5000 դոլարի հետ կապված՝ խոսակցություն եղել է, եթե թոռան ծնողները համաձայնեին, բայց ծնողները չեն համաձայնել: Ինքը Վ. Ավետիսյանին ասել է, որ պետք չէ ազատել, թող գնա ծառայի։ 2000 դոլարը տալուց հետո հանդիպել են, և ինքն այդ ժամանակ էլ ասել է, որ չեն ուզում ազատել։ Իրենց նպատակը եղել է միայն երեխային մոտ տեղ տեղավորելը։ Ինքը դա կաշառք չի համարում։ Հետո է տեղեկացել, որ դա կաշառք է։ Ամբաստանյալի նկատմամբ ինքը ոչ մի պահանջ չունի։

2. Վկա Զոյա Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր դուստրերից Լուսինե Հարոյանը 2011 թվականի հունիսից ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում: Լուսինեն կամ նրա ամուսինը ամռանը զանգահարել են իր ամուսնուն` Հենրիկ Զաքարյանին, հեռախոսահամար փոխանցել և խնդրել, որ այդ համարով զանգահարի զինվորական Վոլոդյա Ավետիսյանին, հանդիպի նրա հետ ու պարզի, թե նա ինչով կարող է օգնել իրենց թոռանը` Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցում: Իր թոռը Մոսկվայում երկու անգամ վրաերթի էր ենթարկվել, մի շարք առողջական խնդիրներ ուներ, այդ թվում նաև՝ գլխի հետ կապված խնդիրներ: Իր ամուսինը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին, զրուցել նրա հետ: Վերջինս խոստացել է օգնել այդ հարցով և դրա համար ինչ-որ գումար է պահանջել:

Նրանց խոսակցության մանրամասնություններին տեղյակ չէ: Գումարի չափի մասին ինքը հետո է իմացել: Լսել է, որ Վոլոդյա Ավետիսյանը 2000 դոլար գումար է ուզել երեխային մոտ զորամասում տեղավորելու կամ զինծառայությունից ազատելու համար: 2013 թ. օգոստոսին թոռը` Հենրիկ Հարոյանը, Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան, քանի որ զորակոչի համար պետք է ներկայանար Գյումրու զինկոմիսարիատ:

2013 թ. օգոստոսի կեսերին ամուսինն ու թոռները` Հենրիկ և Գրիգոր Հարոյանները գնացել են Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման, որի համար ամուսինն իր հետ տանից վերցրել է դստեր ուղարկած 2000 դոլար գումարը: Թե որտեղ են հանդիպել՝ ինքը չգիտի: Այդ գումարը տալու ժամանակ իր թոռներն են ներկա եղել, սակայն իր հարցին պատասխանել են, որ իրենք ավտոմեքենայի մեջ են եղել, իսկ Հ.Զաքարյանը և Վ.Ավետիսյանը հեռվում խոսել են իրար հետ: Հանդիպման վայրն ինչ-որ կամրջի տակ է եղել: Ինքը չի հիշում՝ նրանք երկրորդ անգամ հանդիպե՞լ են, թե՞ ոչ:

3. Նախաքննության ընթացքում վկա Օսաննա Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ծնողների հետ բնակվում է Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում: Քույրը` Լուսինե Հարոյանը, ամուսնացած է Գյումրի քաղաքի բնակիչ Հայկազ Հարոյանի հետ և համատեղ ամուսնությունից ունի երկու որդի: Նրանց ընտանիքը բնակվում է ՌԴ-ում: 2013 թ. ամռան ամիսներին Լուսինեն կամ նրա ամուսինը զանգահարել են հորը և փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը: Միաժամանակ նրանք խնդրել են, որպեսզի հայրը զանգահարի և հանդիպի նրա հետ, պարզի, թե նա ինչով կարող է օգնել քրոջ որդուն` Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցում, քանի որ քրոջ որդին առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 2013 թ. հուլիս ամսին հայրը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին, զրուցել նրա հետ, որից հետո իրենց պատմել է, որ վերջինս խոստացել է օգնել Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից առողջական խնդիրների պատճառով ազատելու հարցում, որի համար ինչ-որ գումար է պահանջել, սակայն գումարի չափը չգիտի: Դրանից հետո հայրը զանգահարել է Լուսինեին և պատմել Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման և նրա հետ ունեցած խոսակցության մասին: 2013 թ. օգոստոսի 4-ին Հենրիկ Հարոյանը ՌԴ-ից վերադարձել է Հայաստան, քանի որ պետք է ներկայանար Գյումրու զինկոմիսարիատ:

2013 թ. օգոստոսի կեսերին հայրը քրոջ որդիների՝ Հենրիկ և Գրիգոր Հարոյանների հետ գնացել է Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման, որտեղ հայրը Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլար գումար է տվել, որպեսզի վերջինս կարգավորի Հենրիկ Հարոյանի զինվորական ծառայությունից ազատվելու հարցը: Դրանից հետո, 2013 թ. սեպտեմբերի 19-ին Վոլոդյա Ավետիսյանը եկել է Գյումրի քաղաք և հանդիպել հոր և Հենրիկ Հարոյանի հետ, որպեսզի ծանոթանա վերջինիս առողջական խնդիրներին: Հաջորդ օրը տեղեկացել է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է` իր հորից խարդախությամբ 2000 դոլար գումար հափշտակելու համար:

4. Նախաքննության ընթացքում վկա Վարդան Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վոլոդյա Ավետիսյանին ճանաչել է 2007-2008 թվականներից, երբ նա նշանակվել է զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ: Վոլոդյա Ավետիսյանի հետ գտնվում է լավ, ընկերական փոխհարաբերությունների մեջ: Տեղյակ է, որ Վ. Ավետիսյանը մարտական ուղի է անցել և լավ ու օրինակելի զինծառայող եղել: 2013 թ. հուլիսի կեսերին կամ վերջերին Վ. Ավետիսյանը զանգահարել է իրեն և խնդրել, որպեսզի ինքն օգնի Շիրակի մարզի բնակիչ մի զինակոչիկի զինվորական ծառայությունից ազատելու հարցում, կամ հետաձգել նրա զինվորական ծառայության զորակոչվելը` երեք տարի ժամկետով: Նրան հարցրել է, թե արդյոք այդ զորակոչիկը որևէ հիվանդությո՞ւն ունի: Վոլոդյա Ավետիսյանից տեղեկացել է, որ երեխան հիվանդություն ունի, սակայն, թե ինչ հիվանդություն` չի նշել: Նա նաև հայտնել է, որ խոսքն ընկերոջ երեխայի մասին է, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և զինվորական ծառայությունից ազատվելու հարցով պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն:

Նրանից հարցրել է երեխայի տվյալները, սակայն նա պատասխանել է, որ դրանք կհայտնի, երբ գործը կստացվի: Չցանկանալով նեղացնել Վոլոդյա Ավետիսյանին, հաշվի առնելով իրենց վաղեմի ընկերական փոխհարաբերությունները և չցանկանալով, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանը մտածի, թե անցել է թոշակի, որի պատճառով չի ցանկանում որևէ կերպ օգնել նրան, սակայն, միևնույն ժամանակ, հասկանալով, որ Վոլոդյա Ավետիսյանն անօրինական գործողություններ է ցանկանում կատարել, նրան ասել է, որ կհետաքրքրվի, թե ով կարող է օգնել այդ հարցով, և ինչով կարող է՝ կաջակցի նրան: Որևէ մեկին նման հարցով չի դիմել և նման մտադրություն չի ունեցել, պարզապես չի կարողացել անմիջապես մերժել Վոլոդյա Ավետիսյանին: Դրանից որոշ ժամանակ անց, իր հիշելով՝ օգոստոսի սկզբին, Վոլոդյա Ավետիսյանը կրկին զանգահարել է իրեն և հետաքրքրվել, թե ինչ նորություն ունի իր խնդրած հարցի մասին: Նրան պատասխանել է, որ այն անձը, ում պետք է հանդիպի այդ հարցով, բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և, երբ վերադառնա, կհայտնի նրան այդ մասին, այդ կերպ ցանկանալով ազատվել Վոլոդյայի զանգերից: Դրանից հետո զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին ու հայտնել, թե երեխայի հարցով գնացել է զինկոմիսարիատ, սակայն այդ անձը դեռ չի եկել Ռուսաստանի Դաշնությունից: Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ հնարավոր է, որ բջջային հեռախոսը լսվում է: Այդ պատճառով նա այլ հեռախոսահամար է տվել, որ ինքը դրանով զանգահարի նրան:

Որոշ ժամանակ անց Վ. Ավետիսյանը զանգահարել է և ասել, որ կոդերով խոսեն միմյանց հետ, որ եթե նույնիսկ իրենց հեռախոսազանգը լսվի, ապա ոչ ոք չհասկանա, թե ինչի մասին են խոսում: Վոլոդյան իրեն ասել է, որ այն երեխային, որի համար ինքն ասել էր, Ռուսաստանից կանչել է, և նա եկել է Հայաստան: Ինքն էլ իր հերթին՝ նրան ասել է, որ այն անձը, ում պետք է այդ գործով տեսներ ու զրուցեր, դեռ չի եկել և, իբր Սուրբխաչի օրը պետք է վերադառնա: Այդ ժամանակ Վոլոդյան նույնպես կգա, ու կհանդիպեն նրան:

Այդ ժամանակ իրենք խոսել են՝ անձանց հողագործ անվանելով, հնարավորությունները բերքատվություն անվանելով և այլ նմանատիպ արտահայտություններով:
2013 թ. սեպտեմբերի կեսերին Վ. Ավետիսյանը մի քանի անգամ զանգահարել է իրեն, սակայն նրա հեռախոսազանգերին չի պատասխանել, քանի որ բջջային հեռախոսն իր մոտ չի եղել:

Երբ մոտեցել է հեռախոսին և տեսել Վոլոդյայի զանգերը, այդ հարցի շուրջ խոսակցությունները վերջնականապես դադարեցնելու նպատակով՝ Վ. Ավետիսյանին հայտնել է, թե գնում է այն անձին հանդիպելու, սակայն որևէ մեկին չի հանդիպել և որևէ հարցով չի դիմել: Քիչ անց ինքը զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին և հայտնել, թե հանդիպման ժամանակ այդ մարդը հրաժարվել է գործը անել: Ընդհանրապես ոչ ոք նման գործ չի անում: 2013 թ. սեպտեմբերի վերջին իրենց զորամասի սպաներից մեկից տեղեկացել է, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են, սակայն, թե ինչի համար, չի իմացել: Հետագայում հեռուստատեսությամբ` «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ մի անձնավորություն ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանն իր թոռանը զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել է 5000 դոլար, և նա նախնական Վոլոդյային է տվել 2000 դոլար գումար: Իրեն Վոլոդյա Ավետիսյանը որևէ գումար չի առաջարկել նշված երեխային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչից տարկետում տրամադրելու համար: Նման հնարավորություն ինքը չի ունեցել և այդ հարցով ինքը որևէ մեկին չի դիմել:

5. Վկա Ալբերտ Մաթոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ որդին` Արթուր Մաթոսյանը, 2013 թ. հունիսի 28-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության նշանակվել ԼՂՀ տարածքում գտնվող զորամասում՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Մի քանի օր հետո իրենք այցելել են որդուն: Մինչև նրա զորամաս հասնելը շատ դժվարությունների են հանդիպել, քանի որ զորամասը գտնվում էր հեռավոր բնակավայրում: Տեսնելով, թե ինչ պայմաններում է ծառայում իրենց որդին, իրենք փորձել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի որդուն նշված զորամասից տեղափոխեն մեկ այլ, ավելի մոտ գտնվող զորամաս: Իր կինը՝ Անժելա Պողոսյանը, բոլոր բարեկամների և ծանոթների հետ որդու ծառայության վերաբերյալ զրուցելիս՝ լաց է եղել, հուզվել և բողոքել նրա ծառայության վայրից: Նման զրույց է ունեցել նաև իր ուսանողական ընկերուհու՝ Ծովինար Եղոյանի հետ, որի ընթացքում վերջինս ասել է, որ իր մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, զինվորական է, ազատամարտիկ, մեծ կապեր ունի զինվորական հրամանատարության շրջանում, և կդիմի նրան:

Դրանից հետո` 2013թ. հուլիսի 28-ին Ծովինար Եղոյանը զանգահարել է կնոջը և ասել, որ խոսել է Վ.Ավետիսյանի հետ, ու նա կարող է 500 դոլար գումարով կարգավորել որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ինքը հանդիպի Վոլոդյա Ավետիսյանին ու զրուցի նրա հետ:

Հաջորդ օրը՝ 2013 թ. հուլիսի 29-ի առավոտյան, իրենց տան հեռախոսահամարին զանգահարել է Ծովինար Եղոյանը և փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը, որից հետո ինքը զանգահարել է Վ.Ավետիսյանին: Հեռախոսազրույցի ժամանակ Վոլոդյան ասել է, որ ինքը պատրաստված գնա: Նույն օրը ժամը 13-ի սահմաններում օպերայի շենքի մոտակայքում հանդիպել է նրան և զրուցել: Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ խոսել է վերադաս հրամանատարության հետ, և նրանք կարող են իր որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել: Ինքը Վ.Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կարող է որդուն Մատաղիսի զորամասից տեղափոխել Ստեփանակերտ քաղաքի զորամասերից մեկը և այնտեղ համակարգչային օպերատոր նշանակել, ինչին նա պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է, և միայն պաշտպանության նախարարը կարող է լուծել նման հարց: Հանդիպման ժամանակ 500 դոլարի մասին խոսակցություն չի եղել: Վոլոդյա Ավետիսյանի պահվածքից հասկանալով, որ իրենից գումար ստանալու ակնկալիք ունի, ինքը նրան ասել է, որ ի նկատի կունենա նրա առաջարկը, կմտածի այդ մասին: Հանդիպումից հետո վերադառնալով տուն՝ կնոջը պատմել է իր ու Վոլոդյա Ավետիսյանի միջև եղած խոսակցությունը, որից հետո միասին որոշել են չօգտվել նրա ծառայություններից: Նույն օրը կինը զանգահարել է Ծովինար Եղոյանին և ասել, որ Վ.Ավետիսյանի առաջարկից չեն օգտվի:

Հաջորդ օրը՝ 2013 թ.հուլիսի 30-ին, որդին` Արթուրը, զանգահարել է և ասել, որ նրան Մատաղիսից տեղափոխել և ծառայության են նշանակել Մարտակերտի դիվիզիայում: Հիմա անընդհատ տեղափոխում են շրջաններ, հակատանկային պաշտպանության ծառայություն է իրականացնում: Դրա համար ինքը որևէ մեկին գումար չի տվել, որ իր որդուն տեղափոխեն: Պնդել է, որ ինքը կաշառք չի տվել: Պնդել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

Նախաքննության ժամանակ Ալբերտ Մաթոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ որդին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության նշանակվել ԼՂՀ տարածքում: 2013 թ. հուլիսի 5-ին կնոջ և տղայի ընկերոջ հետ գնացել են որդուն այցելության: Մինչև նրա զորամաս հասնելն իրենք շատ դժվարությունների են հանդիպել, քանի որ զորամասը, որտեղ սկզբում ծառայում էր որդին, գտնվում է հեռավոր բնակավայրում, և զորամաս տանող ճանապարհը դժվարանցանելի է եղել, որի պատճառով ճանապարհը տևել է շուրջ 10 ժամ: Որդին գոհ է եղել իր ծառայությունից և որևէ դժգոհություն ծառայությունից չի ներկայացրել:

Չնայած դրան, երբ վերադարձել են Երևան, շատ են մտահոգվել որդու ծառայության վայրի համար, և կինն անընդհատ տանջվել է, լաց եղել, ու իրենք փորձել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի որդուն նշված զորամասից տեղափոխեն մեկ այլ, ավելի մոտ գտնվող զորամաս: Կինը՝ Անժելա Պողոսյանը, բոլոր բարեկամների և ծանոթների հետ որդու ծառայության վերաբերյալ զրուցելիս՝ լաց է եղել, հուզվել և բողոքել նրա ծառայության վայրից: Նման զրույց է ունեցել նաև ուսանողական ընկերուհու՝ Ծովինար Եղոյանի հետ, որի ընթացքում վերջինս ասել է, որ իր մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, զինվորական է, ազատամարտիկ, մեծ կապեր ունի զինվորական հրամանատարության շրջանում, և կդիմի նրան, որպեսզի օգնի:

Դրանից հետո` 2013թ. հուլիսի 28-ին, Ծովինար Եղոյանը զանգահարել է իր կնոջը և ասել, որ խոսել է Վոլոդյա Ավետիսյանի հետ, ու նա պատրաստ է օգնել և կարող է 500 դոլար գումարով կարգավորել իրենց որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի ինքը հանդիպի Վոլոդյա Ավետիսյանին ու դրա մասին մանրամասն զրուցի նրա հետ: 2013 թ. հուլիսի 29-ին, ժամը 9:30-ի սահմաններում իրենց տան հեռախոսահամարին զանգահարել է Ծովինար Եղոյանը, թելադրել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը, ասել, որ զանգահարի այդ հեռախոսահամարով, պայմանավորվի, նրա հետ հանդիպի օպերայի շենքի մոտակա հրապարակում ու մանրամասն զրուցի որդու ծառայության հետ կապված հարցերով: Ծովինար Եղոյանի հետ զրուցելուց հետո զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին ու նույն օրը ժամը 13-ի սահմաններում Օպերայի շենքի մոտակայքում հանդիպել է նրան և զրուցել: Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ խոսել է վերադաս հրամանատարության հետ, և նրանք կարող են որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել, ու դրա համար ինքը պետք է վճարի 500 դոլար գումար:

Նա նաև նշել է, որ այդպիսի գործը 500 դոլարով չեն կարգավորում, որ նման գործն ավելի թանկ արժի, սակայն նրա գործոնը հաշվի առնելով՝ համաձայնել են 500 դոլարով իր որդուն համակարգչային օպերատոր նշանակել: Ինքը Վոլոդյա Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կարող է որդուն Մատաղիսի զորամասից տեղափոխել Ստեփանակերտ քաղաքի զորամասերից մեկը և այնտեղ համակարգչային օպերատոր նշանակել, ինչին նա պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է, և միայն պաշտպանության նախարարը կարող է լուծել նման հարցը: Նա միայն զորամասի տարածքում կարող է լուծել որդու խնդիրները: Թե կոնկրետ ում միջոցով նա պետք է այդ հարցը լուծեր, տեղյակ չէ: Վոլոդյա Ավետիսյանից միայն տեղեկացել է, որ ընկերների ու ծանոթների միջոցով պետք է կարգավորի որդու հարցը: Հասկանալով, որ Վոլոդյան իրենից գումար ստանալու ակնկալիք ունի, նրան ասել է, որ ի նկատի կունենա նրա առաջարկը, կմտածի այդ մասին, և, եթե որդուն այլ զորամաս չկարողանա տեղափոխել, ապա անպայման կդիմի նրան: Հանդիպումից հետո վերադառնալով տուն՝ կնոջը պատմել է հանդիպման և իր ու Վոլոդյա Ավետիսյանի միջև եղած խոսակցությունը, որից հետո միասին որոշել են չօգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայություններից: Նույն օրը կնոջը զանգահարել է Ծովինար Եղոյանը և հարցրել, թե ինչ են որոշել: Կինը նրան պատասխանել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի որդուն տեղափոխեն այլ զորամաս, իսկ Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ դա նրա ուժերից վեր է:

Հաջորդ օրը՝ 2013 թվականի հուլիսի 30-ին, որդին` Արթուրը, զանգահարել է իրեն և ասել, որ նրան Մատաղիսից տեղափոխել և ծառայության են նշանակել Մարտակերտի դիվիզիայում` հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում: Որդին գոհ է եղել ծառայությունից, նա ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և երբևէ չի դժգոհել իր ծառայությունից: Թե ով և ինչպես է որդուն Մատաղիսի զորամասից տեղափոխել Մարտակերտի դիվիզիա, տեղյակ չէ: Հավանաբար՝ դա կատարել են նրա վերադաս հրամանատարները` որդու ուսումը, մասնագիտությունը և գիտելիքները հաշվի առնելով:

6. Վկա Անժելա Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի հունիսի 28-ին իր որդուն զորակոչել են բանակ: Որդուն այցելելիս՝ մեծ դժվարությամբ հասել են զորամաս, ու թույլ են տվել, որ տղային տեսնեն ընդամենը 10 րոպեով: Տղան իրեն շատ վատ է զգացել, քանի որ ջրից թե կերակրից՝ շատ նիհարած է եղել: Դրանից ինքը շատ անհանգիստ է եղել, գիշեր-ցերեկ լաց է եղել: Երբ ընկերուհին` Ծովինար Եղոյանը, զանգահարել է իրեն, ինքը պատմել է այդ մասին: Ծովինարը խոստացել է ինչ-որ բանով օգնել: Մի քանի օրից նա զանգահարել և ասել է, որ իր մորաքրոջ տղան զինծառայող է, ով կարող է իրենց օգնել, և հարցրել է, թե իրենք ինչ են ուզում: Ինքն ասել է, որ լսել են, որ Ստեփանակերտում ինչ-որ կենտրոն կա, որտեղ համակարգչային մասնագետներ են ծառայում: Եթե հնարավոր է՝ որդուն այդտեղ տեղավորել: Ծովինարը Վոլոդյայի հետ պայմանավորվելուց հետո տվել է Վոլոդյայի հեռախոսահամարը: Ամուսինը զանգահարել է Վոլոդյային, պայմանավորվել են հանդիպել Օպերայի բակում:

Ամուսինը բարկացել է իր վրա, քանի որ Ծովինարն իրենց ասել էր, որ Վ.Ավետիսյանը կարող էր տղային տեղավորել նույն զորամասում համակարգչային օպերատոր, բայց իրենք դա չէին ուզում: Ուզում էին, որ տղան Մատաղիսի զորամասում չծառայի: Քանի որ Ծովինարն այդքան անհանգստացել էր, այդքան բան էր արել, դրա համար ինքը խնդրել է ամուսնուն, որ Վոլոդյայի հետ հանդիպի: Ամուսինը գնացել է Վոլոդյայի հետ հանդիպման, բայց իրենք ի սկզբանե մտադիր չեն եղել Վ.Ավետիսյանին գումար տալ այդ գործի համար: Ամուսինը Վոլոդյային խնդրել է, որ եթե հնարավոր է, որդուն տեղափոխեն ուրիշ զորամաս, ինչին Վոլոդյան պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է, և չի կարող այդ հարցը լուծել:

Որոշ ժամանակ անց իրենց տուն են գնացել Ռազմական ոստիկանության աշխատողներ ու առաջարկել իրենց հետ գնալ Ոստիկանություն: Ինքը շատ է անհանգստացել, քանի որ մինչ այդ զանգահարել է իր որդին ու ասել, որ նրան տեղափոխում են ուրիշ զորամաս` Ջաբրայիլ, ուրիշ ոչինչ չի ասել: Այդ խոսակցությունը նոր էր ավարտվել, որ իրենց տուն են գնացել Ոստիկանության աշխատողներ և տարել իրենց Ռազմական ոստիկանություն: Ինքը շատ անհանգիստ է եղել, հարցրել է, թե ինչ է պատահել որդու հետ, ասել են, որ ոչ մի բան չկա տղայի հետ կապված: Գնացել են Ոստիկանություն, իրեն ու ամուսնուն առանձնացրել են տարբեր սենյակներում: Միայն մի պահ դռան կողքից ամուսինն ասել է, որ ամբողջ մեղավորն իր ընկերուհի Ծովիկն է, ով ցուցմունք է տվել, որ Վոլոդյային իրենք փող են տվել: Ինքն ասել է, որ իր ամուսինը ոչ ոքի փող չի տվել, ճիշտ է, խոսակցություն եղել է, բայց գումար չեն տվել:
Վկան հայտնել է նաև, որ Ծովինարը զանգահարել ու ասել է, որ 500 դոլար պետք է տան, որպեսզի իր տղան նշանակվի Մատաղիսի զորամասում՝ համակարգչի վրա, որպես օպերատոր:

Ինքն այդ մասին ասել է ամուսնուն, նա էլ ասել է, որ պետք չէ, իրենք ուզում են, որ իրենց որդին Մատաղիսում չծառայի: Ինքը չգիտի, թե Վոլոդյան ում միջոցով պետք է լուծեր: Իրենք մտադիր չեն եղել, որպեսզի այդ հարցը լուծվի: Իր ամուսինը գումարի մասին չի խոսել, այլ գնացել է զրուցելու: Հանդիպումից հետո այդ մասին այլևս խոսակցություն չի եղել: Ծովինարը զանգահարել և հարցրել է, թե ինչ եղավ Վոլոդյայի հետ հանդիպումը, ինքն ասել է, որ ոչինչ չի եղել, քանի որ Վոլոդյան չի կարողացել անել այն, ինչ իրենք են ուզել: Հանդիպումից մի քանի օր հետո իրենց է զանգահարել որդին ու ասել, որ իրեն տեղափոխել են Մարտակերտ: Հավանաբար՝ նրա մասնագիտական ունակություններն ու գիտելիքները հաշվի առնելով են տեղափոխել: Ոստիկանությունում ամուսինն իրեն ասել է, որ իր ընկերուհին է մեղավոր: Նա ցուցմունք է տվել, թե, իբր, իրենք 500 դոլար գումար են տվել: Քանի որ իրենք գումար չեն տվել, ինքն այդ ժամանակ մի քիչ հանգստացել է:

Ծովինարն իրեն ասել է, որ խոսել է մորաքրոջ տղայի հետ, և նա կարող է տղային տեղավորել նույն զորամասում համակարգչային օպերատոր: Իրենք այդ տարբերակին համաձայն չեն եղել: Ծովինարն ասել է, որ այդ ծառայությունն արժի 500 դոլար, ինքն էլ այդ մասին ասել է ամուսնուն: Օպերայի հրապարակում Վոլոդյան 500 դոլարի մասին ամուսնուն չի ասել, այդ մասին խոսակցություն չի եղել:

Նախաքննության ժամանակ Անժելա Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ որդուն բանակ զորակոչելուց հետո, 2013 թվականի հուլիսի սկզբին ամուսնու և որդու ընկերոջ հետ գնացել են զորամաս՝ որդուն այցելության: Մինչև զորամաս հասնելն իրենք շատ դժվարությունների են հանդիպել, քանի որ զորամասը, որտեղ սկզբում ծառայում էր որդին, գտնվում է հեռավոր բնակավայրում, և զորամաս տանող ճանապարհը դժվարանցանելի է եղել: Երբ վերադարձել են, շատ են մտահոգվել որդու ծառայության վայրի համար և ամեն կերպ փորձել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի որդուն նշված զորամասից տեղափոխեն մեկ այլ, ավելի մոտ գտնվող զորամաս:

Իր ուսանողական ընկերուհու՝ Ծովինար Եղոյանի հետ զրուցելիս, նրան պատմել է որդու մասին, բողոքել նրա ծառայության վայրից: Նա տեղեկացրել է, որ մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, ազատամարտիկ է, զինվորական, որն Օպերայի հրապարակում նստացույցեր է անում զինծառայողների սոցիալական վիճակը կարգավորելու համար: Նա նախկինում հրամանատար է եղել, հրամանատարների հետ կապեր ունի և կարող է իրենց օգնել որդու զինվորական ծառայության հարցով:

Դրանից հետո, իր խնդրանքով, Ծովինար Եղոյանը զանգահարել և խոսել է Վոլոդյա Ավետիսյանի հետ: Վերջինս խոստացել է 500 դոլար գումարով որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել: Միաժամանակ առաջարկել է, որպեսզի իր ամուսինը` Ալբերտ Մաթոսյանը, հանդիպի և զրուցի Վոլոդյա Ավետիսյանի հետ: Երբ Վոլոդյա Ավետիսյանին հանդիպելուց հետո ամուսինը վերադարձել է տուն, իրեն պատմել է, որ նա 500 դոլար գումար է պահանջել իրենց որդուն նույն զորամասում հանգիստ ստորաբաժանումում ծառայության նշանակելու համար: Միասին որոշել են չօգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայություններից: Դրանից հետո, Ծովինար Եղոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նրան ասել է այդ մասին: 2013 թվականի օգոստոսի 3-ին կամ 4-ին որդին` Արթուր Մաթոսյանը, զանգահարել է և տեղեկացրել, որ իրեն Մատաղիսից տեղափոխել և ծառայության են նշանակել Մարտակերտի դիվիզիայում: Թե ով և ինչպես է որդուն Մատաղիսի զորամասից տեղափոխել Մարտակերտի դիվիզիա, տեղյակ չէ: Հավանաբար՝ դա կատարել են նրա վերադաս հրամանատարները` որդու ուսումը, մասնագիտությունը և գիտելիքները հաշվի առնելով:

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքի հակասության հետ կապված՝ Անժելա Պողոսյանը հայտնել է, որ 500 դոլարի վերաբերյալ խոսակցությունը եղել է, ուղղակի ինքը չի հիշել, դրա համար չի ասել: Պնդել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

Վկա Անահիտ Ալբերտի Մաթոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբայրը` Արթուր Մաթոսյանը, 2013թ. հունիսի 28-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության նշանակվել ԼՂՀ Մատաղիսում տեղակայված զորամասում: Ծառայության զորակոչվելուց մեկ շաբաթ անց մայրը և հայրն այցելության են գնացել նրան: Վերադառնալուց հետո վերջիններս դժգոհել են, որ զորամասը շատ հեռու է գտնվում, ճանապարհը՝ դժվարանցանելի: Մայրը մտահոգված է եղել: Ընկերուհիներին ու բարեկամներին պատմել և հուզվել է, անընդհատ միջոցներ է փնտրել, որպեսզի ինչ-որ կերպ իր եղբորն այդ զորամասից տեղափոխեն Ստեփանակերտ քաղաքին մոտ զորամաս: Մորից տեղեկացել է, որ ընկերուհիներից Ծովինարի հետ զրուցելիս՝ վերջինս ասել է, որ բարեկամը զինվորական է, և հնարավոր է, որ նա կարողանա օգնել եղբորն այդ զորամասից տեղափոխելու հարցում: 2013թ. հուլիսին, օրը կոնկրետ չի հիշում, հայրը գնացել և հանդիպել է Ծովինարի բարեկամ զինվորականի հետ: Ծնողներից տեղեկացել է, որ Ծովինարի բարեկամ Վոլոդյա Ավետիսյանը հորն առաջարկել է 500 ԱՄՆ դոլար գումարով եղբորը նույն՝ Մատաղիսի զորամասում համակարգչային օպերատոր նշանակել, սակայն հայրը չի համաձայնել:

Հայտնել է նաև, որ իրենց տուն են գնացել Ոստիկանության աշխատակիցներ և մորն ու հորը հրավիրել Ռազմական ոստիկանություն: Երբ զանգահարել է հորը, նա ասել է, որ Ծովինար Եղոյանը ցուցմունք է տվել, թե հայրը Վոլոդյային կաշառք է տվել: Դրանից հետո ինքը զանգահարել է Ծովինարին և հարցրել այդ մասին: Ծովինարը ասել է, թե՝ ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը, ինքն ընդհանրապես տեղյակ չէ, և անհանգստացել է:
Ինքը չի կարծում, որ հակասություն կա՝ իր նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև, սակայն, եթե հակասություն կա, պնդում է իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, այն ժամանակ ավելի լավ էր հիշում:

7. Նախաքննության ընթացքում վկա Ծովինար Եղոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ուսանողական ընկերուհու՝ Անժելա Պողոսյանի որդին ամռան ամիսներին զորակոչվել է բանակ և ծառայության նշանակվել Արցախի տարածքում տեղակայված զորամասերից մեկում: Անժելա Պողոսյանն իր հետ հեռախոսազրույց ունենալիս միշտ դժգոհել է որդու ծառայությունից, քանի որ որդին ծրագրավորող է, լավ մասնագետ, և ցանկանում էր, որ որդին ծառայի իր մասնագիտությամբ: Տեսնելով Անժելա Պողոսյանի ապրումները և ցանկանալով ինչ-որ կերպ օգնել նրան, 2013թ. հուլիսի վերջերին նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, գնդապետ է: Նրան կխնդրի, որպեսզի օգնի Անժելայի որդու ծառայության հարցով: Անժելային ասել է, որ մորեղբոր որդին Վոլոդյա Ավետիսյանն է, որը ազատամարտիկ է և ցույցեր է կազմակերպում Ազատության հրապարակում:

Հաջորդ օրը գնացել է Ազատության հրապարակ, հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին և խնդրել, որ օգնի ընկերուհու որդուն՝ տեղափոխվել ավելի լավ զորամաս կամ ծառայության վայր, որտեղ նա համակարգչային օպերատոր նշանակվի: Վոլոդյան խոստացել է օգնել:

Դրանից մի քանի օր անց զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին և տեղեկացել, որ նա խոսել է ինչ-որ ընկերոջ հետ, և կարող են Անժելայի որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել` 500 դոլարի դիմաց: Այդ մասին տեղեկացրել է Անժելա Պողոսյանին, որից հետո նույն կամ դրա հաջորդ օրն իրեն զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանը և ասել, որ ընկերը, որը պետք է օգնի իրենց, մեկնում է Ղարաբաղ, և հարցերը շուտ, մինչ նրա մեկնելը պետք է կարգավորել: Հակառակ դեպքում՝ հարցի լուծումը կհետաձգվի 15 օրով: Վոլոդյա Ավետիսյանի խոսքերից հասկացել է, որ գումարային հարցերը պետք է լուծվեն, այսինքն` պահանջված գումարը` 500 դոլարը, պետք է տրվի այդ մարդուն, որպեսզի նա Անժելայի որդու խնդիրը կարգավորի: Վոլոդյա Ավետիսյանի համաձայնությամբ նրա հեռախոսահամարը փոխանցել է Անժելային և ասել, որպեսզի ամուսինը` Ալբերտ Մաթոսյանը, զանգահարի և հանդիպի Վոլոդյայի հետ:

Նույն օրը երեկոյան կամ հաջորդ օրը զանգահարել է Անժելա Պողոսյանին և հետաքրքրվել, թե ինչ են պայմանավորվել Վոլոդյայի հետ: Անժելա Պողոսյանն ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է նույն զորամասում երեխային նշանակել համակարգչային օպերատոր, սակայն իրենք ցանկանում են որդուն տեղափոխել այլ զորամաս: Ինքը տեղյակ է, որ Անժելա Պողոսյանը և ամուսինը Վոլոդյա Ավետիսյանին որևէ գումար չեն տվել: 2013թ. սեպտեմբերի 20-ի առավոտյան բարեկամներից և հարևաններից տեղեկացել է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախություն կատարելու համար, և հեռուստացույցով ցուցադրել են Վոլոդյա Ավետիսյանին՝ ձերբակալված, այն բանի համար, որ նա Գյումրու մի բնակչից խարդախությամբ գումար է հափշտակել:

8. Ապացույց ճանաչված, և դատարանում հետազոտված, այլ փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակներով, որոնցից մեկի վրա արտացոլված է Վոլոդյա Ավետիսյանի և Ալբերտ Մաթոսյանի հանդիպումն Ազատության հրապարակի տարածքում, իսկ մյուսի վրա` Վոլոդյա Ավետիսյանի հանդիպումը Հենրիկ Զաքարյանի, վերջինիս թոռների հետ, լազերային սկավառակներով, որոնց վրա ԱԱԾ աշխատակիցների կողմից ձայնագրառվել են Ալբերտ Մաթոսյանի, Ծովինար Եղոյանի, Հենրիկ Զաքարյանի և Վարդան Կարապետյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով վարվող խոսակցությունները, «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը, որտեղ արտացոլված է Վոլոդյա Ավետիսյանի հանդիպումը Հենրիկ Զաքարյանի և նրա թոռան հետ, հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումների տվյալներով:

Անթույլատրելի ապացույց
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը վճռում նշել է, որ վկա Հենրիկ Հարոյանը ներկայացել է դատաքննությանը և հայտնել, որ տառապում է մի շարք հիվանդություններով, ունի հիշողության կորուստ և չի հիշում, թե նախաքննության ընթացքում ինչ ցուցմունքներ է տվել: Նույն պատճառաբանությամբ՝ դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ:

Դրանից հետո դատական նիստի դահլիճում գտնվող քաղաքացիների կողմից դատական նիստի բնականոն ընթացքը խանգարելու պատճառով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է այլ հերթի, որից հետո Հ. Հարոյանը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, և այլևս հնարավոր չի եղել նրան հրավիրել դատական նիստի. «Դատարանը գտնում է, որ վկա Հ. Հարոյանի առողջական վիճակի վերաբերյալ նման տվյալների առկայության պայմաններում՝ քննիչը պետք է նշանակեր դատահոգեբուժական փորձաքննություն, պարզելու համար վկայի ունակ լինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները: Ելնելով վերոգրյալից, քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Հ. Հարոյանի տված ցուցմունքը դատարանը ճանաչում է անթույլատրելի ապացույց, որը չի կարող օգտագործվել»:

Պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ
Որպես ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով, «Արիության» մեդալով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, նրա խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխաները:

Դատարանը նշել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Նշենք նաև, որ համաձայն դատարանի վճռի՝ 2014 թ. փետրվարի 15-ի որոշմամբ՝ Հենրիկ Մկրտիչի Զաքարյանի կողմից խոշոր չափերով կաշառք տալու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման ակտ ընդունվելու պատճառաբանությամբ: 2014 թ. փետրվարի 17-ի որոշմամբ՝ Ալբերտ Մաթոսյանի կողմից խոշոր չափերով կաշառք տալու և իշխանությունը չարաշահելու դրդչություն, անհայտ անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, իշխանությունը չարաշահելու, Վոլոդյա Ավետիսյանի կողմից կաշառքի միջնորդություն, խոշոր չափերով կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դրդչություն կատարելու համար քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Պատրաստեց՝ ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս