Ռուսաստանը հրաժարվում է իր խոստումներից. ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը. Մեդիալաբ

Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանից կախված չեն: «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցված մտահոգությունը այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հենց սրա արտահայտությունն էր եւ ուղղված էր նրանց, ովքեր, այսքան ժամանակ խաբում էին Հայաստանին: Աղասի Ենոքյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանի ռուսահպատակ իշխանությունն այդ մասին խոսեց այս փուլում, որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում իր խոստացածն անել, այսինքն, ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», – ասել էր Սերժ Սարգսյանը։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը այս հարցազրույցում առանցքային է համարում Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությունը, այն մասին, որ նա հավատում է, որ եթե գործը հասնի դաշնակցային պարտականություններ կատարելու անհրաժեշտությանը, Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, ինչը սակայն, ըստ քաղաքագետի դժվար թե տեղի ունենա:

«Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք իբրեւ թե դրված էին անվտանգության գաղափարի վրա, դեֆորմացիայի են ենթարկվել եւ Ռուսաստանն անվտանգության երաշխիքից վերածվել է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար թիվ մեկ սպառնալիքի»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու Արեւմուտքի մերձեցումը առաջիկայի կարեւոր օրակարգային խնդիր պետք է լինի նաեւ անվտանգության ոլորտում:

Ըստ քաղաքագետի, Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Հաշվի առնելով այն տնտեսական պատժամիջոները, որոնք սպառնում են Ռուսաստանին, այսօր արդեն Հայաստանի տնտեսական հարաբերություններն են դառնում ոչ լեգիտիմ»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս