Դիվերսիա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Վերջին ամիսներին ու հատկապես վերջին շաբաթներին Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների համադրությունը ցույց է տալիս, որ նախապատրաստվում է չափազանց վտանգավոր ու նույնքան կեղտոտ սցենար, որն ինչ-որ պահի պարտադրվելու է հայ հասարակությանը: Անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի պարտադրանքով Ադրբեջանի ներկայացրած պահանջների գրեթե անվերապահ կատարման պատրաստակամություն՝ ընդհուպ մինչև ազատագրված տարածքների վերադարձի հնարավորություն՝ որպես Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու կանխավճար, տարածաշրջանում ռուսական զորքերի տեղակայման արդեն բացահայտ ցանկություններ:

Այս ամենի ֆոնին ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրվում է միջադեպերի, հայ զինվորների սպանությունների աճ, կրակահերթեր ոչ միայն՝ հայկական զինուժի, այլև բնակավայրերի, գյուղերի, արոտավայրերի ուղղությամբ: Մյուս կողմից՝ արդեն Հայաստանում «քաղաքական միտքը» հետևողականորեն քարոզում է եվրասիականացման հեռանկարում խորհրդային անցյալի վերադարձը, հիշում է խորհրդային ժողովուրդների «համերաշխության ու միասին ապրելու» մասին, ավելի «ուլտրաները»՝ կոչ են անում հակառակորդի դիվերսիաներին ի պատասխան՝ պայթեցնել ադրբեջանական նավթամուղները, և այլն:

Այսինքն՝ տեղի է ունենում թաքնված, թաքնված, բայց համակարգված գործընթաց երկու ուղղություններով՝ պատերազմի վերսկսման քարոզչություն-սպառնալիք՝ մի կողմից, եվրասիականացման «կարմիր հեռանկարի» քարոզչություն՝ մյուս կողմից:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ երկուսը հասարակությանը գիտակցական և ենթագիտակցական մակարդակում ներկայացվում-ներարկվում են՝ որպես այլընտրանք: Ավելի պարզ ասած՝ պատերազմի սպառնալիքից խուսափելու այլընտրանքը Եվրասիական միությանն անդամակցությունն է՝ անգամ ազատագրված տարածքները վերադարձնելու և Ղարաբաղին Ադրբեջանի համաձայնած որևէ կարգավիճակ տալու, նույնիսկ՝ չտալու դիմաց:

«Համաձայն չեք, պատրաստվեք պատերազմի»: Իմա՝ նաև ձեր երեխաների զոհվելուն: Իմա՝ նաև ավելի վատ ապրելուն, բայց որ ավելի հավանական է՝ մեռնելուն: «Կամ համաձայնեք եվրասիականացման խաղաղ ու նոստալգիկ հեռանկարին»: Հաշվի առնելով Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արժեքային համակարգի դեգրադացիան, իշխող վերնախավի ամենաթողությունն ու գերարտոնյալությունը, դժվար չէ ենթադրել, թե այս տարբերակներից որը կընտրի հայ հասարակությունը՝ եվրասիականացումը: Դժվար չէ մոտավորապես ձևակերպել անգամ այդ ընտրության հիմնավորումը.

«Մեր երեխաները գնան պատերազմ՝ զոհվե՞ն, որ պաշտոնյաների երեխաներն ավելի լա՞վ ապրեն, ձեր Ղարաբաղն էլ, դուք էլ…»: Այսինքն՝ ռուսահպատակությունը, որն առանց այդ էլ հայ հասարակության կողմից խրախուսվող ու ցանկալի հեռանկար է, փորձ է արվում անշրջելիորեն ամրապնդել նաև որպես պատերազմից՝ մահվան սպառնալիքից, խուսափելու միակ ու անփոխարինելի հնարավորություն: Թե ե՞րբ են սկսվել այս ներքին գործընթացները, հաստատապես դժվար է ասել: Դժվար չէ սակայն կռահելը, թե ում կողմից են դրանք կառավարվում և ում միջոցով են իրականացվում: Ռուսաստանը, որ Հայաստանում ազդեցություն ունի գրեթե բոլոր ոլորտներում, տիրապետում է նաև հայ հասարակության գիտակցությունը մանիպուլյացնելու թաքնված մեթոդներին, որովհետև մեթոդներին տիրապետելուց բացի ու դրանից առաջ՝ գրեթե 100 տոկոսով տիրապետում է նրանց, ովքեր Հայաստանում հասարակության վրա ազդելու «մանդատ» ունեն:

Նրանք բոլորն ազգությամբ հայ են, ոչ թե սովորական, շարքային հայեր, այլ «առանձնակի հայրենասերներ», ովքեր ճիշտ պահին զգում են, ավելի ճիշտ՝ հրահանգվում են զգալ պատերազմի սպառնալիքն ու բարձրաձայնել դրա մասին: Ու որքան ավելի շատ հայ զինվորներ են սպանվում սահմանին, այս հայրենասերների քարոզչությունն այնքան ավելի արդյունավետ է դառնում: Դա հաճելի արձանագրում չէ, սակայն ճշմարտությունը միշտ չէ, որ հաճելի է լինում:

Ինչպես որ հայրենասիրությունը: Որը, ինչպես հայտնի է ու ընդունված է ասել՝ հայրենիքն իրապես սիրող մարդկանց հոգեվիճակ լինելուց բացի, նաև ստահակների վերջին հանգրվանն է: Հայ հասարակությունն իրականում այսօր կանգնած է լրջագույն երկընտրանքի առաջ, ու երկընտրանքն այդ դրանց քարոզած կյանքի ու մահվան երկընտրանքը չէ, այլ ընտրությունը՝ հրաժարվել կամ չհրաժարվել պարտադրած ընտրությունից և մտածել ոչ թե թելադրված կարծրատիպերով, այլ սեփական խելքով: Որպեսզի գոնե մի անգամ դա չլինի վերջինը:

Պետության ու խելքի իմաստով վերջինը: Հայաստանի նկատմամբ նախապատրաստվում է դիվերսիա: Ավելի վտանգավոր, քան ադրբեջանական ռազմական դիվերսիաները: Այս՝ դեռևս թաքնված դիվերսիաներին չպատասխանելը նշանակելու է՝ կորցնել ոչ թե սահմանային կետեր կամ սահմանին կանգնած տղաների, այլ կորցնել սահմանն ընդհանրապես: Որովհետև պետություն չունեցողները չեն ունենում նաև սահմաններ:

Տեսանյութեր

Լրահոս