Բաժիններ՝

Թուրքիան իր առաջին երկու ատոմակայանների շնորհիվ գազի ներկրման ծավալը կկրճատի ավելի քան 7 միլիարդ դոլարով. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պլանավորել են մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) կառուցել ու շահագործման հանձնել երկու ատոմակայան:

Յըլդըզը մանրամասնել է, որ խոսքը գնում է միջերկրածովյան Աքքույուի և սևծովյան Սինոպի ատոմակայանների մասին: Նախարարն ընդգծել է, որ դրանցից յուրաքանչյուրի կառուցումն ու շահագործումը պահանջում է 8-ական միլիարդ դոլարի ներդնում՝ ընդհանուր 16 միլիարդ դոլար:

Յըլդըզը հավելել է, որ այդ երկու ատոմակայանները կարտադրեն 80 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչն իրենց հնարավորություն կտա բնական գազի տարեկան ներկրումը կրճատել 7.2 միլիարդ դոլարով.

«Բացի այդ, Աքքույուի ու Սինոպի ատոմակայանների կառուցման ժամանակ աշխատանքով կապահովվի 20.000 մարդ, որի 80 տոկոսը կազմելու են Թուրքիայի քաղաքացիները: Ատոմակայանները շահագործման հանձնելուց հետո դրանցից յուրաքանչյուրում կաշխատի 3500 մարդ, ընդհանուր՝ 7000 մարդ»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ պլանավորել է կառուցել երեք ատոմակայան: Երրորդ ատոմակայանի կառուցման վայրը վերջնականապես ընտրված չէ: Որոշակի տվյալներով` այն կառուցվելու է Բուլղարիայի սահմանից ոչ հեռու գտնվող Իղնեադա վայրում:

Ի դեպ, դեռևս 2012 թվականի աշնանը Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը  պատրաստած զեկույցում նշված էր, որ Թուրքիան էլեկտրաէներգիայի սպառման աճի ցուցանիշով աշխարհում գրավել է երկրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին:

Հաշվի առնելով բնակչության աճը` Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառումը 230 միլիարդ կվտ/ժամից հասցվելու է մինչև 500 միլիարդ կվտ/ժամի: Զեկույցում նշված է, որ Թուրքիայում առկա բնական պաշարներով հնարավոր չի լինի տարեկան արտադրել 500 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Կանխատեսվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության աճը կունենա հետևյալ պատկերը. 92 միլիարդ կվտ/ժամը կարող է արտադրվել երկրի հիդրոէլեկտրակայաններում, 33 միլիարդ կվտ/ժամը` ջերմաէլեկտրակայաններում, 55 միլիարդ կվտ/ժամը` քամու էլեկտրակայաններում, իսկ 11 միլիարդ կվտ/ժամը` արևային ու երկրաջերմային էներգիայից:

Դրանով իսկ Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը ներկայիս 230 միլիարդ կվտ/ժամին կհավելվի ևս 191 միլիարդ կվտ/ժամ, ինչը կկազմի 421 միլիարդ կվտ/ժամ:

Բաց կմնա մնացյալ 80 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրման հարցը: Այս հարցում Թուրքիայում օգնության են գալիս կառուցվելիք ատոմակայանները, որոնք էլ սկզբնական փուլում կկարողանան տարեկան արտադրել 80 միլիարդ կվտ/ժամ:

Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա տասնամյակում Թուրքիան կվերածվի Եվրոպայում էլեկտրաէներգիայի երրորդ խոշոր սպառողի` շրջանցելով Մեծ Բրիտանիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս