ԵՄ-ը մտադիր է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում. Սալբեր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Ալիևը շնորհավորել է Սալբերին՝ տվյալ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և ընդգծել, որ նրա ներկայիս այցը լավ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանին ծանոթանալու համար: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «հանդես է գալիս» Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Ալիևի խոսքերով՝ եթե չլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, ապա տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի կբարդանա: Սալբերն իր հերթին Ալիևին հիշեցրել է տարածաշրջան կատարած իր նախորդ այցերի մասին՝ նշելով, որ ծանոթ է իրավիճակին: Սալբերի խոսքերով՝ ԵՄ-ը մտադիր է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում:

Գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորին: Սա տվյալ պաշտոնում նրա առաջին այցն է տարածաշրջան:

Տեսանյութեր

Լրահոս