Իգոր Մուրադյան. Քաղաքացիական պատերազմը Հայաստանում կհասնի ուժային հնարքների կիրառմանը

Հարցազրույց քաղաքագետ Իգոր Մուրադյանի հետ

– Պարոն Մուրադյան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա կատարած այցի ժամանակ Բուենոս Այրեսում հարցազրույց է տվել արգենտինական մի թերթի և հայտարարել` «մեր ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին»: Սարգսյանն, ըստ էության, առաջին անգամ է հրապարակավ խոսել տվյալ խնդրի մասին, բայց, ամեն դեպքում, այդ հայտարարությունը մի փոքր ուշացած չէ՞:

– Քաղաքականության մեջ միշտ կա երկու նախաձեռնություն` դիվանագիտություն և պաշտպանություն: Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ազգային հանցագործ է, և նրան պետք է դատել ցուցադրական դատով: Հայկական դիվանագիտություն այլևս գոյություն չունի, այդ իսկ պատճառով քաղաքականությամբ սկսել են զբաղվել Հայաստանի զինվորականները, ովքեր տարիների պատասխանատվություն են կրում երկրի ճակատագրի համար:

Զինվորականները բացատրություն են պահանջում նախագահից` ինչո՞ւ է դադարեցվել զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, և ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: Զինվորականներն ԱԳՆ ղեկավարից այլևս ոչինչ չեն հարցնում: Իսկ Հանրապետության նախագահը պատասխան չունի: Պատասխան, ըստ էության, չկա: Նախագահը տանուլ է տվել քաղաքականությունը, և հիմա փորձում է ավարտել պարտված պարտիան:

Ռուսաստանն իր հերթին` հայտնվել է իր համար աննախադեպ մեկուսացման վիճակում և փորձում է Հայաստանին իր հետ քաշել դեպի անդունդը` նրան դարձնելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հնազանդ «թշնամին»: Վերջին մի քանի շաբաթներին Հայաստանը զգաց, որ ինչ-որ դրական ակնկալիքներ կան, երբ ուկրաինական իրադարձությունների շնորհիվ` ԱՄՆ-ը վերադարձավ «բուշիզմին», այսինքն` Եվրաատլանտյան պետությունների հանրությանը ներգրավելու քաղաքականությանը` անկախ նրանից` տվյալ երկրի քաղաքական ղեկավարությունը կամ հասարակությունը ցանկանո՞ւմ է դա, թե՞ ոչ: Ստացվեցին կարևոր ազդակներ այն մասին, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն (առաջին հերթին` Միացյալ Նահանգները) վերանայում են Հայաստանի անվտանգության պայմանները, ինչը չէին կարող հաշվի առնել եվրոպացիները:

– Վերադառնանք բուն հայտարարությանը: Այդուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված Սարգսյանի այդ մտահոգությունը: Ավելի շատ կապված էր ղարաբաղյան խնդրի ու հակամարտության աստիճանական սրմա՞ն հետ, թե՞ նախագահը սրանով նաև իր դժգոհությունն էր հայտնում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հետաձգման կապակցությամբ:

– Դուք փորձում եք շոշափել քիչ թե շատ մասնավոր հարցեր, բայց այսօր դրված է Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը, և առաջացել է ուշացած գիտակցում, որ Հայաստանի անվտանգության համար գլխավոր սպառնալիքը դարձել է Ռուսաստանը: Նախկինում դա այդքան ակնհայտ չէր, քանի որ Ռուսաստանն ավելի թույլ էր: Այժմ Ռուսաստանը շատ վտանգավոր է դարձել, քանի որ ռուսներին թվում է, որ իրենք այնքան ուժեղ են, որպեսզի, քիչ է մնում, իրենց կամքը թելադրեն ողջ աշխարհին: Իրականում Ռուսաստանը չի կարող կատարել Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը և գնալով ավելի շատ է փորձում Հայաստանի շահերի հաշվին համաձայնության գալ Թուրքիայի հետ: Դա այնքան ակնհայտ է, որ դա կարող է չտեսնել միայն ապուշը կամ սրիկան:

Այսինքն` խոսքն այն մասին է, որ փորձ է արվում հայտարարել, որ Հայաստանը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, ընդ որում, ընդգծվում է Ռուսաստանի բացասական դերակատարությունը:

– Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը ձգձգվում է արդեն մի քանի ամիս շարունակ: Ի՞նչն է դրա պատճառը: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես չմիանա այդ նախագծին, թե՞ առկա խնդիրները զուտ տեխնիկական բնույթ ունեն և ժամանակ են պահանջում:

– Ռուսաստանը հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ շարունակել Եվրասիական բլոկի կառուցումը: Իսկ այդ բլոկը փլուզման եզրին է կանգնած: Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է` որպես անպիտան տարր այդ համակարգում, որը կպահանջի իր իրավունքները, այդ թվում` պաշտպանության և անվտանգության ոլորտում: Բայց Ռուսաստանը, ինչպես երբեք, շահագրգռված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնության և սերտ համագործակցության մեջ: Եվ Հայաստանն այստեղ միայն կխանգարի նրանց ծրագրերին: Եթե Ռուսաստանը չհամաձայնի «կամավոր» հրաժարվել իր հավակնություններից, նրան կստիպեն դա անել:

– Իսկ ի՞նչ դեր է այս հարցում խաղում ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաև` Ռուսաստանի ակնհայտ ցանկությունը` Ադրբեջանին նույնպես ներգրավել եվրասիական գործընթացների մեջ:

– Ռուսաստանը միշտ էլ ղարաբաղյան խնդիրը դիտարկել է որպես խաղաքարտ` Թուրքիայի հետ իր կեղտոտ խաղում: Ռուսների համար ատելի են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ԼՂՀ-ի Պաշտպանության բանակ հասկացությունները, ինչպես նաև այն ամենը, ինչը նրանց հիշեցնում է, որ իրենք ռազմավարական առումով պարտվել են Ղարաբաղում: Ռուսները միշտ էլ տվյալ խնդիրը համարել են գործոն` տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար, բայց դա հնարավոր է միայն Հայաստանի շահերի հաշվին:

– Մոտ մեկ ամիս առաջ Ձեր ելույթներից մեկում բավական ուշագրավ հայտարարություն արեցիք` ասելով, թե «Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ»: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է այն զարգանալու: Վերջիվերջո, ո՞ր ուղղությամբ է այսօր ընթանում Հայաստանը և ո՞ր ուղղությամբ պետք է գնա: Հարցը վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին ընտրությանը:

– Հայաստանում օրեցօր զարգանում են քաղաքացիական հզոր դիմակայության տրամադրությունները: Քաղաքացիական պատերազմը Հայաստանում սկսվել է և կհասնի ուժային հնարքների կիրառմանը, երբ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն Հայաստանի վասալացման կողմնակիցների նկատմամբ, ովքեր երկիրն ուզում են վերածել ռուսական գաղութի: Հայրենասերներն այլևս չեն կարող հանդուրժել այս սրիկայությունը և հայ ժողովրդի ազգային շահերի ու զգացմունքների ծաղրը: Ես երեսուն տարի պայքարում եմ այս տականքների դեմ և միանգամայն կողմ եմ նրանց նկատմամբ այդպիսի գործողություններին: Խոսքը միակ ընտրության մասին է` պաշտպանել Հայրենիքի անկախությունն ու նրա անվտանգությունը:

– Եթե համարում ենք, որ այսօրվա իրավիճակը պետք է անհապաղ փոխել, այդ դեպքում իշխանությունների դեմ պայքարի ո՞ր ձևն եք ավելի արդյունավետ համարում, ժողովրդի համախմբումն ընդդիմադիր ուժերի և առաջնորդի շո՞ւրջ, թե՞ քաղաքացիական հասարակության ապստամբությունը և կուսակցությունների միացումն այդ շարժմանը:

– Ապիկար խմբավորումները պետք է մեկընդմիշտ լքեն քաղաքական ասպարեզը: Հայաստանն այնպես է խրվել անհեթեթության և ծախվածության ճահճի մեջ, որ միայնակ, առանց աշխարհաքաղաքական լոկոմոտիվի, չի կարող դուրս գալ այդ վիճակից: Այդպիսի ուժ այսօր կարող են լինել Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն (ոչ էլ նույնիսկ Եվրամիությունը): ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Հայաստանում երեք գործընկեր և դաշնակից ունեն` Հայաստանի բանակը, Ղարաբաղի բանակը և երիտասարդների սերունդը, որը հաջողությունների է հասել կրթության, ձեռնարկատիրության, մասնագիտական և քաղաքացիական ակտիվիզմի ոլորտներում:

– Բայց մյուս կողմից` շատ են հոռետեսները, ովքեր համոզված են, որ հայ հասարակությունն այլևս ի վիճակի չէ պայքարել: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

– Ցանկացած հասարակություն, նույնիսկ ամենաքաղաքականացվածն ու ինքնաբավը, բարենպաստ ակնկալիքների և հույսի կարիք ունի: Այդպիսի հույսեր առաջացան Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում` Արևմտյան հասարակության ակտիվացման արդյունքում: Հայաստանն ազդանշաններ և հույսեր ստացավ ԱՄՆ-ի գեոստրատեգիային և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար: ԱՄՆ-ը արդեն սկսել է Հայաստանի անվտանգության պայմանների և գործոնների նոր տեսլականի ձևավորումը: ԱՄՆ-ը Թուրքիայից և Ադրբեջանից պահանջել է հրաժարվել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու մտադրությունից: Սա փաստ է, բայց փաստերը ժամանակի ընթացքում կարող են ճշգրտվել, եթե Հայաստանն ինքը չվերանայի իր դերն ու նշանակությունը անվտանգության գլոբալ համակարգում:

Տեսանյութեր

Լրահոս