Բաժիններ՝

Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Պատվիրակությունների մեկնումը՝ օգոստոսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս