Բաժիններ՝

Արամուսցիներն առաջիկայում մանկապարտեզ չեն ունենա. երեխաներին դաշտ ենք տանում՝ գործ անելիս (տեսանյութ)

«Մանկապարտեզ չունենք գյուղում, դա է մեր միակ խնդիրը, գնում ենք դաշտ, էրեխեքին էլ հետներս ենք տանում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղացիներից շատերն են բողոքում մանկապարտեզ չունենալու համար: Նրանց խոսքով՝ իրենց համեմատաբար մոտ գտնվող Ամբողյան քաղաքի մանկապարտեզում գյուղերից երեխաների չեն ընդունում, բացի այդ՝ շատ դժվար է երեխաներին ամեն օր գյուղից դուրս տանելը: Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»: Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա շատ ցավոտ խնդիր է գյուղի համար, սակայն գյուղապետարանը դեռ այդքան միջոցներ չունի մանկապարտեզ հիմնելու համար. «Դա մոտավորապես 300 միլիոն դրամի պատմություն է: Այս վիճակով հնարավոր չէ: Իհարկե, մտածում ենք այդ ուղղությամբ: Ես Գեղաշենի գյուղապետի հետ մի քանի տեղ դիմել եմ՝ այդ սոցծրագրերի հետ կապված, որ գոնե 50%-ը մեր կողմից լինի, մյուս մասն էլ իրենց կողմից, բայց այսօրվա վիճակով անհնար է»:

Հարցին, թե կառավարությունն այս հարցով չի՞ աջակցում իրենց, Հ. Նիկողոսյանն այսպես պատասխանեց. «Դու պետք է գոնե շենքը կառուցես, որ մնացածի համար նոր դիմես պետությանը, որ ներքին գույքերի հետ կապված օգնի: Շենքը պետք է լինի, մի բան պետք է կառուցես, որ խնդրես մնացածի համար օգնեն»:
Այսինքն՝ առաջիկայում մանկապարտեզը չի՞ լինի. «Չէ, առաջիկայում չի լինի, որովհետև ես դեռ հիմքը չեմ տեսնում»,- ասաց Հ. Նիկողոսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս