Բաժիններ՝

Պտտաձողերի ու հնարքների թագավորությունում (լուսանկարներ, տեսանյութ)

Street Workout փողոցային մարզաձևը հասանելի է բոլորին. այստեղ չկա պայքար կամ հաղթանակ, այլ կան մի խումբ ճկուն ու առողջ երիտասարդներ: Չկան նաև մարզիչներ ու խիստ կանոններ. մարզիչներն այստեղ ավելի փորձառու մարզիկներն են, իսկ մրցույթները պարզապես ընկերական ու հաճելի հավաքույթներն են:

Ի տարբերություն մյուս մարզաձևերի՝ Street Workout-ում առաջնային նպատակը ոչ թե հաղթանակն է կամ մրցույթին մասնակցելը, այլ առողջությունը: Եթե ուրիշ մարզաձևերում մարզիկները տարիներով մարզվում են, որպեսզի հետո մասնակցեն մրցույթների՝ հաղթելու նպատակով, և նույնիսկ մեդալին հասնելու համար կարող են վնասել իրենց առողջությունը, ապա այստեղ պայքար չկա:

Մարզվո՞ւմ ես Street Workout-ով՝ ուրեմն արդեն հաղթող ես, ու եթե հասնում ես այն սահմանին, որ հաջորդ քայլը կարող է վտանգավոր լինել առողջությանդ համար, ուրեմն պետք է կանգ առնես:

street-workout (1)

Կարդացեք նաև

 

street-workout (2)

street-workout (3)

Աշխարհում այս մարզաձևի առաջացման մասին միանշանակ պատասխան չկա. կարծիք կա, որ Street Workout-ն առաջացել է Ամերիկայում, սևամորթների շրջանում, բայց մեր մարզիկների կարծիքով՝ սա նույն խորհրդային տարիների ֆիզկուլտուրան է, երբ բոլորը մարզվում էին պտտաձողերի և զուգաձողերի վրա, պարզապես Ամերիկայի սևամորթներն այս մարզաձևի համար նոր «տրյուկներ» են հնարել ու գեղեցկացրել մարզաձևը՝ անվանելով Street Workout՝ փողոցային մարզումներ:

Մարզիկները, ովքեր մեծ ցանկություն են ունեցել զբաղվել սպորտով, և գումար չունենալու պատճառով՝ չեն կարողացել այցելել մարզասրահ, սկսել են մարզվել փողոցում, որը ոչ միայն անվճար է, այլև հասանելի է բոլորին: Իսկ արդեն մեր ժամանակաշրջանում, երբ ամենուր հասանելի է համացանցը, Street Workout-ը ձեռք է բերել մասսայական ճանաչում ու իր շուրջն է համախմբել առողջ ապրելակերպի ձգտող բազմաթիվ երիտասարդների:

street-workout (5)

street-workout (6)

street-workout (7)

Հենց համացանցի շնորհիվ է, որ այսօր մեր հայ մարզիկները գտել են իրար, տարածել իրենց գաղափարներն, ու հիմա արդեն աշխարհում հայաստանյան Street Workout-ը 5-րդն է համաշխարհային մակարդակով, որ համարվում է մարզական հասարակական կազմակերպություն: Մարզաձևն ավելի պաշտոնական դարձնելու համար 2013թ. հոկտեբերին նրանք գրանցվեցին որպես հասարակական կազմակերպություն՝ տեղ զբաղեցնելով Street Workout-ի առաջատար երկրների՝ Ուկրաինայի, Ղազախստանի ու Ռուսաստանի կողքին:

Այս տարի հուլիսի 20-ին հայկական Street Workout-ը կդառնա 2 տարեկան՝ շնորհիվ այն երիտասարդների, ովքեր համախմբեցին ատլետներին Street Workout Armenia անվան շուրջ:

street-workout (8)

street-workout (9)

Այդ ակտիվ երիտասարդներից մեկն էլ Արթուր Հարությունյանն է՝ կազմակերպության ղեկավարը, ով, բանակից վերադառնալով՝ իր ընկերների ու շարժման համախոհների հետ կազմակերպեց առաջին հավաքը Հրազդանի կիրճում գտնվող հայտնի «Բիձեքի գյոլում», որից հետո նրանց միացան բազմաթիվ մարզիկներ, ու սկսվեց հավաքների շարանը:

Այժմ նրանք ամեն կիրակի հավաքվում են «Հանրապետական» հիվանդանոցին կից այգում՝ հատուկ Street Workout-ի համար պատրաստված պտտաձողերի ու զուգաձողերի թագավորությունում: Այդ մարզահրապարակը միակն է Երևանում, որ հենց այս մարզաձևի համար է նախատեսված, ու վատ չէր լինի, որ երևանյան բոլոր բակերում լինեին այսպիսի հարմարություններ, որպեսզի երիտասարդները հենց իրենց բակում մարզվեին՝ առողջ ապրելու ցանկությամբ վարակելով իրենց թաղի տղաներին:

Այժմ նրանք միայն այս տարածքով են սահմանափակվում, մրցույթների ժամանակ էլ նրանց միանում են նաև Հայաստանի մարզերի ատլետները:

Նրանց բոլորն են այստեղ ճանաչում ու սիրում: Տեսնելով ատլետների ընկերական պարապմունքներն ու ապշեցնող «տրյուկները»՝ շատերն են միանում մարզումներին կամ պարզապես հիանում ցուցադրություններով:

street-workout (24)

street-workout (11)

 

street-workout (13)

Այս ամենին հաճելի տրամադրություն է հաղորդում դինամիկ երաժշտությունը, որը գրեթե միշտ հնչում է մարզահրապարակում ու ոգևորում է և՛ատլետներին, և՛ շրջապատող «հանդիսատեսին»: Այստեղ չկա նաև տարիքային սահմանափակում. իրենց պարապմունքներին հնարավոր է տեսնել շատ ու շատ փոքրիկների ու նույնիսկ պապիկների, ովքեր վերհիշելով իրենց խորհրդային տարիներին, ոչ պակաս պրոֆեսիոնալ ձևով մարզվում են երիտասարդ ատլետների կողքին:

Հայկական Street Workout-ը մեկ տարում հասավ այնպիսի հաջողությունների, որին մյուս երկրները տարիների ընթացքում են հասել, ու այս տարի Հայաստանը մասնակցելու է Մոսկվայում հուլիսի 26-ին կայանալիք աշխարհի գավաթին, որտեղ մասնակցում են ավելի քան 55 երկիր: Street Workout-ում մեր մարզիկները նույնիսկ այնպիսի արդյունքների են հասել, որ համաշխարհային հնարքների կողքին կան նաև հայկականները, որոնց հեղինակը Հայաստանի չեմպիոն Սերգե Թևոսյանն է, ում տեսահոլովակը մեկ միլիոնից ավելի դիտում ունի համացանցում, իսկ իր անունով կոչվող՝ «Թևոսյանի» հնարքներն, իրենից բացի, աշխարհում ոչ ոք դեռ չի կարողացել կատարել:

Այսպես օր օրի նոր շարժումներ են հնարվում աշխարհում, ուժեղ մարզիկները կատարում են նոր ու ավելի բարդ հնարքներ, որոնք համացանցային տեսանյութերի շնորհիվ հայտնի են դառնում բոլորին:

Այսպես էլ առաջանում է սպորտի գաղափարը, ու շատերի մոտ սկսում է մեծանալ մրցակցային ոգին, որի արդյունքում էլ այս մարզաձևը բաժանվում է երկու ճյուղի. ատլետներ, ում համար կարևորն առողջությունն է ու ֆիզկուլտուրան, և մարզիկներ, ովքեր տարվում են պրոֆեսիոնալ սպորտով ու լավագույնը լինելու ձգտումով:

street-workout (15)

street-workout (16)

street-workout (17)

Բայց, այնուամենայնիվ, չենք մոռանում, որ վորքաութցիների համար առաջնայինն առողջությունն է, և, որ թեժ ու վտանգավոր պայքարն այստեղ հասցված է մինիմալի: Ինչ վերաբերում է հայկական մրցույթներին, ապա այստեղ մրցույթները միշտ այնքան ընկերական միջավայրում են անցկացվում, որ հաղթողին ընտրում է հանրությունը, իսկ «ձևական» մրցավարներն ու ժյուրին միանշանակ համաձայնում են հանդիսատեսի հետ, քանի որ Street Workout-ը զերծ է խիստ ու պարտադիր կանոններից:

Քանի որ արդեն կա պրոֆեսիոնալ գիմնաստիկա, Street Workout-ում էլ հանդիպում են նույն զուգաձողերի, պտտաձողերի և օղակների վարժությունները, պարզապես՝ ավելի պարզեցված ու ավելի հարմարեցված բակային պայմաններին:

Սպորտային գիմնաստիկայում գերադասելի են տեխնիկական վարժությունները, այսինքն՝ դինամիկ ցատկերը, թռիչքները, սալտոները, իսկ Street Workout-ում նախապատվությունը տրվում է ուժայինին: Street Workout-ի վարժությունները վտանգավոր չեն, ու ցանկացողները կարող են բակային պայմաններում հանգիստ մարզվել ու երկար մարզումներից հետո կատարել բոլոր հնարքները:

Եթե ուրիշ սպորտաձևերում մարզիկներն ամբողջությամբ տրվում են սպորտին ու ձգտում են հասնել օլիմպիական արդյունքների, այլևս ժամանակ ու հնարավորություն չեն ունենում ավարտել որևէ բուհ ու ձեռք բերել այլ մասնագիտություն, ապա Street Workout-ով զբաղվող ատլետները ոչ միայն զարգանում են ֆիզիկապես, այլ նաև մտավոր՝ համատեղելով սպորտը կրթության հետ:

street-workout (18)

street-workout (20)

street-workout (22)

Մեծ մասն այստեղ սովորում են տարբեր համալսարաններում և ունեն այլ մասնագիտություններ, բայց շարունակում են մարզումները՝ Street Workout-ում էլ պրոֆեսիոնալ դառնալու ձգտումով:

Թվում է, թե այս մարզաձևով պետք է միայն տղաները զբաղվեն, ովքեր մարզվում են գեղեցիկ արտաքին ունենալու և նաև գեղեցիկ սեռի կողմից նկատված լինելու համար, բայց իրականում ունենք նաև համարձակ աղջիկներ, ովքեր միանալով բակային մարզումներին՝ շատ հաճախ չեն զիջում իրենց կողքին մարզվող հակառակ սեռի ներկայացուցիչներին:

Անշուշտ, կան որոշակի տարբերություններ հենց վարժությունների մեջ. աղջիկների համար հնարավոր է՝ փոքր-ինչ հեշտացված լինեն շարժումները, որպեսզի նրանք ոչ թե ունենան տղաների պես արտահայտված մկաններ, այլ մարզված ու գեղեցիկ արտաքին և, իհարկե, առողջ մարմին:

Չկան խիստ ու հատուկ կանոններ, բայց կան չգրված պայմաններ մարզիկների համար. Street Workout-ով զբաղվող մարզիկը պետք է հետևի առողջ ապրելակերպին ու հրաժարվի ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց:

street-workout (23)

street-workout (24)

street-workout (25)

«Այստեղ ոչ թե պետք է ասել՝ ինչ վատ է, որ ծխում ես, այլ պետք է ցույց տաս, թե՝ ինչ լավ է, որ չես ծխում: Հենց ծխողները պետք է գան, որ տեսնեն մեզ ու հրաժարվեն վատ սովորություններից:Առողջ ապրելակերպը նաև հատուկ դիետաները չեն, առողջ ապրելու համար պետք է ամեն օր մարզվես ու հետևես առողջությանդ»,- այսպես է կարծում Street Workout-ի կազմակերպության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Առողջ ապրելակերպ խրախուսելու համար նրանք նաև ունեն STREET WORK OUT ARMENIA լոգոյով վերնաշապիկներ, որոնք իրավունք ունեն հագնել միայն չծխող ու չխմող երիտասարդները: Նրանք անում են ամեն ինչ՝ առողջ ապրելու և դիմացինին իրենց ապրելակերպով վարակելու համար, նրանց հարկավոր չէ գումար՝ մարզասրահներ այցելելու և մարզիչներ վարձելու համար, նրանց այսօր հարկավոր են միայն հարմարավետ մարզահրապարակներ ու նաև հաճախակի աջակցություն՝ միջոցառումներ ու հաճելի հավաքներ կազմակերպելու համար:

Տեսանյութում ներկայացնում ենք Սերգե Թևոսյանի հնարքները.

ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս