Տիգրան Սարգսյանը բացահայտվեց

«Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին՝ մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել»,- սա մեջբերում է ոչ թե Ուինսթոն Չերչիլի՝ Մեծ Բրիտանիայի թագուհուն ուղղված խոսքից, այլ հատված է ՀՀ՝ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ ԳՄ նիստում ունեցած հակիրճ ելույթից:

Երջանկությունը խիստ ինդիվիդուալ կատեգորիա է և յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ երջանկանալ անգամ նրանից, ինչը կարող է ապերջանիկ դարձնել հազարավորների: Բայց Տիգրան Սարգսյանի՝ կուսակցականներին ուղղված հրաժեշտի կամ շնորհակալական խոսքի, մեղմ ասած, տարակուսելի հատվածը ոչ թե երջանկության մասին ինքնախոստովանությունն է, այլ ինքնագնահատականը՝ «պետական գործիչ»: Տիգրան Սարգսյանը՝ որպես ինտելեկտուալ անձնավորություն, բնականաբար, շատ լավ գիտի «պետական գործչի» և «պետական պաշտոնյայի» տարբերությունը:

Բայց իմանալով՝ «խոսքի մեջ», իմիջիայլոց իրեն անվանում է ոչ թե՝ բարձրաստիճան պաշտոնյա, այլ՝ պետական գործիչ: Հաշվի առնելով այդ հասկացության՝ քաղաքագիտությանն ու պատմությանը հայտնի նշանակությունը, դա մոտավորապես համարժեք է նրան, որ Տիգրան Սարգսյանն ինքն իրեն պարգևատրեր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով կամ շնորհեր «Ազգային հերոսի» կոչում: Այնպես, ինչպես ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևն էր ինքզինքը պարգևատրում մեդալներով, կամ Դոմինիկյան Հանրապետության «El Chivo» մականունը ստացած բռնակալ Ռաֆայել Տրուխիլիոն՝ ինքն իրեն շնորհում էր գեներալիսիմուսի կոչում:

Կարո՞ղ էր արդյոք Տիգրան Սարգսյանը ոչ թե իր ինքնագնահատականում, այլ իրականում համարվել պետական գործիչ: Կարող էր, սակայն նա գերադասեց գնալ պետական «նոմենկլատուրշիկի» ճանապարհով: Խնդիրն այս դեպքում ամենևին տնտեսության ոլորտում նրա արձանագրած տապալումները կամ տնտեսական անկման ցուցանիշները չեն:

Ավելին՝ Տիգրան Սարգսյանը կարող էր պետական գործիչ դառնալ՝ անգամ լինելով Հայաստանի պատմության մեջ պատերազմից հետո ամենամեծ տնտեսական անկումն արձանագրած վարչապետը:

Կարող էր, եթե հավատարիմ մնար այն գաղափարներին ու արժեքներին, որոնց իբրև թե դավանում էր ու որոնցով ներկայանալով՝ փորձում էր տարբերվել իշխանական համակարգի մյուս ներկայացուցիչներից: Խոսքը նրա՝ իբրև թե եվրոպական տեսլականի, եվրոպական ընտանիքին մաս կազմելու ձգտումների մասին է, որոնց վերաբերյալ հիշատակումներ կարելի է գտնել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Տիգրան Սարգսյանի կողմից հնչած գրեթե բոլոր հայտարարություններում, ելույթներում, հարցազրույցներում:

Բայց սեպտեմբերի 4-ից սկսած Տիգրան Սարգսյանն իր եվրոչինովնիկներով սկսեց նույն ջերմեռանդությամբ խոսել Մաքսային միության, եվրասիականության մասին: Սեպտեմբերի 4-ից Տիգրան Սարգսյանը կորցրեց երբևէ պետական գործիչ համարվելու իր՝ թեկուզ փոքր հնարավորությունը:

Նա այսօր կարող էր ներկայանալ՝ որպես պետական գործիչ, եթե 2013 թվականի սեպտեմբերի 4-ին հանրությանը Մաքսային միությանն անդամակցելու հիմնավորումները ներկայացնելու փոխարեն՝ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացներ իր հրաժարականի դիմումը:

Բայց Տիգրան Սարգսյանն այդպես չվարվեց, հակառակը՝ ապացուցեց, որ հանուն պաշտոնի պատրաստ է դավաճանության: Սեփական համոզմունքների, դավանած գաղափարների հանդեպ դավաճանության: Ցանկացած մտածող մարդու համար դա հայրենիքի դավաճանությանը հավասարազոր դավաճանություն պետք է համարվեր:

Սակայն Տիգրան Սարգսյանը գերադասեց չդավաճանել ռուսական դիկտատին ու սեփական կաբինետին՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Շատերին, այդ թվում՝ արդեն հանրապետականների մեծ մասին, թվում է, թե Տիգրան Սարգսյանը ղեկավարի իր ապաշնորհությունը և քաղաքական գործչի թուլակամությունը ցույց է տվել պաշտոնավարման 6 տարիների ընթացքում: Բայց դա իրականում մակերեսային մոտեցում է: Պատմությանը հայտնի են տնտեսական կյանքում չհաջողած, բայց քաղաքական դիմագիծը պահպանած բազմաթիվ գործիչներ, որոնց մի մասն, ի դեպ, իշխանությունից հեռանալուց որոշ ժամանակ անց ռեաբիլիտացվել և վերադարձել է իշխանության:

Տիգրան Սարգսյանն իրականում, որպես քաղաքական գործիչ, բացահայտվեց ոչ թե վարչապետության անհաջող 6 տարիներին, այլ հրաժարականի հաջորդ օրը կամ մի քանի օր անց՝ համաձայնելով անցնել «չափազանց կարևոր դիվանագիտական» աշխատանքի: Այսինքն՝ ծառայել այն համակարգին, որի դեմ ինքն իբրև ներսից պայքարում էր՝ երկիրն ավելի լավը դարձնելու համար, և որը զոհաբերեց իրեն՝ թույլ չտալով ստորագրել բաղձալի համաձայնագիրը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:

Հրաժարական տալուց կամ պաշտոնանկ արվելուց հետո ոմանք չէին բացառում, որ Տիգրան Սարգսյանը՝ որոշակի թայմ-աութ վերցնելով, կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ընդհուպ՝ դուրս գալով ՀՀԿ-ից և, ասենք, որևէ միավորի շրջանակներում՝ քաղաքական կամ քաղաքացիական, հանդես գալ՝ որպես եվրաինտեգրացիայի կողմնակից: Բայց համաձայնելով ստանձնել որևէ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնը, Տիգրան Սարգսյանը բացառեց նման հնարավորությունը:

Առաջին հայացքից՝ անհեթեթ են թվում մամուլի տեղեկությունները, որ Տիգրան Սարգսյանը կարող է դեսպան նշանակվել Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Մաքսային միությունում: Իրականում Տիգրան Սարգսյանի պարագայում դա միանգամայն նորմալ պետք է համարել: Մինչև նրա պաշտոնական նշանակումը պետք չէ զարմանալ, որ տեղեկություններ հրապարակվեն, ասենք, Նորվեգիայում դեսպան նշանակվելու մասին, հաջորդ օրը հայտնի դառնա, որ նա դիվանագիտական առաքելությունն է իրականացնելու Հյուսիսային Կորեայում:

Տիգրան Սարգսյանի համար ի՞նչ տարբերություն՝ որտեղ, նա ապացուցեց, որ առաջնորդվում է «գործ ա, անում ենք» սկզբունքով: Բայց գոնե ինքնագնահատականներում ճիշտ կլինի նշել ոչ թե՝ «պետական», այլ՝ «հանրապետական գործիչ»: Այդպես համեմատաբար ազնիվ կլինի:

 

Տեսանյութեր

Լրահոս