Բաժիններ՝

Փոթի-Բաքու երթուղու վերագործարկումից հետո Վրաստանի երկաթուղիները ռեկորդային ցուցանիշ են գրանցել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին Վրաստանի երկաթուղիներով իրականացված բեռնափոխադրումների ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի: Այդ օրը երկաթուղային ճանապարհով տեղափոխվել է 75.627 տոննա բեռ: Այս մասին երեկ հայտնել է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը:

Վերջինս ընդգծել է, որ Բաթում ու Փոթի կայարանները, վերջին շրջանի համեմատ, ապահովել են աննախադեպ քանակությամբ բեռների փոխադրում: Հուլիսի 20-ին Փոթիի կայարանում բեռնվել է 25.150 տոննա բեռ (434 վագոն), ինչն ամենամեծ ցուցանիշն է այդ կայարանի գոյության պատմության ընթացքում:

Նույն օրը Բաթումի բեռնատար կայարանում բեռնվել է 10.100 տոննա բեռ (172 վագոն), ինչը նույնպես բարձր ցուցանիշ է: Բեռնափոխադրումն իրականացվել է Վրաստանից դեպի Հայաստան ու Ադրբեջան:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ բեռնարկղերով լեցուն 25 վագոնից բաղկացած առաջին գնացքը Փոթիից ժամանել  էր Բաքու: Այդ երթուղու վերագործարկումը միտված է բեռնափոխադրումների ինտենսիվացմանը նոր ազդակ հաղորդելուն: Բեռնատար գնացքները Փոթիից Բաքու երթեր են իրականացնում շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ:

Փոթիից Բաքու երթուղով բեռնատար երթերն իրականացվել են 1996 թվականից, սակայն հետագայում դրանք դադարեցվել էին: Այժմ այդ երթուղու վերագործարկումից հետո ընդունող կողմն իր բեռները ստանում է 34 ժամվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս