Բաժիններ՝

Ո՞ւր է տանում կառավարությունը ՀՀ տնտեսությունը

Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել։ Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները` դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել։

Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները` 2014 թվականի առաջին կիսամյակի համար։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.5%։ Սա նորմալ է, և նախորդ տարվա համեմատ` դինամիկան գրեթե չի փոխվել։ Աճ են արձանագրել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ Այսպես, 2014 թ. առաջին կիսամյակում 2013թ. առաջին կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 1.4%, շինարարությունը` 0.4%, առևտրի շրջանառությունը` 5.6%, ծառայությունների ծավալը` 4.0%: Պաշտոնական վիճակագրության համաձայն` բարձրացել է մարդկանց գնողունակությունը։ Միջին աշխատավարձն աճել է 7.1%-ով և կազմել 160.9 հազար դրամ, իսկ սպառողական գներն աճել են 4%-ով։

Հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից բարձրացել են նաև պետական հատվածի աշխատավարձերը` հաջորդ ամիս այս ցուցանիշն ավելի «պլպլան» կլինի, և Հ. Աբրահամյանը կկարողանա պարծենալ գնողունակության բարձրացմամբ։ Սակայն ամեն ինչ չէ, որ փայլուն է։ Արդյունաբերությունը չի աճում։ Չնայած արդյունաբերության զարգացմանն ուղղված ռազմավարության ընդունմանը` Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել էգ զրո տոկոսով (ծավալը` 579.3 միլիարդ դրամ)։ Իսկ որ ավելի ուշագրավ է` նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։

Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3735.4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 3.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Հասկանալի է, որ սրանից տուժում են էլեկտրաէներգիա արտադրողներն ու այդ էներգիան բաշխող ՀԷՑ-ը։ Սակայն, ինչպես գիտեք` այս տարվա հուլիսի մեկից էներգիան թանկացավ 10%-ով, այնպես որ, այլևս ոչ ոք չի տուժի (բացի բնակչությունից)։ Իսկ ամենամտահոգիչ ցուցանիշն արտաքին առևտուրն է։ Առաջին հայացքից` ամեն ինչ նորմալ է. արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 1.0%-ով: Սակայն, եթե նախկինում պաշտոնյաները որպես դրական միտում էին ներկայացնում արտահանման աճի տեմպերի գերազանցումը ներմուծման աճին, ապա հիմա իրավիճակը կրկին փոխվել է, և արտահանումը զիջում է ներմուծմանը:

Կարդացեք նաև

Այսպես` նշված ժամանակահատվածում արտահանումն ավելացել է ընդամենը 0.8%-ով, իսկ ներմուծումը` 1.1%-ով: Փաստորեն, կրկին սկսում ենք շատ ներմուծել ու քիչ արտահանել: Իսկ շինարարության աճը սկսում է գերազանցել արտահանման աճը։ Այնպիսի տպավորություն է, որ վերադառնում ենք «փուչիկ փչելու» ժամանակներին։ Հատկապես, որ էկոնոմիկայի նախարարը կրկին Կարեն Ճշմարիտյանն է։ Ինչպես արդեն նշեցինք, մի քանի ամիսը շատ կարճ է` գնահատականներ տալու համար: Սակայն եղած ցուցանիշներն է՛լ ավելի մշուշոտ են դարձնում Հայաստանի տնտեսական տեսլականը։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը գնալով խճճվում է։ Իսկ ո՞ւր է շարժվում մեր տնտեսությունը։

Այս հարցին կոնկրետ պատասխան երբեք էլ չի հնչել, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ ինչ-որ ակնարկ, ամեն դեպքում, կար։ Հիշո՞ւմ եք` հայրենի կառավարությունը որքան էր խոսում Սինգապուրի մասին։ Ամեն պատեհ ու անպատեհ առիթով մեզ ներկայացվում էր Սինգապուրի օրինակը, որը ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում հետամնաց երկրից դարձավ աշխարհի զարգացած երկրներից մեկը։ Անգամ Հայաստան հրավիրվեց այդ երկրի նախկին լեգենդար վարչապետ Լի Կուան Յուն, պատմեց ու կիսվեց իր փորձով, և այլն։

Ու Տիգրան Սարգսյանի օրոք, առանց պաշտոնապես հայտարարելու, իբր սկսեց մեր ճանապարհը` դեպի Սինգապուր։ Այսինքն` դեպի սինգապուրյան մոդելի հրաշք։ Իհարկե, ոչ ոք չի վիճում, որ Սինգապուրն այսօր զարգացած պետություն է։ Ընդամենը 715.8քկմ տարածք և 5.5 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի ՀՆԱ-ն գերազանցում է 160 միլիարդ դոլարը (Հայաստանում` մոտ 10 միլիարդ դոլար)։ Սինգապուրը գլխավորում է տնտեսության մասին ամենատարբեր միջազգային զեկույցները` բիզնեսով զբաղվելու դյուրինության, մրցունակության, և այլն։

Սակայն Սինգապուրի նկատմամբ մեր իշխանությունների սերը միայն դրանով չէր պայմանավորված։ Սինգապուրը համարվում է ոչ ժողովրդավարական պետություն։ 1965 թվականից այնտեղ իշխանության ղեկին է մեկ կուսակցություն` «Ազգային գործողությունը» (Peopleգs Action Party, PAP)։ Շատերը Սինգապուրը համարում են միակուսակցական պետություն, որտեղ ընդդիմությունը ճնշված է, մամուլը` ոչ ազատ (մամուլի ազատության առումով Սինգապուրը 167 երկրների շարքում 140-րդն էր)։ Դրա համար էլ այս մոդելը հոգեհարազատ էր ՀՀԿ-ին։ Իհարկե, ի՞նչ վատ կլինի, եթե ՀՀԿ-ն հավերժ լինի իշխանության ղեկին, ու միևնույն ժամանակ` երկիրը ծաղկի։
Սեփական իշխանության ամրապնդման ու ընդդիմության կազմաքանդման առումով մենք ոչ միայն հասել ենք Սինգապուրին, այլ միգուցե գերազանցել։ Բայց տնտեսության առումով` ոչ։ Որովհետև կա մի պարզ գաղտնիք` Սինգապուրում գործում է օրենքը, որի առաջ բոլորը հավասար են։ Գործում է շատ թափանցիկ կառավարման համակարգ, երկրի ղեկավարությանը վստահում են և համարում ազնիվ։ Սինգապուրը գլխավորում է ամենից քիչ կոռումպացված երկրների ցանկերը։

Իսկ մերոնք հույս ունեին նմանվել Սինգապուրին` պահպանելով իրենց լծակները, աներ-զոքանչների անունով գրանցված բիզնեսներն ու կողմնակի եկամուտներ ստանալու հնարավորությունները։ Ու քանի որ հնարավոր չէ կույս մնալով հաճույք ստանալ` դեպի Սինգապուր տանող մեր ճանապարհը կանգ առավ Հնդկաստանի ու Սինգապուրի արանքում, Կամբոջայի մոտակայքում, որտեղ ոչ ժողովրդավարություն կա, ոչ էլ օրենքի իշխանություն։

Հիմա եկել է այս գործողության երկրորդ փուլը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Նա ցանկանում է համոզել, որ գտել է Կամբոջայից Սինգապուր ուղևորվելու ճանապարհը:

Հովիկ Աբրահամյանն, իհարկե, ՀՀԿ-ի միանձնյա իշխանությունը պահելու անհրաժեշտությունը կասկածի տակ չի դնում։ Սակայն փորձում է ցույց տալ, որ իրենք հաստատակամ են օրենքի իշխանություն հաստատելու հարցում։ Գործարարների հետ վարչապետի հանդիպումը ու պնդումը, թե հուլիսի 1-ից գործելու են լրիվ նոր խաղի կանոններ, մեսիջ էր հենց այդ մասին։

Թե որքանով է հասարակությունը, գործարարները, և հենց ինքը` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հավատում այս հեռանկարին, թողնում ենք ընթերցողին։ Ամեն դեպքում, նոր վարչապետը կամ մեզ տանելու է Սինգապուր, կամ ընդմիշտ հաստատելու է Կամբոջայի հարևանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս