Բաժիններ՝

Malaysia Airlines-ի վթարը վերջակետ դրեց ռուսական հեքիաթին. The Washington Post

Հուլիսի 18-ին ամերիկյան The Washington Post թերթում հրապարակվել է հոդվածագիր Էնն Էփլբաումի «Malaysia Airlines-ի վթարը ռուսական հեքիաթի վերջն է» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Malaysia Airlines-ի MH 17 օդանավի վթարի շուրջ քննարկումները շարունակելուց առաջ շատ կարևոր է պարզել հետևյալը. այդ կործանումը դարձավ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ներխուժման ուղիղ հետևանքը: Խոսքն այնպիսի գործողության մասին է, որը միտումնավոր ուղղված է իրավական, քաղաքական ու ռազմական քաոս ստեղծելուն:

Եթե չլիններ այդ քաոսը, ապա «երկիր-օդ» դասի հրթիռը երբեք չէր հայտնվի ուղևորատար ինքնաթիռում: Ռուսաստանի կառավարությունն ի սկզբանե Ուկրաինա չի ուղարկել կանոնավոր բանակի զինվորներ: Դրա փոխարեն նա այնտեղ ուղարկել է վարձկանների ու անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցների:

Նրանց թվում են հայտնվել Իգոր Ստրելկովը` ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարարն ու ռուսական գաղտնի ծառայությունների գնդապետը, ով մասնակցել է չեչենական երկու պատերազմին, և Վլադիմիր Անտյուֆեևը, ով ԴԺՀ-ի «փոխվարչապետն» է և 1991 թվականին գլխավորել է Լատվիայում ՊԱԿ-ի գործողությունը, ինչը կոչված էր տապալելու անկախ լատվիական կառավարությունը:

Ռուսական գաղտնի ծառայությունների այդ աշխատակիցները տեղի ավազակների օգնությամբ գրավել են ոստիկանատներ, կառավարական շենքեր և քաղաքական իշխանությունների այլ խորհրդանիշներ, որպեսզի ուկրաինական կառավարությանը զրկեն լեգիտիմությունից:

Այդ առաջադրանքը կատարելիս նրանց օգնել են ռուսական կառավարությունն ու ռուսական պաշտոնական մամուլը, որոնք ցայժմ շարունակում են սևացնել Ուկրաինան և նրա «նացիստական» կառավարությանը:

Նախորդ շաբաթ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսական մամուլի ռեպորտաժները հասել են հիստերիայի նոր գագաթնակետի, որոնցում սեփական տարածքը պաշտպանելու ուկրաինական բանակի փորձերը համեմատվում են Ռուանդայում իրականացված ցեղասպանության հետ:

Եվ այդպիսի երկիմաստ ու անկայուն իրավիճակում ռուսները ցինիկաբար շարունակում են Ուկրաինա ուղարկել ծանր սպառազինություն. գնդացիրներ, հրետանային զենք և անգամ տանկեր, զրահատրանսպորտներ ու զենիթային հրթիռներ:

Վերջին մի քանի օրերին անջատողականները բաց կերպ օգտագործել են շարժական զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) և հայտարարել են այն մասին, որ իրենց հաջողվել է վայր գցել ուկրաինական բանակի մի քանի խոշոր տրանսպորտային ինքնաթիռ: Բնականաբար, նրանք դա կարող էին անել միայն ռուս մասնագետների օգնությամբ:

Հուլիսի 17-ին Ստրելկովը համացանցում գրեց այն մասին, որ իրենց հաջողվել է կործանել ուկրաինական ևս մեկ մարտական ինքնաթիռ, և միայն հետո իմացավ, որ այդ ինքնաթիռը պատկանում է Malaysia Airlines-ին: Նա արագորեն ջնջեց այդ գրառումն իր բլոգում:

Հունիսի վերջին ռուսական մի շարք լրատվական գործակալություններ հրապարակեցին «Բուկ» ԶՀՀ-ների լուսանկարները, որոնց, նրանց հաղորդմամբ` տիրել են անջատողականները, թեև իրականում ավելի հավանական է, որ Ռուսաստանն ինքն է դրանք նվիրել նրանց: Այդ գրառումները նույնպես ջնջվեցին:

Հենց այս համատեքստում ուղևորատար օդանավի ուղղությամբ արձակվեց զենիթային հրթիռը. անօրինականության տիրում, ոչ բավականաչափ նախապատրաստված զինվորներ, որոնք ունակ չեն հաշվարկել ռադարների ցուցումները, մարդկային կյանքի հանդեպ բացարձակ արհամարհանք, միջազգային նորմների, օրենքների ու չափորոշիչների անտեսում:

Ի դեպ, Ուկրաինայի արևելքում գոյություն չունի որևէ զենիթային հրանոթ, որը կպատկաներ ուկրաինական կառավարությանը, քանի որ անջատողականները չեն թռչում ինքնաթիռներով: Ցայժմ ավանդական այդ մեթոդները ձեռնտու են եղել ռուսներին:

Դրանք նյարդայնացրել ու շեղել են ուկրաինական կառավարությանը, միաժամանակ օտար երկրներին և մասնավորապես եվրոպական երկրներին հնարավորություն տալով իրավիճակին նայել «մատների արանքով»:  Քանի որ դա «իրական» պատերազմ չէր, այն կարելի էր անվանել որպես «տեղական» և «վերահսկելի», ուստիև այն չդարձավ առաջնահերթ օտար որևէ պետության արտաքին քաղաքական առաջնահերթություն:

MH 17 օդանավի կործանումն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար վերջ դրեց «անիրական պատերազմի մասին» հեքիաթին: Այն հենց նոր խլեց 298 մարդու կյանք, որոնց մեծ մասը եվրոպացիներ են: Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, և որ դա առնչվում է միայն Դոնեցկի բնակիչներին: Ռուսները նույնպես այլևս չեն կարող ձևացնել:

Հաշվի առնելով, որ հեքիաթին վերջ է տրվել, շուտով մենք հարկադրված կլինենք ընդունել մի շարք ակնհայտ բաներ: Առաջին հերթին մենք շուտով կիմանանք, թե արդյոք Արևմուտքը պատրա՞ստ է 2014 թվականին ահաբեկչության դեմ պայքարել նույն վճռականությամբ, ինչպես որ 26 տարի առաջ էր:

Երբ 1988 թվականին լիբիական կառավարությունը Լոկերբիի մոտ (Շոտլանդիայի հարավ) կործանեց Pan American World Airways-ի օդանավը, Արևմուտքը մեկուսացրեց լիբիական վարչակարգին: Արդյոք մենք կարո՞ղ ենք նույնը տեսնել ներկայումս, թե՞ այդ միջադեպը վերստին կանվանեն «աղետալի պատահականություն» և կմերժեն հետաքննության արդյունքները` դրանք համարելով «ոչ համոզիչ»:

Ներկայումս արդեն բավական չէ պարզապես հայտարարել այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ է դադարեցնել կրակը, ինչպես որ արդեն արել է Օբաման: Այժմ անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից դուրս բերել ռուս բոլոր վարձկաններին ու զենքը:

Արևմուտքն ու ողջ աշխարհը պետք է պնդեն, որ Ուկրաինայի արևելքում վերստին հաստատվի ուկրաինական պետական ինքնաիշխանությունը, որպեսզի ի հայտ չգա ևս մեկ ձգձգվող, սառեցված հակամարտություն: Մենք որևէ հետաքրքիր բան կիմանանք նաև Ռուսաստանի նախագահի մասին:  Ռուսաստանը դեռ ցույց չի տալիս շոկի կամ ամոթի որևէ ցուցիչ:

Սակայն իրականում այդ աղետը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս դուրս գալ այն բարդ իրավիճակից, որը նա ստեղծել է Ուկրաինայի արևելքում: Այժմ նա ունի հիանալի առիթ` դատապարտելու համար անջատողական շարժումը և դադարեցնել նրան աջակցելը:

Եթե նա հրաժարվի դրանից, ապա մենք հաստատապես կիմանանք, որ նա շարունակում է հավատարիմ գտնվել այդ քաոսին ու նիհիլիզմին, որը նա հրահրել է Դոնեցկում: Եվ մենք կկարողանանք ենթադրել, որ նա մտադիր է դրանք տարածել նաև մյուս մարզերի վրա: Եվ եթե մենք չպայքարենք դրա դեմ, ապա պետք է պատրաստ լինենք դրանց հետագա տարածմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս