Նալբանդյանը Պուտինին շփոթել է Էշթոնի հետ

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների վարքագիծը գնալով ծիծաղելի է դառնում: Անշրջելիորեն տրվելով Ռուսաստանին և ոչ միայն` չպայքարելով երկիրը Ռուսաստանին բռնակցելու քայլերի դեմ, այլև շունչները պահած սպասելով, թե երբ է, ի վերջո, Հայաստանն ընդունվելու Եվրասիական միություն, ՀՀ իշխանությունները Հայաստանը գործնականում ամեն օր մեկուսացնում են ոչ միայն` Եվրոպայից, այլև ընդհանրապես աշխարհից:

Մյուս կողմից` շարունակելով հռչակագրային մակարդակում խոսել Եվրոպայի հետ ասոցիացվելու մասին: Նախօրեին, օրինակ, Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը` հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա: «Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ-ի հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից` կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը և, մյուս կողմից` հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է նա: Նալբանդյանը խոսել է նաև հասարակությունների միջև շարժունակության ընդլայնման կարևորության մասին և հայտարարել, որ «Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա»:

Այս հայտարարությունները լավագույն դեպքում կարող են հեգնախառն ժպիտ առաջացնել այն առումով, որ, ինչպես Նալբանդյանն է ասել, «Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը» բառի բուն իմաստով ջուրը նետվեց նույն Հայաստանի իշխանությունների կողմից` անցած տարվա սեպտեմբերի 3-ին: Պարտադրված թե կամավոր` այլ հարց է:

Իրականում Էդվարդ Նալբանդյանն իր այդ հայտարարությունները պետք է աներ ոչ թե Բրյուսելում, այլ, թող տարօրինակ չթվա` Մոսկվայում: Քանի որ Եվրամիությունը, այսպես թե այնպես, տասնյակ անգամներ ամենատարբեր մակարդակներով հաստատել է Հայաստանին ասոցիացնելու պատրաստակամությունը: Հայաստանը չի ասոցիացվել, քանի որ թույլ չի տվել Մոսկվան: Այսինքն` Նալբանդյանը շփոթել է Քեթրին Էշթոնին Վլադիմիր Պուտինի հետ: Իր ասելիքը հնչեցնելու առումով, բնականաբար: Իրականում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիումը կարող էր լավ հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տապալումն ի նպաստ Հայաստանի օգտագործելու և եվրոասոցացումը վերսկսելու համար:

Դա, իհարկե չի նշանակում, թե Բրյուսելում Նալբանդյանը պետք է հակառուսական ելույթ ունենար ու բուռն ծափահարություններից հետո ստանար Հայաստանի` Եվրամիության անդամ դառնալու վկայականը: Դա նշանակում է, որ նորմալ դիվանագիտություն ունենալու ու համապատասխան աշխատանք տանելու դեպքում Հայաստանը կարող էր գոնե փորձել Արևմուտքից ստանալ այն երաշխիքները, որոնք չստանալու պատճառով, ինչպես իշխանության ներկայացուցիչներն են պատերի տակ արդարանում, ստիպված եղավ հայտարարել Մաքսային միությաննան անդամակցելու մասին:

Բայց Հայաստանը ոչ միայն նորմալ դիվանագիտություն չունի, այլ, ըստ էության, չունի դիվանագիտություն ընդհանրապես: Քանի որ այն, ինչ ներկայանում է որպես դիվանագիտություն, ղեկավարում է մարդ, ով հպարտանում է ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչմամբ:

Նույն այն ՄԳԻՄՕ-ի, որի շրջանավարտների մի մասն այսօր զբաղված է Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու տեսական սցենարներ մշակելով, մյուս մասը` դրանք իրագործելով: Այդ շրջանավարտների թվում է, ի դեպ, նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս