Տիգրան Սարգսյանը՝ Կարեն Ճշմարիտյանի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ տնտեսագիտական վերլուծությամբ, որը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների «շինարարական բումին» և տնտեսական աճին:

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարգել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում՝ 1999-2007 թվականներին: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի գնահատականները անուղղակիորեն վերաբերում են նաև նախարար Կարեն Ճշմարիտյանի աշխատանքին:

Լրագրողների հետ առաջին ճեպազրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին` ի՞նչ քայլեր պետք է կատարի տնտեսական անկումը կասեցնելու համար, ասել էր. «Պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա իրացնել իր մտավոր, ֆիզիկական կարողությունները և դրա դիմաց ստանա համարժեք նյութական և բարոյական հատուցում»:

«Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլյացիոն աճը և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5% տնտեսական անկման (շինարարության մասնաբաժինը անկման մեջ կազմեց 14.1%):

Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE)»,- իր վերլուծության մեջ գրել էր Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. «2004-2008թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր:

Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել: Ճգնաժամը բոլորիս համար ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է»:

Ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Տիգրան Սարգսյանը նաև մանրամասն բացատրել էր, թե ինչ ի նկատի ունի «շինարարական փուչիկ» ասելով::

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս