Բաժիններ՝

Կձևավորվի՞ արդյոք օլիգարխների կառավարություն

Ավելի վաղ գրել էինք, որ 168.am-ի տեղեկություններով՝ այս տարվա բյուջեի կատարողականը վտանգի տակ է։ Նշել էինք, որ հնարավոր է անգամ բյուջեի սեկվեստր (բյուջետային ծախսերի կրճատում) իրականացվի, սակայն ավելի հավանական է այն տարբերակը, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կոչով դիմել պատգամավորներին, նախարարներին և փոխնախարարներին և նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից, փոխարենը՝ այդ միջոցներն ուղղելով գյուղատնտեսության զարգացմանը՝ այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամի միջոցով: Իհարկե, այս պահին սա միայն իշխանական կուլիսներում քննարկվող տեղեկություն է, բացառված չէ՝ այն իրականություն չդառնա։ Սակայն կարելի է գոնե փորձել հասկանալ՝ հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանը նման քայլի գնա։

Նախ՝ հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը: Ըստ դրա՝ պետական կառավարման համակարգում ավելի քան 17 հազար աշխատողների աշխատավարձի չափը որոշելու համար բազային դրույքը` եկամտային հարկը ներառյալ, կկազմի 66.140 դրամ, իսկ մաքուր աշխատավարձի դեպքում` 50 հազար դրամ: Այս թիվը կբազմապատկվի գործակիցներով: Օրինակ` աշխատանքի ընդունված սկսնակ քաղծառայողի աշխատավարձի բազային դրույքը սկսվում է 1.25-ից, պոլիկլինիկայում առաջնային բուժում մասնագետի բազային դրույքը 2.7-է` մոտ 178 հազար դրամ, ուսուցչի գործակիցը 2.3 է` 152 հազար դրամ: Ամենաբարձրը նախագահինն է՝ 20, հետո` ԱԺ նախագահինը ու վարչապետինը` 18 գործակցով:
ՀՀ նախագահի աշխատավարձը, որն այժմ 400 հազար դրամ է, բազային նվազագույն դրույքաչափով հաշվարկելու դեպքում կդառնա շուրջ 1.2 միլիոն դրամ, ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ ավելի քան 700 հազար դրամ, նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը նույնպես գրեթե կկրկնապատկվեն։ Նշենք նաև, որ ՀՀ պետական համակարգում հաշվվում է մոտ 600 բարձրաստիճան պաշտոնյա։
Այսինքն, եթե այս պաշտոնյաները հրաժարվեն աշխատավարձի բարձրացումից, հնարավոր կլինի տնտեսել լուրջ միջոցներ։ Սակայն որքանո՞վ դա արդարացված կամ ճիշտ քայլ կլինի:
Նախ՝ գաղտնիք չէ, պետական աշխատողների նորմալ վարձատրությունը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ամենակարևոր նախապայմաններից մեկն է։ Բացի այդ, միամտություն է մարդուն տալ խղճուկ աշխատավարձ ու պահանջել, որ նա լավ աշխատի (իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտարարել է, ցանկանում է լավ արդյունքներ ապահովել)։ Օրինագծի քննարկման ժամանակ անգամ ընդդիմությունը չէր վիճարկում, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը պետք է արժանապատիվ լինի։ Պարզապես նրանք վիճարկում էին դրա իրականացման կոնկրետ ժամկետն ու դեմ էին, որ բարձրանա այն կաբինետի աշխատավարձը, որը տնտեսությունը դրել է այս վիճակի մեջ։ Անգամ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր նշել, թե՝ քանի որ կա «հազար ու մի խնդիր», պետք է օրինագծի ընդունումը հետաձգել: Նա ասում էր, որ սոցիալական ներկա պայմաններում կարելի է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել բացառապես այն դեպքում, երբ ակնհայտ կլինի, որ մնացած բոլոր պատճառները վերացած են, և մնում է միայն աշխատավարձերի խնդիրը։ Ի դեպ, շատ կարևոր մի մանրուք՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից ասել էր, թե համաձայն չէ նրա հետ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կողմ էր, որ աշխատավարձերը բարձրանան։
Հիմա, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը կարող է փոշմանել։
Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, բավականին ապահովված մարդ է։ Պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 270 միլիոն դրամ և 1 միլիոն 950 հազար դոլար։ Վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, ավելի ապահովված է՝ 300 միլիոն դրամ և 2 միլիոն 850 հազար դոլար։ Այսինքն՝ ամուսիններով նրանք ունեն 570 միլիոն դրամ և 4.8 միլիոն դոլար դրամական միջոցներ։
Նախորդ տարվա ընթացքում Հովիկ Աբրահամյանն ունեցել է 42.9 միլիոն դրամի եկամուտ, որից աշխատավարձն ընդամենը 2.9 միլիոնն է։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն աշխատավարձից կախված չէ և կարող է հրաժարվել ոչ միայն բարձրացումից, այլև ամբողջ աշխատավարձից։

Սակայն կարո՞ղ է նա արդյոք նույնը խնդրել իր ենթականերից։ Ասենք, օրինակ, Հովիկ Աբրահամյանն իրեն իրավունք կվերապահի՞ հորդորել նախարարներին, փոխնախարարներին և վարչությունների պետերին՝ հրաժարվել լրացուցիչ վարձատրությունից, որը գրեթե հավասար է նրանց աշխատավարձին։
Պատասխանը կլինի՝ այո, եթե Հ. Աբրահամյանի ենթակաները գոնե իր կեսի չափ ապահովված լինեն և կախում չունենան աշխատավարձից։ Այսինքն՝ մեծահոգությունն իրատեսական կլինի այն դեպքում, եթե ունենանք մեծահարուստների, կամ, եթե կուզեք, օլիգարխների կառավարություն։
Առաժմ նախարար նշանակվել են 4 անձ, ովքեր, ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ ոչ միայն մեծահարուստ չեն, այլև նրանց եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է։
Այսպես, արդեն իսկ նշանակված նախարարներից ամենից շատ դրամական միջոցներ ունի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Նա և նրա կինը միասին՝ ունեն 183 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Սակայն Երիցյանների ընտանիքը, որպես եկամտի միակ աղբյուր՝ նշել է նախարարի աշխատավարձը (3.5 միլիոն դրամ) և կենսաթոշակը (3.8 միլիոն դրամ)։
Մյուսներն այդքան էլ ունևոր չեն (ըստ հայտարարագրերի)։ Օրինակ՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը իր հաշվին ունի 16 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Կինը դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Ս. Օհանյանի և նրա կնոջ եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է։ Նախորդ տարի ՊՆ նախարարը ստացել է 2.9 միլիոն դրամի աշխատավարձ և 1.7 միլիոն 4.2 միլիոն դրամ կենսաթոշակ։
Էդվարդ Նալբանյանն ու իր կինը նախորդ տարվա վերջին ունեցել են 4.6 միլիոն դրամ, 55.6 հազար դոլար և 18.7 հազար եվրո։ Իսկ եկամտի միակ աղբյուրը նախարարի աշխատավարձն է՝ 6.3 միլիոն դրամ։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 2013-ի վերջին ունեցել է 6.5 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ նրա կինը՝ 50 հազար դոլար։ Ընտանիքի եկամտի աղբյուրը եղել է Դավիթ Հարությունյանի աշխատավարձը (3.3 միլիոն դրամ) և նրա կնոջ աշխատավարձը (720 հազար դրամ)։ Եվս 40 միլիոն դրամ Հարությունյանների ընտանիքը ստացել է՝ որպես փոխառություն։
Այնպես որ, կառավարության նախնական մասն օլիիգարխիկ չէ։ Մնում է սպասել մյուսներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս