Բաժիններ՝

Արմինե Հայրապետյան. «Մեր երկիրը պետք է սկսենք փոխել կրթական համակարգից»

Արմինե Հայրապետյանին շատերը ճանաչում են իբրև հեղինակ-կատարող, սակայն քչերը գիտեն, որ նա ծառայում է ՀՀ Զինված ուժերում և ունի կապիտանի կոչում, դասախոսում է Երևանի պետական համալսարանում, կատարում է հնագիտական հետազոտություններ ու այս ամենի հետ մեկտեղ` օրինակելի մայր է:

– Ինչպե՞ս եք հասցնում այս ամենը համատեղել:

– Երբ թվարկեցիք, ինքս էլ մտածեցի, թե ինչպե՞ս եմ հասցնում, և առաջին հայացքից` օտար ականջին կթվա, թե այս դեպքում բացեր ու կիսատ բաներ կլինեն, շատ բաներ թերի կմնան, եթե փորձում ես միաժամանակ բոլոր տեղերում լինել: Չեմ ժխտում, որ իսկապես հնարավոր է, որ լինեն բացեր, բայց ամեն դեպքում` յուրաքանչյուր տեղում և յուրաքանչյուր դերի ու գործի մեջ ես փորձում եմ անել առավելագույնը:

Իմ թևից անբաժան է ժամացույցս, որի միջոցով յուրաքանչյուր րոպեի ճշտությամբ ընթանում է հաշվարկս: Եվ այն երիտասարդներին, ովքեր գուցե հարց կունենան, թե ինչպե՞ս է հնարավոր սովորել ու միևնույն ժամանակ` աշխատել, ես վստահ կարող եմ ասել, որ մեծ ցանկության ու օրը ճիշտ կազմակերպելու դեպքում ամեն բան հնարավոր է: Ես ունեմ խորը համոզմունք, որ ժամանակն իսկապես առաձգական է, այսինքն` հնարավոր է նաև ձգել ժամանակը, դա կախված է մեր ներքին ժամացույցի աշխատանքից:

Եթե մենք ներսից շտապում ենք, անհանգիստ ենք, ապա ոչինչ չենք հասցնի: Երբ ես բոլոր անելիքներս անում եմ ներքին անշտապ, հանգիստ վիճակում, ամեն ինչ հասցնում եմ: Իսկ երբ ունենում եմ ներքին շտապողականություն, անհանգստություն, ապա ոչինչ չեմ հասցնում, որովհետև կրճատվում է ժամանակս:

– Տարբեր առիթներով միշտ նշում եք, որ կնոջ կոչումn առաջին հերթին մայր լինելն է, բայց հիմա աղջիկների մեծ մասը նախընտրում է կարիերան` ընտանիք կազմելը մղելով երկրորդ պլան: Որպես բազմազբաղ կին` ի՞նչ խորհուրդ կտաք այդ աղջիկներին:

– Հայաստանում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որի պատճառները բազմաթիվ են: Մեր աղջիկներn ուշ են ամուսնանում կամ ընդհանրապես չեն ամուսնանում, ամուսնացածներն էլ շատ արագ ամուսնալուծվում են. ստացվում է այնպես, որ միայնակ կանանց ու աղջիկների թիվը չափից ավելի շատ է:

Եթե այս կամ այն պատճառով չի ստացվում, որ կինը կամ աղջիկը կազմի ընտանիք, ժողովրդական լեզվով ասած` «բախտը չի բացվում», դա լրիվ այլ խնդիր է: Իսկ երբ նպաստավոր բոլոր պայմանները կան, որ աղջիկն ընտանիք կազմի, բայց նախընտրում է կարիերան, այդտեղ արդեն շատ լուրջ վտանգ կա:

Կարիերայի ձգտումը ոչ թե ներսից պետք է լինի, այլ այն արտաքին անհրաժեշտությունից, որ դու հենց այն տեսակն ես և այնպես ես համապատասխանում տվյալ ոլորտին, որ առանց քեզ անհնար է: Կարճ ասած` եթե լավագույնը չես լինելու տվյալ ոլորտում, ուրեմն` մի գնա այդ կարիերային, եթե կարող ես լավագույնը լինել, դա այլ բան է և այլ որակ:

Իսկապես կան աշխատանքներ և առաքելություններ, որտեղ տվյալ մարդ-անհատի ներկայությունը պարտադիր պետք է լինի: Այս դեպքում քայլերը հաջորդիվ են դասավորվում. ընտանիք կազմող տղան և աղջիկը հասկանում են տվյալ գործի կարևորությունը և ամեն ինչ այնպես են դասավորում, որ գործն ընտանիք կազմելուն չխանգարի և՝ հակառակը: Շատ կարևոր է , որ աշխատող ամուսինները գաղափար ունենան միմյանց նախասիրությունների ու աշխատանքի բնույթի մասին, որպեսզի աշխատանքից հետո փորձեն ցրել լարվածությունն ու հոգնածությունը, այլ ոչ թե ամեն մեկն իր մասին մտածելով՝ անընդհատ վեճեր հրահրի ընտանիքում:

Ամեն ինչ պետք է ունենա իր տեղն ու ձևը, բայց ամենից առաջ` սեր, հարգանք, փոխըմբռնում և փոխադարձ վստահություն: Դրանց միասնությամբ կարելի է ունենալ և՛ լավ ընտանիք, և՛ կարիերա, լինել լավ ամուսին, կին և լավ աշխատող` ճիշտ ժամանակի մեջ տեղավորելով բոլոր անելիքները: Այս ամբողջը ներքին կարգապահության խնդիր է:

– Հայաստանում (և ոչ միայն) երգերում սկսել է պակասել մեղեդայնությունը, տարբեր ժանրեր խառնվել են իրար, ու անհասկանալի ինչ-որ ուղղություններ են ի հայտ եկել, ինչպե՞ս կանխել սա:

– Կարծում եմ` իմաստ չունի որևէ բան կանխել: Պատկերացրեք` դուք փորձեք կանխել անձրևը և անձրևի հետ իջնող, քաղաքի վրա կուտակված փոշին: Ժամանակին, եթե մենք ուրախանում էինք, որ անձրև է գալիս, ուրեմն` ավտոմեքենաս կմաքրվի, ապա հիմա սարսափում ենք, որ այն կկեղտոտվի, որովհետև այդ փոշին իջնում է անձրևի հետ: Երաժշտական աշխարհը և ընդհանրապես արվեստի աշխարհը նմանատիպ անձրև է: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այդ աղտոտված անձրևի նման է:

Ինչ խոսք` կան բարձրադիր լեռնային գոտիներ, որտեղ անձրևն այնքան մաքուր է գալիս, որ երանության մեջ ընկնելով` անձրևաջուրը կարող ես հավաքել ու խմել: Բայց կա քաղաք, կան խառը ճաշակներ, կա փոշի, որը, գալով անձրևի հետ, թունավորում է կյանքդ: Մեր երաժշտությունը ներկա պահին հենց այդպիսին է:

Պետք է նախ հասկանալ, թե ինչու է այդպես: Ես չեմ խոսում էքսպերիմենտալ երաժշտության մասին, որովհետև համադրված փորձերին ու նոր տեսակների ի հայտ գալուն դեմ չեմ, այլ հարց է, թե դրանք որքան ժամանակ կենսունակ կլինեն: Պիտի ստեղծվեն շատերը, բայց գոյություն ունի հսկայական «ժամանակի մաղ», որը մաքրելու է ամեն անպետք բան:

Պետք չէ վախենալ, որ կան նորաթուխ աստղիկներ, որ կան օրական հազարներով գրվող նոր երգեր, որոնք երգ համարելն այնքան էլ ճիշտ չէ, պետք չէ վախենալ, որ դրանք ծագում են, այլ պետք է վախենալ, որ դրանք բուն են դնում մարդկանց սրտերում:

Armine-Hayrapetyan1

– Իսկ ինչո՞ւ են բուն դնում մարդկանց սրտերում:

– Որովհետև այնտեղ դատարկություն է, և առաջին իսկ պատահած աղբը կարող է լցնել այն: Դատարկ չի լինի, եթե մեր երեխաները` երկու-երեք տարեկանից սկսած, հենց մանկապարտեզ մտնելիս՝ մուտքի մոտ մի քանի րոպե դասական երաժշտություն լսեն: Դա դժվար չէ կազմակերպել:

Մեր կրթական հաստատությունները պետք է ճիշտ ձևով ղեկավարվեն: Ոչ թե մտածեն քննական թեստեր կազմելու մասին, որ երեխաներն ընդհանրապես մոռանան գրելը ու միայն ձևաթուղթ լրացնել սովորեն, այլ փորձեն ճիշտ ձևով ուղղորդել: Կանխել որևէ բան հնարավոր չէ, կարելի է կանխարգելել:

Ճաշակը չես կարող բուժել: Փոքր հասակից պետք է երեխային ընտելացնել իսկական արվեստին, հետո արդեն նա շատ լավ կհասկանա, թե ո՞րն է իրական երաժշտությունը, ու չի կարողանա լսել խառնածին երաժշտություն: Մարդն իր մեջ օրվա ընթացքում պետք է ունենա դասականության գոնե մեկ վայրկյան, մեկ վայրկյան զգա իրեն այդ մաքուր օդի, մաքուր շնչի, տիեզերական այդ մեկ ակնթարթի մեջ:

– Հայ հեղինակ-կատարողներին ինչո՞ւ ենք հազվադեպ տեսնում հեռուստաեթերում:

– Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ ընդհանրապես հեռուստատեսությամբ ինչ-որ երգ ներկայացնելու համար պետք է ունենալ համապատասխան տեսահոլովակ, ինչը հեղինակային ժանրի մեջ մի փոքր բարդ է այն առումով, որ շատ հաճախ ավելի հեշտ է, որ կիսամութի մեջ մեկ հոգի պատմի իր այդ լեգենդը, առակը, բալլադը, և մարդիկ իրենք իրենց պատկերացմամբ գնան դրա հետևից:

Իսկ երբ փորձես 2-3 դերասանի մասնակցությամբ ժամանակակից պատկերացմամբ լավ տեսահոլովակ նկարել, ապա երգը կտուժի: Այսինքն` վիզուալ դարձնելու ու հնչեցնելու մեջ մի փոքր հակասություն կա: Իհարկե, լինում են ճաշակով աշխատանքներ, որը մեծ միջոցների հետ է կապված:

Սուբյեկտիվ պատճառն այն է, որ բազմիցս լսել եմ, թե մենք կոմերցիոն չենք, լսարան չենք հավաքում, այսինքն` մեզ ձեռնտու չէ ներկայացնել: Բայց միևնույն ժամանակ՝ կա նաև հակառակ կողմը. մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք իրենց տարբեր հաղորդումների ժամանակ պարբերաբար անդրադառնում են հայ հեղինակ-կատարողներին: Կարծում եմ` կգա ժամանակ, երբ եթերը կփնտրի բովանդակային նյութ և ո՛չ կոմերցիոն: Այս սուբյեկտիվ կողմը բավականին լուրջ է և ցավոտ:

Մեզ հազարավոր երիտասարդներ են լսում. բացօթյա համերգների ժամանակ ասեղ գցելու տեղ չկա: Դա տեսնելով` հասկանում ես, որ այս արվեստը բոլորովին էլ հնացած ու տաղտկալի չէ: Շատ ցավալի է, բայց մեր հումորային հաղորդումների երիտասարդները մեկ-մեկ փոքրիկ կծոցներով անդրադառնում են մեզ` ասելով, թե մի հոգի է եկել համերգին, ու երգիչն իրեն կոտորում է: Հումորն ու ծիծաղը պետք է գոնե մի փոքր իրականությանը մոտ լինեն: Մենք հանդիսատեսի պակաս երբևէ չենք ունեցել: Մենք ունեցել ենք ինֆորմացիոն հովանավորների խնդիր: Հասարակությունը հաճախ չգիտի մեր գոյության մասին զուտ ինֆորմացիայի պակասի պատճառով:

Համախոհ երաժիշտներով` մեր ավագ ընկերների օգնությամբ, հիմնել ենք «Բարդերի ակումբը» (The Club), որը գործում է արդեն 5 տարի, ու այդ 5 տարիների ընթացքում ամեն ուրբաթ համերգներ ենք ունենում, ու հանդիսատեսը երաժշտին երբեք մենակ չի թողնում:

– Ձեր բոլոր երգերում արծարծված են լուրջ թեմաներ: «Երբ ծառաները տերեր դարձան» երգում այսօրվա վիճակի այնքան տիպիկ բնութագրում կա, երբ մարդկանց մեծ մասը հեռանում է երկրից: Ի՞նչ լուծում եք տեսնում:

– Երգի բողոքն այն է, որ ցածր հոգևոր դիրքում գտնվող մեկը, որը բարձրի, գեղեցիկի, վեհի արժեքը չի հասկանում, հանկարծ իշխանություն է ձեռք բերում ու իրեն արքա է զգում: Մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է պատահել. մեկ էլ կյանքը փոխվում է, ու նա է դառնում քո ղեկավարը: Խոսքն այն մարդու մասին է, ով արժանի չէ դրան:

Երբ սերնդափոխությունը ճիշտ է լինում, ամեն ինչ ճիշտ է լինում, ու «երբ ծառաները տերեր դարձան» ձևակերպումն այլևս հարիր չի թվում: Բայց տվյալ երգում և մեր իրականության մեջ ցավալի է, որ շատ են եղել և կան նման դրսևորումներ, երբ բացարձակ անգրագիտության, անկրթության ու տգիտության արդյունքը, որը միայն ֆինանս ունի, այն էլ` անհասկանալի ու տարօրինակ ծագման ֆինանս, քեզ ոտքից գլուխ չափում է, գնահատում է հագածիդ արժեքը ծայրից ծայր ու ասում, թե քեզնից ի՞նչ գիտնական, եթե գիտնական լինեիր՝ այդ օրին չէիր լինի:

Ա՛յ սա է ցավը, երբ տեսնում ես, որ այդ ասողի գլխի կեղևի հաստությունը մի մատնաչափից ավելի է, ու ուղեղի ծավալի համար տեղ չկա, որ նա ամբողջությամբ կազմված է սալերից ու տարբեր մսերից:

Մեր ժողովրդի մեջ կա մի առակ, որը չպիտի լիներ. դա «Գայլն ու գառը» առակն է, որը ես իմ երեխաներին չեմ սովորեցրել: Ես չեմ ուզում մեր մեծերից որևէ մեկին կամ առակագրին մեղադրել. դա, իհարկե, փայլուն գործ է և ճշմարիտ ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը, բայց այդպես չպիտի լինի:

Ո՞վ է ասել, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս, որ լինենք գառը, իսկ գայլը վեր կենա ու մեզ հոշոտի: Թույլը միշտ պիտի լինի խնամված, թույլի կողքի պետք է կանգնի ուժեղը, եթե նրա մոտ չի ստացվում, ձեռքը բռնի ու առաջ տանի: Մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք մարդ ենք և իրավունք ունենք կարծիք, միտք ունենալու:

Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, բայց ժողովրդի կարծիքն ո՞վ է հարցնում: Շատ հեշտ է, երբ մի հոգի ասում է` այսպես ենք անելու, և մյուսները հնազանդվում են, այսինքն` լինի դիկտատուրա` ասվեց և արվեց: Բայց դու դնում ես այս արժեքը, կողքին` մյուսը: Ուզում ես աշխարհին համապատասխանել, ուրեմն համապատասխանիր մտքովդ, էությամբ, կրթությամբ, համապատասխանիր ամբողջությամբ, լիովին: Ոչ թե աչքակապուկ ենք խաղում.

«Դրսից ուրիշի աչքն ենք հանել, ներսից` մերը»:
Իսկ արտագաղթը որևէ ձևով կանգնեցնել հնարավոր չէ: Ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշին ասել, որ իր միակ կյանքը այստեղ պետք է ապրի: Ես նույնիսկ չեմ կարող եղբորս ձեռքը բռնել ու ասել` մի՛ գնա: Կարող եմ միայն ինքս մնալ:

Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, որովհետև իրադրությունը լավագույններից մեկը չէ. տեսնում ես ծայրաստիճան անարդարություն, երբ աշխատող մարդը, առավոտից երեկո քրտինքը վրայից ծորալով, առանց լավ աշխատանքային պայմաններ ունենալու՝ մի կերպ աշխատում է և ծայրը ծայրին չի հասցնում, ստիպված է առաջին անհրաժեշտության բաները խանութից պարտքով գնել, դա անարդար է, դա մարդուն ստիպում է, որ ինքը ելք փնտրի: Այդ մարդուն ամենաթանկ հայրենասիրության մտքերով անգամ չենք կարող քաջալերել ու ասել, որ պետք է մնա հայրենիքում. դրա իրավունքը չունենք:

– Իսկ ո՞րն է ելքը:

– Մարդիկ չպետք է լռեն, չպետք է կուլ տան անարդարությունները, պետք է դուրս գան այդ գառան հոգեբանությունից: Հայոց մեջ ընդունված բան է, ասում է. «Ինչո՞ւ ես ասեմ, վատամարդ դուրս գամ, թող ուրիշն ասի»: Ի՞նչ ասել է՝ հայերեն «վատամարդ» արտահայտությունը: Ես դա չեմ հասկանում: Բոլորը բողոքում են պատուհանի տակ, դռների հետևում, իրար թիկունքի հետևում, բայց ոչ ոք այդ պահին տղամարդկություն չի ունենում, որ կանգնի ու ասի այն, ինչ մտածում է:

Բոլոր մեծ պետություններն իրենց ներկայիս մակարդակին հասել են հեղափոխության միջոցով, հայի ասած` «անօգուտ պայքարների», ինչ-որ «անհեթեթ, ցնդած» պայքարողների միջոցով: Եթե չի ստացվում, ուրեմն` պետք է պայքարել:

Մեր երկիրը պետք է սկսենք փոխել կրթական համակարգից: Բոլոր հարցերի պատասխանը ես կարող եմ կրթական համակարգում ցույց տալ: Իսկ այսօր մեր կրթական համակարգը սարսափելի ճգնաժամի մեջ է: Ես դա ձեզ իբրև դասախոս եմ ասում, մի մարդ, ով շփվում է այդ կրթական համակարգի արդյունքի հետ: Մենք` դասախոսներս, փորձում ենք փոխել, հղկել մի բան, որն արդեն ծուռ է դրված:

Գալիս են տարրական գիտելիքների բացարձակ բացակայությամբ, և համատարած երևույթ է դա: Նույնիսկ այն երեխաները, որոնք ջանասիրաբար աշխատում են, փորձում են ինքնակրթվել, իրենց մակարդակն անգամ շատ համեստ ու սեղմ է:

Ես հորդորում եմ բոլորին. նախ և առաջ ինքնակրթվեք, իմացեք, թե ով եք դուք, ինչ իրավունքներ ունեք, ինչպիսին են ձեր երկրի օրենքները, տեր կանգնեք ձեր իրավունքին, մի՛ լռեք, կուլ մի՛ տվեք անարդարությունը, մի՛ դարձեք ինքներդ անարդարության զոհ և մի՛ ստեղծեք անարդարություն:

– Ձեր խոսքում նշեցիք, որ նկատում եք «տղամարդու» ինստիտուտի դեգրադացիա, այսինքն` Հակոբ Մնձուրու ու Հրանտ Մաթևոսյանի կողմից 20-րդ դարում բարձրացված հարցն ակտուալ է նաև 21-րդ դարում:

– Էլի քաղաքակրթության վնասների մասին պետք է նշեմ: Մենք ձգտում ենք բացարձակ, լիարժեք կոմֆորտի: Այսօր տղամարդիկ ֆիզիկական աշխատանքով համարյա չեն զբաղվում: Ֆիզիկական աշխատանքին փոխարինում են ավտոմատ սարքերը, մեքենաները, ուրիշ աշխատողներ, այսինքն` փոխարինում է փողը:

Ֆիզիկական աշխատանք չանելով` դառնում են գրացիլ, իսկ գրացիլիզացիան (նրբայնացումը) դառնում է գենետիկ փոխանցվող բան: Մեր քաղաքաբնակ հասարակությունն ունի այդ պրոբլեմը: Գյուղի աշխատավոր մարդիկ բամբասանքի, որևէ մեկից կախված լինելու, նեղվելու կարիք չունեն:

Այն մարդիկ, ովքեր բնության մեջ են ապրում, արթնանում ու քնում են բնության հետ, ավելի ազնիվ են, ավելի առաքինի ու վստահելի, կանացիությունը կանացիություն է, տղամարդկությունը` տղամարդկություն:

– Բայց այդ նույն գյուղացին` գալով քաղաք, ավելի շուտ է ապականվում:

– Մեղադրելի չէ, որ մարդիկ, տեսնելով ինչ-որ մի բան քաղաքում, ցանկանում են ունենալ` չգիտակցելով, որ հետո այն իրենց գլխին չարիք է դառնալու: Քաղաքակրթությունն ինչքան գեղեցիկ ու հաճելի կողմեր ունի, հազար անգամ ավելի շատ վնասներ ունի, որոնք գիտակից մարդիկ պետք է կարողանան բալանսավորել:

– Ձեր որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական ֆիլմերում, ինչպես` Մաիտե Ժարդենի «Հիշողության խոռոչներ» և Վրույր Թադևոսյանի «Պատերազմից հետո» կինոնկարները. առաջարկներն ինչպե՞ս եղան:

– Մաիտե Ժարդենն իմ շատ սիրելի ավագ ընկերուհին է, ով տարիներ շարունակ Հայաստանում էր ապրում, իսկ հիմա վերադարձել է Ֆրանսիա: Առաջին անգամ հենց «Հիշողության խոռոչներ» ֆիլմի համար էր եկել Հայաստան, բայց հետո մնաց և նկարահանեց ևս մեկ ֆիլմ («Մայր Հայաստան» վերնագրով), որտեղ ես էլի երգում եմ, բայց այս անգամ՝ ոչ իմ հեղինակային երգերից, այլ «Արի, իմ սոխակ» օրորոցայինը:«Հիշողության խոռոչներ» ֆիլմն այն մասին է, թե ինչպես եվրոպական երկրներից մեկում պեղումներ են արվում, ու մի հնագետի հետքերով գալիս են Հայաստան:

Ֆիլմում հնչած երգս կոչվում է «Պատ»: Այն շատ մոտ է ժամանակակից իրականությանը. պատի մի կողմում աղբանոցն է, որտեղ մարդիկ նետում են իրենց մեղքերը, իսկ մյուս կողմում փորձում են լավն ու անթերի երևալ:

Եթե Մաիտեն պատահական էր լսել երգս ու ասել, որ հենց դա պետք է դրվի ֆիլմում, ապա Վրույրի ֆիլմի դեպքում մի հետաքրքիր բան եղավ. ֆիլմի հերոսուհին` Անահիտը, իր հերթին է ասում, որ ունի մի ընկերուհի ու կուզեր, որ Վրույրն իրեն լսի, իսկ Վրույրն էլ մեր համերգներին ներկա լինելով՝ արդեն որոշել էր, թե ում պետք է ընտրի: Արդյունքում՝ երկուսն էլ հենց ինձ են նկատի ունեցել:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմի սկիզբն ազդարարող տեսահոլովակում նկարահանվեց մի տղա, ով եղել է իմ աշակերտը: Արմանը` իմ աշակերտը, շատ է հուզվում, երբ իմանում է, որ իր պատմության ուսուցչուհու տեսահոլովակում պետք է նկարահանվի: Ես ևս շատ հուզված էի:

Սիրում եմ նման զարմանալի զուգադիպություններ, որոնք իմ կյանքում այնքան շատ են, որ ես համոզված եմ, որ դրանք ոչ թե զուգադիպություններ են, այլ օրինաչափություններ, որոնք ցույց են տալիս, որ կա իսկական հրաշք, որին պետք է հավատալ, և, որ աշխարհը գեղեցիկ դարձնողները մենք ենք և ուրիշ ոչ ոք:

Հարցազրույցը վարեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս