Երևանում կինը մեղավոր է ճանաչվել «Odnoklassniki»-ում ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը տեղադրելու մեջ

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ Երևանում բնակվող կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու սիրուհու նկարը «Համադասարանցիներ» համացանցային կայքում տեղադրելու մեջ:

Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել հետևյալի համար, որ նա «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու անվամբ կայքէջ, որտեղ առանց նրա համաձայնության՝ տեղաղրել է վերջինիս մերկ լուսանկարը՝ այդպիսով տարածելով ամուսնու նախկին սիրուհու վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդված): Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ ապացուցված է համարում՝ ամբաստանյալ կինն արել է իրեն վերագրվող արարքը:

Ինչով է դատարանն ապացուցված համարել ամբաստանյալի մեղքը
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.

1. Տուժող ճանաչված ամբաստանյալի ամուսնու նախկին սիրուհու ցուցմունքով՝ այն մասին, որ համատեղ ապրել է ամբաստանյալի ամուսնու հետ, համատեղ կյանքից ունեն մեկ երեխա, նրա հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բնակվել են միասին: Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, ինքը հեռացել է այդ տղամարդուց և վերադարձել Հայաստանի Հանրապետություն: Հետագայում տեղեկացել է, որ տղամարդն ունի կին և երեք երեխա: Ապա իր «Համադասարանցիներ» ինտերնետային կայքէջին հյուր է եկել իր անուն-ազգանունով ստեղծված կայքէջի օգտատեր` կայքէջին տեղադրված իր մերկ լուսանկարով: Նշված կայքի օգտատիրոջ հետ նամակագրության միջոցով պարզել է, որ այդ կայքը ստեղծել է այդ տղամարդու կինը:

Կարդացեք նաև

2. Տուժողի քույրը ցուցմունք է տվել, որ «Համադասարանցիներ» համացանցային կայքում ունի բացված կայքէջ, մի օր երեկոյան ժամերին նշված կայքէջին հյուր են եկել իր քրոջ անվամբ կայքէջից, որտեղ տեղադրված է եղել քրոջ մերկ լուսանկարը: Ինքը քրոջը հարցրել է, թե այդ ի՞նչ կայքէջ է, քույրը պատասխանել է, որ այն ստեղծել է տղամարդու կինը:

3. Վկա ճանաչված տղամարդը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսնացած է ամբաստանյալ կնոջ հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեն երեք երեխա: Սիրային կապի մեջ է գտնվել գործով տուժողի հետ, որի հետ համատեղ կյանքից ունեն մեկ երեխա: ՌԴ-ում, երբ տուժողը գտնվել է լոգարանում, ինքն իր բջջային հեռախոսով գաղտնի, մերկ վիճակում լուսանկարել է նրան: Ինքը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երբ զանգահարել է տուժողը և հայտնել, որ իր կինն իր անվամբ ստեղծել է կայքէջ, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը: Ինքը տուժողին տեղեկացրել է, որ երբ իրենք միասին գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում` ինքն է բջջային հեռախոսով լոգարանում մերկ լուսանկարել նրան:

Այնուհետև խոսել է իր կնոջ հետ, վերջինս հայտնել է, որ երբ ինքը գտնվել է Հայաստանում` իր հեռախոսի մեջ տեսել է տուժողի մերկ լուսանկարը և իրենից գաղտնի ներբեռնել իր բջջային հեռախոսի մեջ, որից հետո «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է կայքէջ, և այնտեղ տեղադրել լուսանկարը:

Դատարանում տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի մերկ լուսանկարը կայքէջում տեղադրել է իր անչափահաս որդին: Այդ մասին իրեն հայտնել է կինը, սակայն տեղյակ լինելով, որ կինը մեղքն իր վրա է վերցրել` ինքն այդ մասին քննիչին չի ասել:

4. Բջջային հեռախոսի զննություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ ամբաստանյալ կնոջ բջջային հեռախոսի մեջ հայտնաբերվել է տուժողի մերկ լուսանկարը: Ամբաստանյալը հայտարարել է, որ այդ լուսանկարով ինքը «Համադասարանցիներ» ինտերնետային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ:

5. Ամբաստանյալի նախաքննական ցուցմունքով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է տղամարդու հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեն երեք երեխա: Ամուսինը սիրային կապի մեջ է գտնվել տուժողի հետ, ինչի արդյունքում ունեն մեկ երեխա: Ամուսինը հաճախ մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բնակվել է տուժողի հետ: Երբ ամուսինը գտնվել է Երևանում և բնակվել է իր հետ, օգտվելով ամուսնու բացակայությունից` նայել է նրա հեռախոսն ու տեսել տուժողի մերկ լուսանկարը:

Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը: Այնուհետև այդ կայքէջով հյուր է գնացել տուժողի, նրա քրոջ կայքէջին, ինչպես նաև հիշյալ կայքէջին հյուր են եկել այլ օգտատերեր, որոնց ինքը չի ճանաչում, և տեսել են տուժողի մերկ լուսանկարը: Ինքը զղջացել է կատարած արարքի համար և խնդրում է իր նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատարանում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի անվամբ կայքէջը «Համադասարանցիներ» ինտերնետային կայքում բացել է իր անչափահաս որդին, որտեղ և տեղադրել է տուժողի մերկ լուսանկարը: Նախաքննության ընթացքում պաշտպանելով որդուն` ինքն իր վրա է վերցրել մեղքը: Տուժողի քաղաքացիական հայցը չի ընդունում:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում որպես վկա հարցաքննվել է ամբաստանյալի անչափահաս որդին, ով հայտնել է, որ տուժողի մասին տեղեկացել է ծնողների վեճերից, երբ նա իր կայքէջից հյուր է եկել իրեն: Իր կայքէջում նա տեղադրել է տարբեր լուսանկարներ` հոր հետ գրկախառնված, իսկ երբ ինքը պահանջել է ջնջել այդ լուսանկարները` տուժողը հրաժարվել է: «Համադասարանցիներ» ինտերնետային կայքում ինքը նոր էջ է բացել իր համար, սակայն տուժողի նկատմամբ ունեցած զայրույթից դրդված՝ այդ կայքէջում տեղադրել է նրա մերկ լուսանկարը: Այդ կայքէջի գաղտնաբառը հայտնի է եղել միայն իրեն: Հաջորդ օրը մայրը պահանջել է ջնջել տուժողի նկարը, և ինքն այն ջնջել է կայքէջից: Իր մայրը համակարգչին լավ չի տիրապետում, նա կայքէջ չի կարող բացել, ընդամենը հավաքում է հասարակ տեքստեր:

Դատարանի իրավական վերլուծությունը
Վերլուծելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, դատարանը գտել է, որ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքը` տուժողի մերկ լուսանկարը կայքէջում իր անչափահաս որդու կողմից տեղադրելու մասով, իրականությանը չի համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով:

Վերլուծելով վկաներ՝ ամբաստանյալի ամուսնու և որդու ցուցմունքները, դատարանը գտել է, որ վկաների՝ դատարանում տված ցուցմունքները` տուժողի մերկ լուսանկարը կայքէջում անչափահասի կողմից տեղադրվելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում ամբաստանյալին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված վերոհիշյալ ապացույցներով:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 դրամ գումարի չափով: Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանի վճռով՝ քաղաքացիական հայցը` ամբաստանյալից մեկ միլիոն 100 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին, թողնել առանց քննության:
Նշենք, որ դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

Պատրաստեց՝ Օֆելյա Հովհաննիսյանը

Տեսանյութեր

Լրահոս