Գայլուկը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։ Նպաստում է մաշկի և ներքին լորձաթաղանթների բջիջների վերականգնմանը, ամրացնում է մազարմատները, ունի հակաալերգիկ ազդեցություն։

Գարեջրի խմորիչ
Խմորիչը, նույնն է` դրոժը, ստանում են գարու ածիկի և գայլուկի խառնուրդի ջրային լուծույթի խմորման ընթացքում։
Գարեջրի խմորիչի փոքր սնկիկի մեջ կենտրոնացած են բազմաթիվ օգտակար նյութեր, այն վիտամինների, արժեքավոր ամինաթթուների և սպիտակուցների (մոտ 50 %) շտեմարան է։ Գարեջրի խմորիչն օգտագործվում է` որպես կենսաբանորեն ակտիվ հավելված, որը լրացնում է B խմբի վիտամինների սակավությունը։ Պարունակում է նաև նիկոտինաթթու, բիոտին, E վիտամին, օգտակար ճարպաթթուներ, կալցիում, մագնիում, երկաթ, մարգանեց, ցինկ և այլն։

Գարեջրի խմորիչն օգտագործվում է բժշկության մեջ` նյութափոխանակությունը լավացնելու համար, հիպովիտամինոզի, սակավարյունության, շաքարային դիաբետի, հեպատիտի դեպքում։ Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը։ Գարեջրի խմորիչի կիրառումը թույլ է տալիս ներարկվող ինսուլինի չափաբաժինը` 1-ին տիպի շաքարային դիաբետի, և թեթևացնում է հիվանդության ընթացքը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում։
Զգուշացում. Կարևոր է իմանալ, որ վերոգրյալը չի վերաբերում գարեջրին։
Գարեջրի խմորիչը վաճառվում է փոշու և հաբերի ձևով, կամ կարելի է գնել գարեջրի գործարաններից թարմը` հեղուկ վիճակում։ Թարմ խմորիչի սնկերն ավելի ակտիվ են։

Կարդացեք նաև

Ժողովրդական դեղատոմսեր` գարեջրի խմորիչով
Շաքարային դիաբետ. 100 մլ եռջրում լուծեք գարեջրի խմորիչ` 2 թ/գ փոշի կամ 10 հատ դեղահաբ։ Խմեք օրը 1 անգամ, ուտելուց կես ժամ հետո։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթ անց։
Նյութափոխանակության խանգարում, չիբաններ. Խառնեք 100 մլ կաթ և 50 մլ գարեջրի հեղուկ խմորիչ։ Խմեք օրը 1 անգամ. ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Հեպատիտ. Խառնեք մանրացրած (չբոված) արևածաղկի 2 ճ/գ սերմ և 1 թ/գ գարեջրի խմորիչ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 1-2 անգամ։ Ապահովում է B2 վիտամինի օրգանիզմի 1-օրյա պահանջը։ Շատ օգտակար միջոց է։
Կորյակներ, մաշկի ալերգիկ ցան. 1 ճ/գ գարեջրի հեղուկ խմորիչը խառնեք 100 մլ ջրի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Գայլուկի կիրառումը ժողովրդական բժշկությունում
Աթերոսկլերոզ. Գայլուկի 1 ճ/գ մանրացրած չոր կոնը 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Տախիկարդիա. 1 ճ/գ կոները 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 1 անգամ։
Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. 2 ճ/գ կոները 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Խորհուրդ է տրվում` որպես ախորժակը լավացնող միջոց։
Քրոնիկ հեպատիտ, խոլեցիստիտ. 200 մլ տաք կաթի և ջրի խառնուրդի մեջ լուծեք 2 ճ/գ չոր կոն կամ 2 ճ/գ գայլուկի մատղաշ ցողունից և ճյուղերից ստացված թարմ հյութ, 3-4 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, անհրաժեշտության դեպքում քամեք խմելուց առաջ։
Տրոմբոֆլեբիտ, թոքերի, մաշկի տուբերկուլյոզ, մալարիա, բրոնխների ասթմա, որդաթափ միջոց, ցիստիտ, ուրետրիտ, սիֆիլիս. 1 ճ/գ կոնը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։

  • Տուբերկուլյոզի դեպքում 8 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 50-100-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։

Երիկամների հիվանդություններ. 1 ճ/գ կոնը լցրեք 1 լ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա (միջին կրակ), 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` մեղրաջրի մեջ։
Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. 15 գրամ չոր կոնը 10 օր թրմեք 100 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք թանզիֆով։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, 50 մլ գոլ ջրի հետ, ուտելուց 1 ժամ առաջ։
Նևրոզ. 25 գ չոր կոնը 10 օր թրմեք 80 մլ բժշկական սպիրտի մեջ, քամեք։ Խմեք 3-5 կաթիլ նախաճաշից և քնելուց առաջ` 1 ճ/գ գոլ ջրի հետ։

  • 1 թ/գ չոր կոնը 4 ժամ թրմեք ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք քնելուց առաջ։ Կանխարգելում է երազախաբության առաջացումը։

Անքնություն. Խառնեք գայլուկի կոն, դաղձի տերև, կատվախոտի արմատ (1։1։1)։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում` տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։
Մահճակալի կողքին կամ բարձի տակ դրեք կոներով լցված փոքր բարձիկ։
Քնելուց առաջ խմեք գայլուկի կոնով պատրաստված թեյ. կես թ/գ կոնը 20 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։
Հոդացավ. 1 ճ/գ կոնը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, դրեք թրջոց։
Հոդատապ, ռևմատիզմ. Փոշիացրեք կոները, խառնեք անալի կարագի կամ հալեցրած խոզի ճարպի հետ (1։1)։ ներմերսեք հիվանդ հատվածին։
Էկզեմա. Խառնեք 1-ական թ/գ կատվալեզու եռաբաժանի (Bidens tripartita) խոտ, գայլուկի կոն, 2 ժամ թրմեք 150 մլ եռջրում՝ տաք տեղում, քամեք։ Խմեք գոլ վիճակում օրը 1 անգամ, քնելուց կամ ուտելուց առաջ։ Նույն թուրմով լվացեք հիվանդ մասերը։

Յուղամզվածք. Փոշիացրեք կոները, լցրեք ապակյա տարայի երեք քառորդը, ավելացրեք ձիթապտղի յուղ, տարան ծածկեք, 5 ժամ թրմեք արևի տակ։ Քանի որ գայլուկը կլանում է բուսայուղը, կրկին լցրեք յուղ՝ 5-6 սմ բարձր հումքից։ 2 շաբաթ թրմեք տաք տեղում, պարբերաբար թափահարեք կամ խառնեք փայտե գդալով։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար՝ տրոֆիկ խոցերի, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, ռադիկուլիտի, նյարդային բնույթի ցավերի դեպքում։
Մազարմատներն ամրացնող. 1 ճ/գ կոնը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 90 րոպե թրմեք՝ տաք տեղում, քամեք քառատակ թանզիֆով։ Ներմերսեք գլխամաշկին։

  • Խառնեք գայլուկի կոն, կեչու և եղինջի տերև (1։1։1)։ 2 ճ/գ թարմ հումքը (1ճ/գ չոր) 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։

Մաշկը հարթեցնող, դեմքի գույնը լավացնող. 2 ճ/գ կոնը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմը տաքացրեք և խառնեք վարսակի փաթիլներ։ Համասեռ զանգվածը քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով։
Զգուշացում։ Խստորեն պահպանեք չափաբաժինները, խորհրդակցեք բժշկի հետ։ Հակացուցված է դեպրեսիայի դեպքում և հղիության շրջանում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս