Բաժիններ՝

Թուրքիայում ցանկանում են փոխել ընտրական համակարգը՝ երկիրը բաժանելով 550 «նեղ» գոտու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ցանկանում է փոխել Թուրքիայի ընտրական համակարգը: Դրա հետ կապված՝ նախատեսվում է ուղղումներ մտցնել Ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն, Թուրքիան պետք է բաժանվի 550 «նեղ» գոտու:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) բաղկացած է 550 պատգամավորական մանդատից, ինչը նշանակում է, որ ուղղումների կատարման դեպքում յուրաքանչյուր «նեղ» գոտի կունենա մեկական պատգամավոր, ով կընտրվի ձայների մեծամասնությամբ:

Այս համակարգը փոխարինելու կգա 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում ներդրված ընտրական համակարգին, որը քաղաքական ուժերի համար նախատեսում է 10 տոկոսանոց շեմ՝ խորհրդարան անցնելու համար: Նոր համակարգին անցում կատարելու դեպքում կվերացվի ընտրական այդ շեմը:

Նշվում է, որ ընտրական նոր մոդելը հայտնի է որպես անգլիական մոդել, որը Թուրքիայում առաջին անգամ կիրառվել է 1950-1954-1957 թվականներին: Սակայն 1960 թվականին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո փոփոխության է ենթարկվել այդ համակարգը:

«Նեղ» գոտու համակարգին անցում կատարելու դեպքում կստեղծվի 550 ընտրական օկրուգ, որոնցից 18-ը բաժին կընկնի Ստամբուլին (ներկա դրությամբ դրանց քանակը կազմում է 3), 7-ը՝ Անկարային (2), 6-ը՝ Իզմիրին (2), 4-ը՝ Բուրսային: 3-ական ընտրական օկրուգ կստանան Անթալիան, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Մերսինը, Քոջայելին, Քոնյան և Շանլըուրֆան, իսկ 2-ական ընտրական օկրուգ՝ Այդընը, Բալըքեսիրը, Դենիզլին, Էսքիշեհիրը, Էրզրումը, Հաթայը, Քայսերին, Մալաթիան, Մանիսան, Քահրամանմարաշը, Մարդինը, Մուղլան, Օրդուն, Սաքարյան, Սամսունը, Թեքիրդաղը, Տրապիզոնը և Վանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս