Երեկվանից Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին. «ՀԺ»

«Երեկվանից սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին»-գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

Համենայնդեպս, այդպես է երեւում Խանջյան փողոցի կողմից դիտելիս: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ, արձանի մերձակա հրապարակի ուղիղ կենտրոնում տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի մի տաղավար, որը ծածկել է զորավարի արձանի պատվանդանը: Եվ թվում է, թե քաղաքապետարանը ճարտարապետական հանճարեղ լուծում է գտել, որպեսզի զորավարն իր հավատարիմ ձիով սուրա «Պեպսիի» վրայով:

«Սա ավելի լավ Երեւանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է մեր թղթակիցը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը թղթակցին եւ Արեյանին հայտնել է, որ սա տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի խնդրանքով, մի ակցիայի շրջանակներում, եւ որ տաղավարը ժամանակավոր է:

«ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե՝ ժամանակավոր մի քանի օ՞ր, թե՞ ժամանակավոր մի քանի ամիս, Երեւանի քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել, խոստացել են անպայման ճշտել եւ պարզաբանում տալ: Սակայն, ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանն այդպես էլ պարզաբանմամբ հանդես չի եկել:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս