Հովիկ Աբրահամյանի աշխատելաոճը առայժմ ԲՀԿ-ի սրտով է. ԳԱԼԱ

«Տույժ-տուգանքները կասեցված են: Բայց դա հարցի վերջնական լուծում չէ եւ այս հարցը պետք է ստանա վերջնական լուծում: Պարտադիր դրույթը պիտի հանվի, պիտի անցնեն կամավոր սկզբունքի եւ կամավորության սկզբունքով անցնելու դեպքում էլ քաղաքացուն պիտի բացատրվի, որ ինչ է շահելու՝ վստահելով իր եկամուտները ֆոնդերին»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել Հ. Աբրահամյանի հայտարարությունը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէ:

Հարցին, թե ԲՀԿ-ի գործընկեր ՀԱԿ-ը մերժել էր Հ. Աբրահամյանի հրավերը՝ ՀՀ կառավարությունում քննարկման գնալու, դա խնդիրներ չի՞ առաջացնում քառյակում, հատկապես, որ կան մեկնաբանություններ, թե Հ. Աբրահամյանին հաջողվեց պառակտել քառյակը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է, որ եթե ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել քննարկումներին, դա ՀԱԿ-ի որոշելու խնդիրն է:

«Դա  իրենց իրավունքն է: Մենք գտնում ենք, որ մասնակցելը ճիշտ է, սեփական տեսակետը ներկայացնելը ճիշտ է, սեփական պնդումները պաշտպանելը ճիշտ է: Որովհետեւ ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով:

Իսկ քառյակը միանշանակ գործում է, բացարձակապես նման միտում եւ տենդենց չկա՝ քանդվելու, պառակտվելու: Ուրբաթ օրը քառյակը նորից հանդիպում ունի, իր աշխատանքային քննարկումները կանի»:

Հարցին, թե եթե կուտակայինից զատ ՀՀ կառավարությունում Հ. Աբրահամյանը նոր հարցերի քննարկում նախաձեռնի, կհամագործակցե՞ն քաղաքական ուժերը, Ն. Զոհրաբյանն արձագանքել է.

«Եթե դա դառնա մշտական աշխատաոճ եւ լսվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը մինչեւ նախագծերը խորհրդարան բերելը եւ նախագծերը քննարկելը, իհարկե սա լավ աշխատաոճ է, իսկ նախկին վարչապետը իմպերատիվ կերպով մասնավորապես ԲՀԿ-ի դեպքում մերժում էր բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում էինք:  Հետո մեր նախագիծը, ըստ էության, մեկ-երկու փոփոխությամբ արտագրում եւ իրենց անունով բերում էին: Եթե այս կառավարությունը կփոխի աշխատաոճը, կգնա հարցերը քննարկելու ճանապարհով, շատ լավ… երկխոսությունից առավել ժողովրդավարական գործիք հարցերը լուծելու համար պատմությունն առայժմ չի ստեղծել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս