Հայաստանում ինֆարկտների դեպքում ստենտավորումը պետպատվերի շրջանակո՞ւմ կիրականացվի

Երևանի 7 կլինիկայում, ինչպես նաև Գորիսի սրտաբանական կենտրոնում և Գյումրիի ԲԿ-ում իրականացվում են ինվազիվ սրտաբանական ծառայություններ։ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անցած 20 տարվա ընթացքում բավականաչափ մասնագետներ է պատրաստել, որոնք հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր կենտրոններում։ Շատ մասնագետներ վերապատրաստումներ են անցել նաև աշխարհի առաջատար կլինիկաներում։

Եվ պատահական չէր, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող կենտրոնների ղեկավարների և սրտաբանների աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը նշեց, որ Հայաստանում այժմ կա անհրաժեշտ ներուժ` մեկ տարվա ընթացքում միջազգային խնդիր համարվող այս ոլորտում թռիչքային հաջողությունների հասնելու և եվրոպական ցուցանիշներն ապահովելու համար։

Նա ներկայացրեց Եվրոպայում և ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Նշեց, որ Եվրոպայում սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիների 95 տոկոսն ապրել է։

Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը մեկ տարվա ընթացքում մահանում է։ Ուշագրավ է, որ ինֆարկտ-միոկարդի դեպքում ստենտավորման եվրոպական ամենաբարձր ցուցանիշն այժմ Չեխիայում է` կազմելով 95 տոկոս (միջին եվրոպականը` 65%)։

ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենաներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանն առաջարկեց միանալ «Stent for life» միջազգային շարժմանը, որը հնարավորություն կտա ստենտավորումը հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բնակչության առնվազն 70 տոկոսի համար։ Իսկ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։

«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում:

Առաջընթացը զգալի է»,- նկատեց Բագրատ Ալեքյանը:

Պրոֆեսորի հավաստմամբ` ժամանակն է, որ Հայաստանը ևս քայլեր ձեռնարկի ինֆարկտների դեպքում ստենտավորումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ինվազիվ սրտաբանական ծառայությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի և մատչելի դարձնելու խնդիր է դրել։

Քննարկվեցին, թե ծառայությունն ընդլայնելու և բարելավելու նպատակով ինչպիսի պայմաններ և հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ։ Կարևորվեցին թե՛ ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը, թե՛ առողջության առաջնային օղակի և շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու և հիվանդին ամենակարճ ժամանակում մոտակա, նման հնարավորություն ունեցող կլինիկան տեղափոխելու համար և այլ հարցեր։

Քննարկման մասնակիցները կիսվեցին իրենց մտահոգություններով, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով: Առաջարկ եղավ սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկել սուր ինֆարկտների դեպքերը։

«Մեր նպատակը ոչ միայն ինֆարկտի դեպքում մարդկանց կյանքը փրկելն է, այլև զուգահեռաբար այնպիսի աշխատանքներ տանելը, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ դիմեն առողջության առաջնային պահպանման օղակ, անհրաժեշտ մի շարք հետազոտություններ անցնեն, որպեսզի առողջական նման խնդիրները կանխվեն կամ վաղ հայտնաբերվեն»,-ընդգծեց նախարարը:

Նա կարևորեց առողջ ապրելակերպը` չծխել, ալկոհոլը և անառողջ սնունդը չչարաշահել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանթային, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչներ և Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ, գնահատելով իրավիճակը, հանդես գալ կոնկրետ առաջարկներով:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին նախարար Արմեն Մուրադյան շնորհակալություն հայտնեց Բագրատ Ալեքյանին Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն այցելելու և իր փորձին հաղորդակից դարձնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս