Բաժիններ՝

Գեղաշեն գյուղը 20-25 տարի է՝ ջուր չունի. «Ո՞ւմ մեղադրենք, մեղադրելու խնդիր չկա այստեղ»

«Այս պահին խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված: Ոռոգման ջուր չունենք արդեն 20-25 տարուց ավելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով գյուղում առկա ամենամեծ խնդիրների մասին:

Նա նշեց, որ ժամանակին գյուղը ոռոգման ջուր է ստացել է «Սևաբերդի» ջրամբարից, իսկ հիմա տարբեր պատճառներով,  տարի է լինում՝ ջուրը չի կուտակվում (դա կապված է տարվա տեղումների քանակի հետ), տարի է լինում՝ տեղումները շատ են լինում, ջուրը հավաքվում է, ջրամբարը չի պահում: Ըստ Ա. Հովհաննիսյանի՝  դա մեծ խնդիր է:

Հարցին, թե ինչպե՞ս են գյուղացիները լուծում ջրի խնդիրը, Ա.Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ստիպված չեն լուծում: Որ չկա, չեն էլ լուծում:  Այն սեփականաշնորհված վարելահողերը, որոնք պետք է օգտագործվեին որպես ջրովի վարելահողեր, ջուր չլինելու պատճառով՝ անջրդի ցանքս է կատարվում. ցորեն, գարի, աճար: Լուծման միակ եղանակը դա է»:

Հարցին, թե ո՞ւմ են դիմել իրենք այս հարցով, կամ ո՞վ է առհասարակ պատասխանատու նման խնդիրները լուծելու համար, Գեղաշենի ղեկավարը պատասխանեց. «Դե, բնությունն էլ է փոխվել: Ջրամբարում ջուր չի կուտակվում: 3 տարի ջուր չէր եկել: Այս տարի մի փոքր եկավ, այն էլ ջրամբարն այդ ջուրը չպահեց: Մի խոսքով, որևիցե մեկին  կամ կառավարությանը չենք մեղադրում: Ո՞ւմ մեղադրենք, մեղադրելու խնդիր չկա այստեղ»:

Խոսելով գյուղում առակա այլ խնդիրների մասին՝ գյուղապետը նշեց, որ ամենակարևոր խնդիրներից է նաև մանկապարտեզի բացակայությունը. «Մենք մինչև օրս մանկապարտեզ չունենք ու չենք էլ ունեցել: Ընդհանրապես այս Գեղաշեն կոչվող համայնքը, չգիտեմ՝ ո՞ր թվականներից, մանկապարտեզ չի ունեցել: 1980-ական թվականներին  ֆունդամենտի աշխատանքներ սկսել էին, այն էլ երկիրը փոխվեց, այդ ֆունդամենտն էլ կորավ, ու այդպես մինչև այսօր այդ խնդիրը լուծված չէ»:

Նա նշեց, որ իրենք դիմել են տարբեր պատկան մարմինների, անգամ հանրապետության նախագահին են դիմել այս հարցով. «Հանրապետության նախագահը խոստացել է՝ մեր համայնքում մանկապարտեզի խնդիրը լուծի»:

Հարցին, թե ե՞րբ են իրենք դիմել նախագահին, որ ինքն էլ խոսք է տվել այդ խնդիրը լուծել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա եղել է նախագահական ընտրություններից առաջ. «Հիմա սպասում ենք»:

Հիշեցնենք, որ մանկապարտեզի խնդիր ունի նաև Արամուս գյուղը, որի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ  ինքն ու Ա. Հովհաննիսյանը դիմել են տարբեր սոցիալական  ծրագրերի՝ իրենց աջակցելու համար, բայց դեռ մանկապարտեզ կառուցելու հեռանկար չկա:

Ա.Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց, որ ճիշտ է, իրենք դիմել են, բայց քանի որ  մանկապարտեզի գումարը մեծ է, այդ սոցծրագրերով չի լինի անել. «Այդպես մնացել է այդ խնդիրը: Հույս ունեմ, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում կլուծվի այդ մանկապարտեզի խնդիրը: Չնայած՝ ունենք նախակրթարան, ու այն ինչ-որ չափով այդ բացը լրացնում է: Նախակրթարան սկսում են հաճախել 5-6 տարեկան երեխաները, բայց դա հարցի լուծում չէ, դա մանկապարտեզ չէ»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս