Ադրբեջանը ցանկանում է լուծարել Մինսկի խումբը և Ռուսաստանի աջակցությամբ պատերազմ սկսել

Երեկ Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հայտարարել է, որ Մինսկի խումբը կորցրել է իր նշանակությունը, և ադրբեջանցի ժողովուրդն այլևս չի հավատում այդ կառույցին:

Ադրբեջանցիների դժգոհությունն այս կառույցից միանգամայն հասկանալի է. այս կառույցը ոչ մի կերպ չբավարարեց նրանց ակնկալիքները. այն է` չվերցրեց Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները և գեղեցիկ փաթեթավորմամբ այն չհանձնեց Ադրբեջանին: Ընդհակառակը` ԵԱՀԿ Մինսկի խումբը և այդ խմբի անդամ երկրների, հատկապես` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներն անընդհատ և հետևողականորեն կրկնում են, որ իրենք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, և համարում են, որ խնդիրն ուժային լուծում չունի:

Ալի Հասանովի շուրթերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին հրավիրել է Փարիզ` համատեղ քննարկելու խաղաղության հարցերը: Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությունը դարձել է առավել քան մարտական. նա ոչ միայն բացառում է ԼՂ-ում հանրաքվեի անցկացման հնարավորությունը, այլև սկսել է խոսել Էրիվանի խանության և նման բաների մասին: Սա ևս նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես որոշել է մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքները և խնդրին ավելի արմատական լուծում տալ:

Ինչի՞ կարող է հասնել Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարման դեպքում: Եթե չկա միջնորդական առաքելությունը, ինչպես ասում է նույն Ալի Հասանովը, ապա Ադրբեջանը և Հայաստանը մնում են դեմ հանդիման: Ադրբեջանը կարող է հայտարարել, թե քանի որ միջնորդական առաքելությունը լուծարվել է, և խնդիրը հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, ինքը փորձելու է հարցը լուծել ուժային տարբերակով: Մինչև այժմ Ադրբեջանը չէր գնում դրան, քանի որ տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ էր, և Ադրբեջանը մտավախություն ուներ, որ պատերազմի վերսկսման պարագայում կարող է առճակատվել Հայաստանի ռազմական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ:

Կարդացեք նաև

Հիմա Ռուսաստանն ինքը կարող է շահագրգռված լինել պատերազմի վերսկսմամբ: Ռուսաստանը մի քանի պատճառ կարող է ունենալ պատերազմի վերսկսման հարցում շահագրգիռ լինելու համար: Դրանցից ամենակարևորն այն է, որ լինելով Հայաստանի դաշնակից պետություն, կարող է միանգամայն օրինավոր և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորք մտցնել հակամարտության գոտի: Իսկ ռուս խաղաղապահները կարող են տեղակայվել միայն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին` «իրենով անել» Ղարաբաղը:

Իհարկե, կա մի պահեստային տարբերակ ևս. ԼՂՀ բնակչությունը կարող է Ղրիմի օրինակով հանրաքվե անցկացնել և միանալ Ռուսաստանին:
Ռուսաստանը հասկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ աշխատանքն այլևս անհնար է:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն այն աստիճան լարված ու թշնամական են, որ այդ երկրների ներկայացուցիչները չեն կարող ինչ-որ հարցի վերաբերյալ ունենալ ընդհանրական կամ իրար մոտ տեսակետներ, և հենց այդ պատճառով չեն կարող համատեղ ինչ-որ խնդիր լուծել: Դրա համար ռուսները կարող են մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը լավագույն միջոցն է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային այս խնդրից հեռու պահելու և տարածաշրջանի խնդիրներին միջամտելու հնարավորությունից զրկելու համար:

Մինսկի խմբի լուծարումը միանգամայն ձեռնտու կարող է լինել Թուրքիային, որը չնայած ֆորմալ առումով հանդիսանում է Մինսկի խմբի անդամ երկիր, բայց այդպես էլ չկարողացավ էական դերակատարում ստանալ բանակցային գործընթացում: Թուրքիայի ղեկավարությունը ևս համարում է, որ խնդիրը կարելի է լուծել տարածաշրջանի պետությունների ուժերով: Պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանն այս տարածաշրջանում մնալու է միայնակ` Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա դաշինքի դեմ հանդիման:

Հայկական դիվանագիտությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Մինսկի խմբի լուծարումը գրեթե կայացած փաստ էր: Այն հնարավոր է եղել պահպանել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ երկարատև աշխատանքի շնորհիվ: Ըստ նույն աղբյուրի` ՀՀ արտգործնախարարի բոլոր ջանքերը՝ համոզելու Ռուսաստանին, որպեսզի այս երկիրը ևս շահագրգռվածություն դրսևորի Մինսկի խմբի ձևաչափի պահպանման հարցում` անարդյունք են եղել: Հայ դիվանագետները կարծում են, որ թեև ինչ-որ հրաշքով հնարավոր է եղել այդ ձևաչափը պահպանել, բայց Հայաստանի իշխանությունը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի Մինսկի խմբի գոյությունը պահպանելու և նրա գործունեությունն ակտիվացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս