Համաշխարհային հայկական կառույցների ստեղծում. Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանը՝ ըստ Վազգեն Մանուկյանի. ankakh.com

«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք արձանագրել Հայ դատի ոլորտում այս տարելիցի նախաշեմին:

– Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից անմիջապես հետո: 1915-16 թթ. եվրոպական, ամերիկյան ողջ մամուլը, անգամ գրականությունը ողողված էր այդ սարսափելի ողբերգության դեպքերով, և այդ ժամանակ բոլորը տեղյակ էին, թե ինչ է կատարվել: Դա միջազգային մեծ իրադարձություն էր: Դրանից հետո, ինչ-որ ժամանակ անց, Հայոց ցեղասպանությունը մոռացվեց:

Հայության այն հատվածը, որը մնաց Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրով փակվեց աշխարհից, իսկ Խորհրդային Միության ներսում ազգային հարց գոյություն չուներ, այդ հարցերը մոռացության էին մատնվում: Այդ հարցը կրկին բարձրացվեց 1965 թ. ապրիլի 24-ին: Իսկ դրսում ապրող մազապուրծ հայերը շատ ծանր վիճակում էին և պետք է կազմակերպեին իրենց կյանքը՝ ներառվելով տարբեր երկրների հասարակությունների մեջ, ինչը հսկայական ջանքեր պահանջեց:

Եվ տասնամյակներ անցան, մինչև հայերն իրենց տեղը գտան աշխարհում: Պետք է նշել, որ հայկական հարցում շատ մեծ նշանակություն ունեցան հայկական ավանդական կուսակցությունները՝ Դաշնակցությունը, Հնչակյանը և Ռամկավարը: Ամեն մեկն իր թերություններն ու դրական կողմերն ուներ, բայց առաջին անգամ նոր տիպի համաշխարհային կառույց էր ստեղծվում: Եթե այդ կուսակցությունները չլինեին, հայերը տարբեր տարածաշրջաններում իրարից կտրված պետք է լինեին:

Այդ կուսակցությունները, որոնք ռեգիոնալից դարձան համաշխարհային, աշխարհի ողջ հայությանը կապեցին իրար: Իհարկե, այդ դերը կատարում էր նաև եկեղեցին: Բայց առաջին միջազգային քաղաքական կառույցներ ստեղծողները, փաստորեն, հայերն ու հրեաներն էին, որոնք ստեղծեցին համաշխարհային քաղաքական ցանց: Ի դեպ, կարծում եմ, որ այդ ոլորտը խորությամբ մինչ օրս ուսումնասիրված չէ, և արժե ուսումնասիրել, որովհետև դա համաշխարհային պատմության մեջ մի նոր ու հետաքրքիր երևույթ էր:

– Երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային մի շարք կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ժամանակ առ ժամանակ որևէ երկրի կամ նահանգի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն այսօր որքանո՞վ է նպաստում հարցի վերջնական լուծմանը, և արդյոք այդ ձևաչափը չի՞ սպառել իրեն՝ դառնալով, կարծես, ինքնանպատակ:

– Մեր ցանկությունը, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, շատ բնական էր: Դա նաև մեր ժողովրդի բարոյական պարտքն էր՝ աշխարհին ցույց տալ, հիշեցնել տեղի ունեցածը և մեղավորներին պատժել: Իսկ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անուղղակի ձևով պատիժ է Թուրքիայի համար, և պատահական չէ, որ Թուրքիան դիմադրում է ամեն մի ճանաչմանը: Եթե հարցը միայն ցեղասպանության ճանաչումով էլ սահմանափակվի, արդեն շատ կարևոր է:

– Ենթադրենք՝ Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն դրան, և մենք պատրա՞ստ ենք այդ քայլերին:

– Նախ և առաջ, առանց պրագմատիկ արդյունքների, միայն բարոյական սկզբունքը, որով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ իր կենցաղում և որով պետք է առաջնորդվի նաև հասարակական կյանքում, պարտքն է նախնիների նկատմամբ և հանցագործի գոնե բանավոր պատիժ կրելը: Դրա համար իսկապես արժե ջանքեր թափել: Կա նաև համամարդկային մի նպատակ` հանցագործությունը պետք է դատապարտվի, որպեսզի դրա կրկնվելու հավանականությունը նվազի:

Այդ առումով նույնպես մենք կարևոր խնդիր ենք լուծում: Երրորդը վերաբերում է մեզ: Ինչպես Քեսաբի դեպքում, այնպես էլ ընդհանրապես Թուրքիայի համար Հայաստանի հանդեպ նոր ոտնձգություն անելը Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում տասնապատիկ ավելի դժվար կլինի, քան եթե ճանաչումը չլինի և աշխարհը ծանոթ չլինի այդ իրադարձությանը: Դա բավական զսպող հանգամանք է Թուրքիայի համար: Եվ ի վերջո, եթե տեղի է ունեցել հանցագործություն, և բոլորը ճանաչել են այն, հանցագործն էլ ճանաչել կամ չի ճանաչել, ապա առաջ է գալիս փոխհատուցման հարցը, որը կարող է լինել տարածքային, նյութական, ունեցվածքային, իրավունքների և այլն:

Հիմա քննարկվում են հատուցման հետ կապված տարբեր հարցեր, բայց այդ ամենը շատ ավելի նպատակաուղղված կլինի, եթե համաշխարհային հայությունն ավելի կազմակերպված լինի:

– Իսկ ինչպե՞ս պետք է հայությունն ինքնակազմակերպվի, և ի՞նչը կլինի Հայ դատի լիակատար հաղթանակը:

– Դեռևս 60-ական թվականներին մենք երազում էինք համաշխարհային հայկական կառույցների ստեղծման մասին: Երբ 90-ականներին եկանք անկախության և իշխանության, այդ խնդիրը շատ հստակ դրվեց: Ցավոք, հետագայում մեր իշխանավորներն այնքան էլ խորությամբ չընկալեցին այդ հարցը, այսինքն` ընկալումը կար, որ Սփյուռքից պետք է օգտվել, որովհետև ակնհայտ երևում էին և՛ Սփյուռքի ֆինանսական հզորությունը, որն այսօր շատ ծիծաղելի ձևով է օգտագործվում՝ հիմնադրամի այդ չնչին գումարները հավաքելով, և՛ մարդկային ռեսուրսները, և՛ քաղաքական լոբբինգը և այլն: Բայց դա ճիշտ ձևով չօգտագործվեց:

Մենք դեռ լուրջ քայլեր չենք արել համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Սփյուռքի նախարարության ստեղծումը կարող է լինել այդ ուղղությամբ առաջին քայլը, բայց կարծում եմ՝ այդ նախարարությունը, իր բազմազան գործունեությամբ հանդերձ, որը ողջունելի է, առաջին հերթին պետք է բարձրացնի համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու հարցը, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը իսկապես միանան: Ես կարող եմ որոշակի լուծումներ առաջարկել, մի ուրիշն էլ կարող է այլ լուծումներ առաջ քաշել, բայց այն, որ պետք է դրա շուրջ համախմբում լինի, պետք է այդ հարցը քննարկվի, և հանգենք ինչ-որ գաղափարի` հաստատ է: Եվ դա Հայոց ցեղասպանության ամենամեծ պատասխանը կլինի, որովհետև դրանից հետո շատ հարցեր կլուծվեն արդեն այլ ձևով: Միշտ պետք է չարիքն օգտագործել ի նպաստ քեզ: Չպետք է կոտրվել և պետք է ստեղծել ինչ-որ նոր բան: Մենք չկոտրվեցինք, իսկ նոր բանն էլ, կարծում եմ, կամաց-կամաց կստեղծենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս