Չի բացառվում, որ հայերը Վրաստանում հանգստանալով՝ որոշ հիվանդություններ ներմուծեն Հայաստան

«Վարակիչ հիվանդություններն այն հիվանդություններն են, որոնք ունեն սեզոնականություն. ունենք ձմռան և ամառային ամիսներին բնորոշ հիվանդություններ: Ամառային ամիսներին բնորոշ են հիմնականում աղիքային վարակները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը՝ նշելով, որ վարակիչ հիվանդությունների առանձնակի աճ չկա:

Ինֆեկցիոնիստն ամռան ամիսներին վարակներից հեռու մնալու համար հետևյալ խորհուրդը տվեց.

«Անկեղծ ասեմ, մեր ժողովուրդը զգոն է, մենք հաճախ մեր ժողովրդին փորձում ենք ամեն ինչում կրթել, դաստիարակել, սովորեցնել, բայց երբ շփվում ենք նրանց հետ, տեսնում ենք, որ լավ էլ կրթված են, ամեն ինչից տեղյակ են:

Բնականաբար, առաջին հերթին՝ ես խորհուրդ կտամ, որ մարդիկ հետևեն իրենց հիգիենային: Մրգերը, բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է լավ լվանալ, ձեռքերը պետք է տուն մտնելիս լավ լվանալ:

Չէ՞ որ տուն գալուց առաջ մարդիկ հազար ու մի բաների են դիպչում, տրանսպորտից են օգտվում, հազար մարդու բարևում են ձեռքով, հետո այդ նույն ձեռքերով չի կարելի երեխային սիրել, գուրգուրել. սա նույնպես վտանգավոր է: Այսինքն՝ տուն մտնելիս պետք է անմիջապես ձեռքերը լավ լվանալ»:

Ինֆեկցիոնիստն ասաց նաև, որ իրենք հիմնականում օգոստոսի երկրորդ կեսին են սպասում որոշ հիվանդությունների բարձրացման, որովհետև հայերը շատ հաճախ մեկնում են հանգստանալու Վրաստան՝ ծովափնյա շրջաններ (Բաթում, Քոբուլեթի, Ուռեկի), և չի բացառվում, որ այնտեղից որոշ հիվանդություններ ներմուծեն:

Տեսանյութեր

Լրահոս