Բաժիններ՝

«Քրեական հանցագործին նշանակեցին ԱՄՆ-ում դեսպան…»

Հուլիսի 10-ին «Նաիրիտի» աշխատակիցների ցույցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնպիսի կեցվածք էր ընդունել, կարծես նախկինում գործարանի խնդիրներին երբևէ չի առնչվել, թալանից անտեղյակ է և անկեղծորեն ցանկանում է գտնել մեղավորներին: Վերջերս «Նաիրիտի» հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած սլովակ ներդրողների վերաբերյալ Աբրահամյանը բավականին անտարբեր է արտահայտվել, իսկ նաիրիտցիների հետ հանդիպմանը միայն նշվել է, որ սլովակներին առաջարկվել է ծրագիր ներկայացնել: Մինչդեռ անցած ամիս ՀՀ այցելած ներդրողներին, հիշեցնենք, ուղարկել էին Մոսկվա` Միջպետական բանկի հետ հաշիվները պարզելու համար, որտեղ գրավադրված են գործարանի բաժնետոմսերը:

Ներդրողներին Հայաստան հրավիրել և ուղեկցել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով իր հերթին` զարմացած է վարչապետի զարմանքից: «168 Ժամի» հետ զրույցում նա հայտնեց իր տարակուսանքը, թե ինչպես կարող էր վարչապետը ցույցի ժամանակ հայտարարել, թե չգիտի, որ ներդրողներ կան, երբ հենց իր խնդրանքով 2 նամակ էր փոխանցվել իրեն:

«Շատ զարմանալի ու ծիծաղելի է, որովհետև մենք իրեն ձեռք մեկնեցինք՝ մեր սկզբունքներին դեմ գնալով, քանի որ այսօրվա կառավարությունն այն կառավարությունը չէ, որ կարող է ընդհանրապես որևէ գործ անել, առավել ևս՝ երկիր փրկել: Այս կառավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդից: Բայց ՀՀ արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու համար մենք «քարը մեր փեշից թափեցինք» ու ձեռք մեկնեցինք, բայց իրենք նման տարօրինակ կերպով են արձագանքում»:

«Նաիրիտի» վերագործարկման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը կուտակված հսկայական պարտքն է, որի հիմնական, առավել դժվարամարս բաժինն ԱՊՀ Միջպետական բանկինն է: ԵՀՄՖ նախագահը հայտնեց, որ Միջպետական բանկին նամակ են գրել, որ պատրաստ են բանակցելու և որոշակի պայմանների դեպքում վերականգնելու գործարանը, ու այժմ սպասում են բանկի պատասխանին:
«Նաիրիտ» պայմանական անվանումը ստացած կոնսորցիումի մեջ ներգրավված են Սլովակիայի, Չեխիայի, Ավստրիայի, Բուլղարիայի խոշոր կազմակերպություններ, այդ թվում` «Energy Trans Group», «ղՌՎՐպՎՏվՑ», «Synco Group» և այլն: Կոնսորցիումի ներկայացուցիչներն առաջիկա երկուշաբթի օրը կրկին Երևանում կլինեն և, Գրիգորյանի խոսքով, 2 օր կաշխատեն «Նաիրիտում»:

Կարդացեք նաև

Նախատեսվում է առաջին փուլում 30 մլն եվրո ներդնել և վերագործարկել ացետիլենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությունը` տարեկան 10 հազար տոննա, այնուհետև բութադիենային տեխնոլոգիայի անցնելու, ծավալներն ավելացնելու և տարեկան 25 հազար տոննա արտադրելու համար ներդրվելու է 45 մլն, երրորդ փուլում` 80 մլն եվրո: Ծրագիրը գրավոր ներկայացվել է ՀՀ կառավարությանը:

Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներդրողները ծանոթացել են անցած տարի գործարանում բրիտանական «Jacobs Consultancy Limited» ընկերության իրականացրած աուդիտի արդյունքների հետ: «Աուդիտում կա պատվերի հոտ, նախնական պատվիրատուների կողմից այն հատուկ խնդրանքով է իրականացվել»,- նկատեց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, աուդիտի եզրակացությունը հիմք կընդունվի վերագործարկման ժամանակ:

Ըստ Ա.Գրիգորյանի՝ անհասկանալի վախ կա իշխանավորների շրջանում, որ եթե «Նաիրիտի» հետ կապված գործերով անկախ փորձագետներ զբաղվեն, Աստված գիտի, թե ինչեր կարող են բացահայտվել:

Առաջին հերթին, Գրիգորյանի խոսքով, գործարանի կուտակած պարտքից ավելի քան 300 մլն դոլարը պետք է վերադարձնեն «Նաիրիտի» թալանի հիմնական մեղավորները՝ ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում Միջպետական բանկի ներկայացուցիչ, «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը. «Թե այդ կողոպուտի որ մասն ով է յուրացրել, թող իրենք որոշեն: Ինչո՞ւ պետք է Հայաստանի պետական բյուջեից վճարվի այդ կողոպուտը: Ամենասարսափելին այն է, որ քրեական հանցագործին նշանակեցին դեսպան ԱՄՆ-ում ու տվեցին դիվանագիտական անձեռնմխելիություն: Սա արդեն ցինիզմ էլ չի, ավելի ահավոր է: Ժողովրդի շահերին բացահայտ դեմ են գնում: Բայց, անկասկած, ճնշման տակ հասնելու ենք նրան, որ կամ պետք է «Նաիրիտն» աշխատի, կամ պետք է պատժվեն այդ մարդիկ, ովքեր միտումնավոր կխոչընդոտեն: Երրորդ տարբերակ չկա»:

Սարգսյան-Մովսիսյան-Մելքոնյան եռյակի դերը «Նաիրիտի» թալանի գործում բազմիցս լուսաբանվել է: Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի անտեղյակությունը, թերևս, տեղին է մեկ անգամ ևս թվարկել մի քանի հանգամանքներ.

  • 2006թ. ամռանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյանի առաջարկությամբ կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց «Նաիրիտի» բաժնեթղթերը ջրի գնով վաճառել «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը:
  • 2006 թ. Միջպետական բանկի խորհրդի նախագահ Տ. Սարգսյանի միջնորդությամբ բանկը «Նաիրիտի» սեփականատեր օֆշորային «Rhinoville Property Limited» ընկերությանը հատկացրեց առաջին վարկը՝ 70 մլն դոլար, երկրորդ վարկը՝ 100 մլն դոլար, հատկացվեց 2009-ին, երբ Սարգսյանն արդեն վարչապետ էր, իսկ բանկի ներկայացուցիչը ՀՀ-ում Վ.Մելքոնյանն էր:
  • 2011 թ. դադարեցվեցին ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում իրականացվող ստուգումները, թեև տեսչությունը լուրջ խախտումներ էր հայտնաբերել 2 ուղղությամբ` իրանական «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դրամ` «Նաիրիտի» «պարտությանը», և 2009 թ. Վ. Մելքոնյանի` «Մեգատեքս» ընկերությունը գնելու համար Միջպետական բանկից վերցրած 10 մլն դոլար վարկի հետ կապված:

Ի դեպ, չնայած ակնհայտ հանցակազմին՝ Ոստիկանությունում քրգործ չհարուցվեց: Իսկ դատական ատյաններում իրանական ընկերությունների հետ խարդախություններում «Նաիրիտի» մութ գործարքներն իրականացնողների շահերի պաշտպանի դերում հանդես եկավ դատավոր Արա Կուբանյանը: Չմոռանանք մի անուն ևս՝ անցած տարի ամռանը, երբ շրջանառվում էր «Ռոսնեֆտի» անունը, որ ստանձնելու է «Նաիրիտի» կառավարումը, գործարանի փոխտնօրենի «յուղոտ» պաշտոնից հրաժարվեց Տ.Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս