Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի ելույթը ուշացած խոստովանություն է»

«Սերժ Սարգսյանն, ըստ էության, հիմա ասում է այն, ինչ մենք ասում էինք 2009 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա անդրադարձը հայ-թուրքական հարաբերություններին:

Մեր զրուցակցի խոսքով` եթե այդ գործընթացի նպատակն այն էր, որ Հայաստանի հասարակությանը և աշխարհին ապացուցենք, որ «մենք լավն ենք, թուրքերը վատն են», ապա ինքը խնդրին այդ տեսանկյունից մոտենալը ճիշտ չի համարում:

«Հայ-թուրքական սահմանի բացմանը պետք է վերաբերել զուտ վերջնանպատակ դնելու տեսանկյունից` բացել սահմանը և վերջ: Հետևաբար, այս իմաստով` ամենևին կարիքը չկար այն արձանագրությունների, որոնք Հայաստանում և Սփյուռքում պառակտեցին հայ ժողովրդին և խնդիրն, ըստ էության, տարան այլ ուղղությամբ: Եթե Սերժ Սարգսյանն ինքն ուզում էր սահմանը բացել, ապա լավ կլիներ, որ ունենայինք այնպիսի արձանագրություններ, որոնք սառեցվեին այս տեսքով, այլ ուղղակի այնքան պարզ, այնքան հասարակ լինեին, տեղիք չտային տարբեր մեկնաբանությունների, այնքան վտանգներ չպարունակեին, որ մեր խորհրդարանը վավերացներ դրանք, և այն դառնար միակողմանի ուժի մեջ մտած փաստաթուղթ: Բայց, ցավոք սրտի, այնքան խուճուճ ճանապարհով գնացին…

Սերժ Սարգսյանի ելույթը` տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ, թերևս ուշացած խոստովանություն է այն մասին, որ (օրինակ` Ազգային ժողովի լսումների ժամանակ ես ելույթ եմ ունեցել դրա վերաբերյալ) եթե երկու կողմերը տարբեր կերպով են մեկնաբանում արձանագրությունները, ո՞վ է դատավորը: Այս առումով` Սերժ Սարգսյանի ելույթն ուղղակի ուշացած հաստատագրում էր»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Նա ավելացրեց, որ համաձայն չէ այն մոտեցման հետ, որ ողջ գործընթացի նպատակը պետք է լիներ աշխարհին ցույց տալը, թե Հայաստանը կառուցողական կողմն է.

«Կարծում եմ` պետք է ընդունել այլ` սահմանը բացելու նպատակ: Այո´, խնդիրը դժվար է, թերևս չի կարելի չհամաձայնել Սերժ Սարգսյան հետ: Բայց դրա համար պետք են ունենալ շատ պարզ, շատ հասարակ արձանագրություններ, որոնք վավերացված կլինեին գոնե Հայաստանի խորհրդարանի կողմից, և կմնար ճնշումը թուրքական կողմի վրա: Իսկ այսօր մենք ունենք այնպիսի սառեցված արձանագրություններ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների թեմային անդրադառնալը պետք չէ դիտարկել բացառապես այն տեսանկյունից, որ մի քանի օր անց կլրանա Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը:

«Այդ անդրադարձը դիտարկելի է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների տեսանկյունից, որովհետև ապրիլի 17-ին ԱՄՆ-ի սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ամենևին և բացառապես ապրիլի 24-ին ընդառաջ չէր: Դա կապված է շատ ավելի լայն տարածաշրջանային զարգացումների հետ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձևն այդքան միաթիրախ չէ. դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանին ազդանշան տալով` մասնավորապես Մաքսային և Եվրասիական միություններ մտնելու առումով, քանի որ Սերժ Սարգսյանն ինքը այդ որոշումը պայմանավորել է անվտանգության խնդիրներով:

Այսինքն` ամերիկյան քաղաքականությունը կարող է լինել այս դիրքերի վրա: Հետևաբար, եթե Արևմուտքից նման ուղերձ է գալիս, ապա Հայաստանն ինքը պիտի որոշի`որքանով է նպատակահարմար իր «կա´մ-կա´մ»-ի քաղաքականությունը:
Երկրորդը, սա կապված է ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների հետ, որովհետև Միացյալ Նահանգների դեսպանը Բաքվում բարձրաձայնում է, որ Ղրիմում և Ուկրաինայում ռուսական, այսպես ասած, դիպաշարերի կտրվածքով` շատ կարևոր է, որ Ղարաբաղի խնդիրը լուծում ստանա:

Իսկ մենք տեսնում ենք, որ ամերիկացիները մտահոգություններ ունեն ոչ միայն դեպի Կովկաս Ռուսաստանի ներխուժման, այլև թուրքերի հնարավոր ներխուժման կապակցությամբ: Ուստի, իմ կարծիքով, ԱՄՆ-ի կողմից այդ բանաձևի ընդունումը նաև զսպող նշանակություն ունի Թուրքիայի համար: ԱՄՆ-ը պարզապես փորձում է հասկացնել Հայաստանին, որ իր դիրքորոշումը դա է:

Որքան էլ Արտաքին հարաբերությունների բանաձն իրավական պարտադրող ուժ չունի, այնուամենայնիվ, այն որոշակի դիքորոշում է, որի վրա կարող է կառուցվել ամերիկյան քաղաքականությունը` հայկական խնդիրների հարցում: Հետևաբար, նաև ճիշտ է, որ Հայաստանի նախագահն արձագանքում է, բայց նա ճիշտ չէ, երբ փորձում է ներկայացնել, թե արձանագրությունները կամ իր սկսած գործընթացն ամենևին խոչընդոտ չէ Ցեղասպանության ճանաչման համար: Այն ժամանակ էլ խնդիրը ոչ այնքան հայ-թուրքական հարաբերություններն էին, որքան դրանք կապ ունեին ամերիկյան քաղաքականության հետ: Ամերիկյան քաղաքականությունն ինքն է թույլ տալիս նման զարգացումներ, ամերիկյան քաղաքականությանն այդ պահին պարզապես պետք էր, որ այդ արձանագրությունները լինեին, որպեսզի ամերիկյան կողմը կարողանար որևէ արդարացում ունենալ` Ցեղասպանությունը չդատապարտելու համար: Հայ-թուրքական գործընթացն այդ ժամանակ նաև լուծում էր չճանաչման խնդիրը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին այցելել էր Պաշտպանության նախարարություն, և խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նրանից հետաքրքրվել էին Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների ներկայիս վիճակի վերաբերյալ: Ի պատասխան ՀՀ նախագահն ասել էր, թե Հայաստանը ժամանակին սկսել է հայ-թուրքական գործընթացը, ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել է ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի:

«Եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները»,- մասնավորապես նշել էր Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս