Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2-rd.am-ին տված վերջին հարցազրույցից հետո շատ վերլուծաբաններ գտնում են, որ նա վերադառնում է: Այսօր Aravot.am-ը Հայաստանի Քրիստոնեա-դմեկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք տեսնո՞ւմ եք այսօր դրա հավանականությունը: Նա պատասխանեց.

«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է և հիմա էլ զբաղվում է: Ես դա նորմալ եմ համարում: Այսինքն, այնպես չի, որ նա գնացել է և հիմա պետք է հետ վերադառնա, իրերն իրենց անունով անվանենք»: Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ այսպես հարցազրույցներ է տալիս և քննադատում է Սերժ Սարգսյանին:

Մեր հարցին՝ նա դրա իրավունքն ինչքանո՞վ ունի՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Որևէ քաղաքացի իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի: Այլ բան է, որ կարելի է կիսել այդ կարծիքը և կարելի է չկիսել: Սրանք այլ հարցեր են:

Բայց ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ նախկին նախագահը կարող է: Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի մասին չեք հարցնում: Նա էլ, որպես նախկին նախագահ, բավականին կոշտ քննադատությունների է ենթարկում այսօրվա իշխանություններին: Ես պետք է պարզ ասեմ, որ այդ քննադատության ճնշող մասը, մեծամասնությամբ ես չեմ ընդունում:

Բացի այն, որ դրանք իրողությունից զուրկ են, չեմ ընդունում նաև այն, որ այդ ամենը փորձում են բարդել այսօրվա իշխանությունների վրա: Որևէ մեկը չի փորձում վերլուծել, որ իր իշխանության ժամանակ այդ ամենի հիմքերն են դրվել:

Այս տեսանկյունից ես չեմ ընդունում: Ստացվում է, որ 20 տարվա կենսագրություն ունեցող մեր պրոբլեմները պետք է մի քանի տարվա ընթացքում լուծի քաղաքական մեծամասնությունը, ՀՀ նախագահը: Դա անարդարացի է: Այսօր պետք է հանուն արդարության ասեմ, որ 2008-ից հետո ընկած ժամանակահատվածում ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի պայմաններում, այդուհանդերձ, քաղաքական մեծամասնությունը հետևողականորեն փորձում է բարեփոխումներ իրականացնել, ընդ որում, համակարգային բնույթի բարեփոխումներ՝ ուղղված ամենատարբեր ոլորտներում հանրային կյանքի արատները վերացնելուն՝ կաշառակերություն, հովանավորչություն և այլն»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս էլ որերորդ անգամ ասում է, որ չի ուզում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ, որ երկու ղարաբաղցի իրար եդեմ դուրս չեն գա, բայց նրա վերջին հարցազրույցներից հետո չե՞ք նկատում առճակատում նրա և Սերժ Սարգսյանի միջև՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես ցանկացած բանաձևում կընդունեմ, բացառությամբ մեկի՝ որ 2 ղարաբաղցիներ չեն կարող իրար դեմ պայքարել:

Ինձ համար սա անընդունելի, ոչ քաղաքական մեկնաբանություն է: Ես կարծում եմ, հանուն սկզբունքի և՛ ղարաբաղցիները, և՛ հայաստանցիները կարող են բանավիճել և նաև առճակատվել: Ծագումնաբանական սկզբունք լուրջ քաղաքականության մեջ գոյություն չունի: Դրա համար ես նաև այդ մեկնաբանությունը էական չեմ համարի:

Այլ հարց է քննադատության հիմնական նպատակը: Իսկ նպատակը շատ պարզ է՝ Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին: Դա շատ պարզ է: Նա չի էլ թաքցրել դա: Այլ հարց է՝ դա կհաջողվի՞, թե՞ չէ, այլ հարց է՝ հանրային ընկալումներով սպասվո՞ւմ է նա, թե՞ չէ: Դա բոլորովին այլ հարց է: Հետագա զարգացումները դրա պատասխանները կտան, բայց նա շատ անթաքույց ասում է՝ ես քաղաքականության մեջ եմ ինձ տեսնում: Որևիցե մեկը այդ պարագայում այդ դերակատարման մեջ իրավունք չունի մերժելու, բացի բուն հանրությունից»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս