Փաստաբան Շարբաթյանի գործը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ապրիլի 23-ին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը: Ոստիկաններին չէր հաջողվել դատարան բերման ենթարկել վկա Տիգրան Խլղաթյանին: Ըստ նրա մոր՝ Թամարա Ղազարյանի ոստիկանությանը տված բանավոր հայտարարության՝ Տիգրան Խլղաթյանը մեկնել է ՌԴ՝ աշխատանքի, հասցեն չգիտեն:

Դատարանը հրապարակեց Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները: Վերջին երկուսի՝ դատարան ներկայանալու անհնարինության վերաբերյալ բավարար ապացույցներ վաղուց կային:
Տիգրան և Ազատ Խլղաթյանների նախաքննական ցուցմունքներում կային հակասություններ. Տ. Խլղաթյանը նշել էր, որ դեպքի վայրում Ա. Խլղաթյանին չի տեսել, Ա. Խլղաթյանն էլ վկայել էր հակառակը:

Հաշվի առնելով այս հանգամանքի շուրջ առկա հակա-սությունը, ինչպես նաև այն, որ դատարանին ևս անհայտ է, թե ինչպե՞ս է Տ. Խլղաթյանը ընդամենը մեկ զանգով կամ ծանուցմամբ ներկայացել նախաքննական մարմնին, այն դեպքում, երբ նույնիսկ ոստիկանությանը տևական ժամանակ չէր հաջող-վում նրան բերման ենթարկել դատարան, չի ապահովվել վկային՝ ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքը, վկան նախաքննական ցուցմունքում հայտնածի համար չի նշել տեղեկատվության հստակ աղբյուրը՝ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց Տիգրան Խլղաթյանի ցուցմունքը համարել անթույլատրելի ապացույց և չդնել մեղադրական եզրակացության հիմքում:

Մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը համաձայն չէր պաշտպանի հետ:
Սամվել Դիլոյանն նկատեց և դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ Տ. Խլղաթյանի՝ դեպքի վայրում Էդվարդ Խլղաթյանից, խոհարար Կարենից, Ջիվան Չի-լին-գարյանից բացի մի քանի այլ մարդու ևս տեսած լինելու հանգամանքը, որոնց անուն-ները չեն հստակեցվում, «քննիչի արկածախնդիր հնարամտությունն է»:

«Սա իմ տեսակետն է, բայց կցանկանայի, որ, որպես վարկած, դիտարկվի: Ցուցմունքում մենք տեսնում ենք, որ վկան նման բան չի ասել, քննիչը սադրանքի նմանվող հնարք է ցուցաբերել: Կարծում ենք՝ քննիչը խնդիր է ունեցել այն երկու հոգուն՝ Վոլոդյա Պետրոսյանին և Արեն Հովհաննիսյանին ևս ներգրավել գործում», ասաց Սամվել Դիլոյանը և ավելացրեց, որ քննիչը ծուղակ նախապատրաստող հարցեր է ուղղել վկային, ինչը արդյունավետ չի եղել, քանի որ վկան իր պատասխաններով հստա-կեցրել է ասելիքը և խուճապի չմատնվելով՝ ծուղակը չի ընկել:

Դիլոյանը նկատեց նաև, որ նույն արատավոր մեխանիզմը գործել է վկա, շտապ օգնության բուժքույր Էլլա Կոս-տանյանի հարցաքննության ժամանակ՝ ի տարբերություն այս դեպքի՝ պսակվելով հաջողությամբ:

Լսելով Ազատ Խլղաթյանի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վկան հայտնել էր թե չի ճանաչում տուժող Սամվել Շարբաթյանին, տուժողի իրա-վա-հա-ջորդ Հասմիկ Մանուչարյանն ասաց, որ Ա. Խլղաթյանը շատ լավ էլ ճանաչել է իր եղ-բորը և նրա ցուցմունքը համարեց «շարադրություն»:
Հայտարարություններով հանդես եկան պաշտպան Մհեր Դավթյանը և ամբաս-տանյալ Արեն Վերանյանը:

Դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 8-ին, ժամը 11.00-ին:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս