Նոր կառավարության կազմը՝ «Одноклассники»-ում և «Вконтакте»-ում

Նոր կառավարության անդամների ամենօրյա, մաս-մաս նշանակումից տպավորություն է ստացվում, որ յուրաքանչյուր վերանշանակվող, առավել ևս՝ նոր նշանակվող նախարարի նշանակումից առաջ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ասենք, «Facebook»-ի իր էջում տեղադրում է նշանակվողի լուսանկարը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Like»-ում է, որից հետո միայն ստորագրվում է համապատասխան հրամանագիրը:

Համենայնդեպս, մինչև այսօր վերանշանակված ու հատկապես նոր նշանակված նախարարներին հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ մինչ այս պահը կառավարություն է ձևավորում Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը ստորագրում է նրա ներկայացրած թեկնածուների նշանակման հրամանագրերը: Կարեն Ճշմարիտյան, Արմեն Մուրադյան, Նարեկ Սարգսյան, Հասմիկ Պողոսյան, Գագիկ Բեգլարյան….ի վերջո կամ ի սկզբանե՝ Հովիկ Աբրահամյան: Այս անձանց անունների փոխարեն՝ կարող էին լինել այլ անուններ: Կարևորը նրանց ու էլի չթվարկվածների օրգանական կապն է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ֆորմալ առումով՝ բոլոր այս և էլի բազմաթիվ պաշտոնյաներ այլուրեքություն՝ ալիբի ունեն: Նրանց մեծ մասը ՀՀԿ անդամ է: Եվ, ինչպես երեկ ասել է նորավերանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինքը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ «ՀՀԿ-ի կադրն» է: Այս հիմնավորումը ներկայացնում են նաև մյուս ՀՀԿ-ականները՝ բնականաբար, մոռանալով ոչ միայն այն, թե ում հենարանն էր ՀՀԿ-ն մինչև 2008 թվականը, այլև՝ ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ի մասին: Իսկ նա ուղիղ, առանց ձևականությունների հայտարարել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի յուրաքանչյուր անդամի անուն-ազգանունը համաձայնեցվել է իր հետ, իսկ այն ժամանակ գործող պաշտոնյաները՝ մարզպետները, նախարարները և այլք, իր հորդորով են անդամագրվել ՀՀԿ-ին:

Այդ հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն ՀՀԿ-ականներից որևէ մեկը Քոչարյանի ասածը չի հերքել:

Իրականում Ռոբերտ Քոչարյանն այդպիսով հասկացրել էր, որ իր նախագահության շրջանում ՀՀԿ-ն ընդամենը եղել է իշխող կուսակցություն, որը ԲՀԿ-ի ստեղծումից հետո դարձել է իշխող կուսակցություններից մեկը, որում ինքը «տեղավորել» է իր կադրերին: Հենց այդ կադրերն էլ այսօր իրար հետևից դառնում են նոր՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից գնահատանքի ու գովասանքի արժանացած Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամներ:

Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանական դաշտում, ո՞րն է նոր կառավարության ձևավորման հիմքում դրված տրամաբանությունը, որևէ մեկը հաստատապես չի կարող ասել: Կարելի է տասնյակ վարկածներ, տարբերակներ առաջ քաշել, որոնք, սակայն, հանգում են երկու հնարավոր ելքի՝ կամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև կա իրական դիմակայություն, և տեղի ունեցողը դրա հետևանքն է, կամ նրանց միջև առկա է հիմնավոր պայմանավորվածություն, և տեղի ունեցողը կրկին դրա հետևանքն է՝ դիմակայության իմիտացիայի պայմաններում:

Առաջին տարբերակը, ըստ էության, նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի հանձնում է իշխանությունը, ընդ որում, հանձնում է մի քանի անգամ ավելի արագ, քան կարող էր տեղի ունենալ նախագահության երկրորդ ժամկետը մինչև վերջ պաշտոնավարելու պայմանով հանձնելու դեպքում: Ակնհայտ է, որ եթե այս վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա Սերժ Սարգսյանը չի կարողանա պաշտոնավարել ոչ միայն ևս երկու տարի, այլ անգամ երկու ամիս:

Երկրորդ տարբերակը՝ պայմանավորվածության իմիտացիոն իրականացումը, իր հերթին՝ կարող է երկու նպատակ հետապնդել: Մի կողմից՝ վերջնականապես լցնել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը՝ թույլ չտալով, որ այն զբաղեցնի որևէ այլ՝ անվերահսկելի ուժ, մյուս կողմից՝ պատրաստ լինել ֆորսմաժորային իրավիճակի դեպքում իշխանության տեխնիկական փոփոխության՝ այն կրկին երրորդ ուժի չհանձնելու համար:

Համաշխարհային ու տարածաշրջանային ներկայիս զարգացումների պայմաններում առնվազն չպետք է բացառել նման՝ ֆորսմաժորային իրավիճակների առաջացումը՝ կապված առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ համաձայնագրի ստորագրման պարտադրանքի, Աստված մի արասցե՝ պատերազմի վերսկսման հարկադրանքի հետ: Հայաստանը մի անգամ անցել է այդ ճանապարհով՝ 1998 թվականին: Պարագաներն ու արտաքին դրսևորումներն այն ժամանակ, իհարկե, այլ էին, բայց բովանդակային առումով տեղի ունեցածն իրականում ոչ թե պարտադրված հրաժարական էր, ինչպես ներկայացվում էր, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմի իշխանության փոխանցում Ռոբերտ Քոչարյանին:

Հաշվի առնելով իշխանությունների այսօրվա հանգստությունը՝ գոնե այս պահին ավելի հավանական է թվում, որ գործ ունենք ոչ թե առաջին՝ իրական դիմակայության, այլ երկրորդ՝ իմիտացիոն դիմակայության տարբերակի հետ: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն անգամ մեկ օրով հանրապետությունից չէր բացակայի՝ իրական իշխանությունը թողնելով Ռոբերտ Քոչարյանի, իմա՝ ՀՀԿ-ի կադրերին:

Այնպես որ, պետք չէ բացառել, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է «Like»-ում Սերժ Սարգսյանի ներկայացրած նախարարների թեկնածուներին, այլ նաև Սերժ Սարգսյանն է «Like»-ում Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն ուղղված քննադատությանը: Փակ խմբերում կամ կեղծ օգտատիրոջ անունից, բնականաբար: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ ամենայնի, տարածում՝ «share» է անում փոխադարձ «Like»-երը: Հայկական քաղաքական տերմինաբանությամբ դա կոչվում է «երեք նախագահների եռանկյունի»: Ի դեպ, վատ անվանում չէ ֆեյսբուքյան էջ ստեղծելու համար:

Թեև, հաշվի առնելով երեք նախագահների աշխարհայացքն ու արժեքային համակարգը՝ ավելի հոգեհարազատ կլինի էջ կամ խումբ բացել «Одноклассники»-ում: Կամ «Вконтакте»-ում: Ի դեպ, կարելի է անգամ նոր կառավարության վերջնական կազմը պաշտոնապես հրապարակելուց առաջ տեղադրել այդ սոցիալական ցանցերից որևէ մեկում: Ռուսներին այդպես ավելի հասանելի կլինի:

 

Տեսանյութեր

Լրահոս