Բաժիններ՝

Սիրիայում մեկնարկում է նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում այսօր մեկնարկում է նախընտրական կամպանիան: Երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածու կարող է հայտ ներկայացնել նախագահական ընտրությունների համար: Նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը մեկնարկում է այսօր:

Քվեարկությունը պետք է տեղի ունենա հուլիսի 17-ից ոչ ուշ, երբ կլրանա գործող նախագահ Բաշար Ասադի նախագահական լիազորությունների ժամկետը: Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ ընտրությունները պետք է անցկացվեն հունիսին կամ հուլիսի սկզբին, սակայն ստույգ ժամկետը Սիրիայի խորհրդարանը կհայտնի թեկնածուների գրանցումից հետո:

Սիրիայի իշխանությունները բացառում են ընտրությունների հետաձգման կամ չեղյալ հայտարարման հնարավորությունը: Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ազ-Զոուբին հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ անվտանգության, ներքին կամ արտաքին քաղաքականության ոլորտներում տիրող իրավիճակի պատրվակով հետաձգվեն կամ չեղյալ հայտարարվեն ընտրությունները:

Այս տարվա մարտին Սիրիայի խորհրդարանն ընդունեց ընտրությունների մասին օրենքը, որով երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածուի թույլատրվեց մասնակցել նախագահական ընտրություններին:

Սակայն դրանից առաջ նրանք պետք է իրենց թեկնածությունները ներկայացնեն խորհրդարանի դիտարկմանը և 250-հոգանոց խորհրդարանում ստանան առնվազն 35 պատգամավորի աջակցություն:

Օրենքի համաձայն, նախագահի թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան, որից վերջին 10 տարում նա պետք է բնակված լինի Սիրիայում: Անթույլատրվելի է համարվում թեկնածուի մոտ օտար քաղաքացիության առկայությունը:

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է 2007 թվականի մայիսի 27-ին՝ ազգային հանրաքվեի արդյունքներով (97.62 տոկոսանոց աջակցություն):

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Սիրիայում ընդունել էին նախագահական ընտրությունների անցկացման մասին նոր օրենք, որով սիրիական ընդդիմությանն ու սիրիացի փախստականներին զրկել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս