Կարծիքներ ԲՀԿ-ից. «Այդ հայտարարությամբ վարչապետը փորձում է լիցքաթափել կուտակված դժգոհությունը»

«Կապրենք, կտեսնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը, որը վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին:

ԲՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց` օրենքի պարտադիր բաղադրիչը պետք է չլինի, եթե չլինի` լավ, եթե լինի` վատ: «Ես չեմ գնահատելու և մեկնաբանելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որևէ քաղաքական գործչի կամ առհասարակ որևէ մարդու գնահատականներ կամ մեկնաբանություններ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է. կա մի իրավիճակ, իրավիճակը պիտի փոխվի, և կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր չպիտի լինի և վերջ: Թե ով ինչ է կարծում այդ առթիվ, ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատել»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվո՞ւմ է ընդունել վարչապետի առաջարկը և համատեղ աշխատել` այս հարցի լուծմանը հասնելու համար, Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն կուսակցության կողմից համապատասխան դիրքորոշման հստակեցումից հետո:

Հարցի շուրջ զրուցեցինք նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ:

Կարդացեք նաև

– Պարոն Մելքումյան, ի՞նչ տպավորություն ունեք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, ի՞նչ է սա նշանակում:

– Պետք է ասեմ, որ այս հայտարարությունը համապատասխանում է երեկ քաղաքական ուժերի հետ մեր հանդիպման ձևաչափին, երեկ մոտավորապես նույն հարցադրումներն էին, իհարկե, սա ավելի ամբողջական է: Վեց կետեր են, հիմնական հարցադրումներն հետևյալն են` 1) կասեցվում են տույժերը, 2) Հանրապետությանն անհրաժեշտ են բարեփոխումներ:

Մենք էլ ենք համաձայն, որ անհրաժեշտ են, բայց ոչ այս ձևով: Փաստորեն, հաջորդ կետերում վարչապետն էլ է ընդունում, որ կենսաթոշակային բարեփոխումները «պարտադրված» պետք է չլինեն` «պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

Այսինքն` փորձ է արվում գտնել միջանկյալ լուծում: Երեկ էլ մենք այդ համատեքստում նկատեցինք, որ հիմա ժամանակ է պետք, որ կարողանա անցնցում անցկացնել գործող իրավական համակարգը, որպեսզի մի քայլ չանենք, հետո ստիպված լինենք նորից ուղղելու այդ սխալը:

Այսինքն` այստեղ սահմանափակումները պարտավորություններն են հիմնադրամների կառավարիչների առջև, քանի որ նրանց հետ արդեն պայմանագրեր կան: Հիմա վարչապետն, ըստ էության, ասում է, որ այդ տույժերը կասեցնելով` օրենքի «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվել է:

Սակայն խոսքը գնում է «դե ֆակտո»-ի մասին, այսինքն` սա ինչ-որ միջանկյալ փուլ է: Կարծում եմ, որ այդ հայտարարությամբ վարչապետը, բնականաբար, փորձում է լիցքաթափել կուտակված դժգոհությունը, որպեսզի դրանով իսկ ասի, որ մենք հարցի լուծման ճանապարհին ենք: Այսինքն` հարցը մեկ օրում կամ մեկ ժամում լուծելու հարց չէ:

Որքան հասկանում եմ, իր կողմից կա ցանկություն` խնդիրը լուծելու, բայց և´ իրավական, և´ ՀՀ պարտավորությունների, և´ բարեփոխումների ճակատագրի, և´ ժողովրդի շատ շերտերի ցանկությունը հաշվի առնելու առումով` պետք է աշխատանք տարվի: Թե ինչ ժամկետներում կավարտվի այդ աշխատանքը, դժվար է ասել:

Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է` ՍԴ-ի ներկայացրած ժամկետը, բայց որքան ես գիտեմ, վարչապետն ավելի շուտ է ուզում անել` մինչև հուլիսի 30-ը: Բայց եթե տույժերի կասեցման մասին օրինագիծը ապրիլի 28-ին բերվի Ազգային ժողով, այդ համատեքստում անպայման լայնածավալ քննարկումներ կլինեն նաև մոդելի ընտրության վերաբերյալ:

Խնդիրն այն է, թե կենսաթոշակային բարեփոխումները որ մոդելով պետք է առաջ շարժվեն: Ակնհայտ է մի բան, որ հասարակությունը, փաստորեն, դեմ է պարտադիր բաղադրիչին, և կառավարությունն էլ, կարծես թե, ցանկություն է հայտնում` հարցին դե ֆակտո լուծում տալու: Ես այս մոտեցումները դրական ֆոնի վրա եմ գնահատում: Բայց պետք է սպասենք հետագային: Հարցադրումները հարցադրումներ, բայց պետք է տեսնենք կոնկրետ քայլերը:

Կա տեսակետ, որ տույժերի կասեցումը դեռ պարտադիր բաղադրիչի կասեցում չէ:

– Բնական է, ես էլ եմ նույնն ասում: Ի՞նչ է նշանակում տույժերի կասեցում: Նշանակում է, որ օրենքի ուժով պարտադրանք չկա, որ այդ վճարումը անես: Ստացվում է` եթե տույժ չկա, չես էլ վճարում:

Մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանն ասում է. «Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»»: Արդյոք սա չի՞ նշանակում, որ պարտադիր բաղադրիչը, միևնույն է, հետագայում գործելու է:

– Դա, իհարկե, իրեն պետք է հարցնեք, թե ինչ նկատի ունի, բայց, իմ կարծիքով, նա ընդհանուր առմամբ փաստում է, որ պարտադիր բաղադրիչը օրենքով չի հանվում, սակայն դրան լուծում են գտնում: Ես էլ եմ կարծում, որ վաղ, թե ուշ հստակություն պետք է լինի` պարտադիրը լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ուստի պետք է սպասենք հաջորդ քայլերին: Հավանաբար, այսօր միայն այդքան է կարողանում ասել: Ես էլ եմ հասկանում, որ դա դեռևս լուծում չէ, լուծման ճանապարհի փնտրտուք է: Ինձ թվում է` մենք պետք է այդ ճանապարհն անցնենք, հետո նոր խոսենք վերջնական լուծումների մասին: Եթե ընդունենք, որ անցնելու ենք, օրինակ, 1 կմ ճանապարհ, ապա, իմ կարծիքով, սա դեռ 200-300 մետրն է: Ես հասկացա, որ քայլերով են ուզում գալ այդ լուծմանը: Իհարկե, ես սա շատ բարդ խնդիր է: Ինչ-որ պահի գալու է «կամ-կամ»-ի խնդիրը, «և-և» չի լինի:

– Հովիկ Աբրահամյանն նաև առաջարկել է բոլոր ուժերին և նախաձեռնություններին համատեղ աշխատել` հարցի լուծումը գտնելու համար, և ավելացրել է` ովքեր խուսափեն համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն իրեն: Հնարավո՞ր է` նեղացնեք վարչապետին:

Չէ, դե եթե երեկ գնացել և մասնակցել ենք այդ քննարկումներին, ապա որևէ խնդիր չկա: Գիտեք ինչ, «Բարգավաճ Հայաստանը» և անձամբ ես կարևորում ենք ցանկացած համատեղ քննարկում, չասեմ աշխատանք, այդ թվում` օրենսդրական աշխատանքի, քաղաքական մոտեցումների կամ հանրային կարծիքի ձևավորման հարցերի շուրջ: Եթե դա օգուտ է տալիս մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, արտագաղթի կասեցմանը, մենք կողմ ենք: Իհարկե, այդ ամենը պետք է լինի մեր որդեգրած սկզբունքների և ծրագրերի շրջանակներում: «Բարգավաճ Հայաստանն» ունի ծրագիր, ծրագրային մոտեցումներ, և, բնականաբար, մենք չենք կարող շեղվել մեր մոտեցումներից և սկզբունքներից:

 

Տեսանյութեր

Լրահոս