Դատական դեպարտամենտի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը դատարանում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դատական դեպարտամենտի մի խումբ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ, այդ թվում՝ կանայք:

«ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց հետ միավորմամբ, ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թ. օգոստոսից մինչև 2013 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Բացի այդ, նա մեղադրվում է նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք տարբեր չափերի գումարներ ստանալու մեջ:

Քրեական գործի շրջանակներում տարբեր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանին, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին, դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին, կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին, դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին, դատական կարգադրիչների ծառայության Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին, դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին, դատական կարգադրիչների ծառայության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանին, դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին, դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին, Անգին Ղուկասյանին:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին:

Տեսանյութեր

Լրահոս