Քաղցկեղով հիվանդ կինն օգնության կարիք ունի «Ուզում եմ անպայման ոտքի կանգնեմ, ես աշխատող եմ, ես ամեն ինչ էլ կստեղծեմ» (տեսանյութ)

«Ես միակ հույսս կապել եմ Աստծու հետ ու ամեն գիշեր Աստծուց դա եմ խնդրում, որ մի հատ հրաշք անի, ու ես ոտքի կանգնեմ»,- 168.am-հետ զրույցում ասաց կրծքագեղձի քաղցկեղ ունեցող Լուսինե Դարբինյանը, որն իր 16-ամյա աղջկա հետ ապրում է սկեսուրի տան նախկին հավաբնում:

4 տարի առաջ կալանավորել են Լուսինեի ամուսնուն, իսկ ավագ դուստրն ամուսնացած է. «Հիմա ես ու 16-ամյա աղջիկս ենք այստեղ ապրում: Ամուսնուս 4 տարի առաջ են կալանավորել: Մեր տանից գողություն էին արել, ու երբ Ոստիկանությունը բացահայտեց գողին, նա ասաց, որ ցանկացել է մեր տնից ինչ-որ դեղեր գողանալ, որոնք իբր իմ ամուսինն ուներ: Ու նրան տվել են 6.5 տարի ազատազրկում»,- պատմում է Լուսինեն:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը` Լուսինեն, այլևս չի կարող, աշխատունակ է:
Լուսինեի ընկերները պատմում են, որ նա իր ամբողջ կյանքում աշխատել է: «Անգամ երբ հղի էր՝ աշխատում էր: Ինքը միշտ է աշխատել: Հիմա էլ աշխատում էր օղու գործարանում, ուղու շշերն էր լվանում, բայց էլ չի կարող, անգամ չի կարողանում նորմալ շարժվել»,- պատմում են ընկերները:

Բժիշկները Լուսինեին խորհուրդ են տալիս վիրահատվել, սակայն նա դրա հնարավորությունը չունի:

Կարդացեք նաև

«2 տարի է արդեն՝ ունեմ քաղցկեղ: Դիմեցի բժիշկներին, երբ հասկացա, թե ինչ է կատարվում ինձ հետ: Թերապևտը Քանաքեռի ուռուցքաբանության կենտրոնի ուղեգիր տվեց: Այնտեղ ասացին, որ ուռուցք է ինձ մոտ: 4 կուրս քիմիա ստացա, այդ քիմիաներն ինձ վրա չազդեցին, հետո երբ տեսա՝ չի ստացվում, միառժամանակ այսպես հիասթափված մնացել եմ, որ տեսա էլ ճար չկա՝ դիմեցի նրանց, այդ ժամանակ արդեն ճառագայթ նշանակեցին, ու այդ ճառագայթից հիմա կրծքիս վրա 2 այրվածք կա, որոնք չեն փակվում: Տվել է` թևս է թուլացրել: Բացարձակ չեմ կարողանում թևս ինքնուրույն բարձրացնել: Հիմա էլ ոտքս է ցավում: Բժիշկներն ասում են՝ ոսկորներս են սկսել քայքայվել: Խորհուրդ են տալիս վիրահատություն անել, բայց ես չունեմ որևէ միջոց»,- մեզ հետ զրույցում պատմում է Լուսինեն:

Արդեն մեկ ամիս է՝ Լուսինեն բժշկի չի գնում. «Որ ասել են՝ վիրահատություն պետք է արվի, և ես էլ հնարավորություն չունեմ՝ այսպես եկել եմ, նստել եմ տանը: Ձեռքս շատ է ցավում, բժշկուհուն ասեցի՝ մի դեղ, սրսկում, կամ որևիցե մի բան տվեք, ասեց՝ ոչինչ չի օգնում դրան»:

Լուսինեն ասում է՝ հույսը վերջում է մեռնում, և ինքը մեծ հույսեր ունի, որ դեռ ոտքի է կանգնելու ու պահելու է իր ընտանիքը. «Չեմ համակերպվում այս պառկած վիճակիս հետ: Ուզում եմ անպայման այս վիրահատություններն արվի, և ոտքի կանգնեմ, ես աշխատող եմ, ես ամեն ինչ էլ կստեղծեմ»:

Տեսանյութեր

Լրահոս