Մոռանալով «Քոչարին». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

Թե ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից և ինչ ճակատագիր է սպասվում այդ կուսակցությանը՝ աոանձին խոսակցության թեմա է։ Ասեմ միայն, որ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր մտել ոչ միայն ՕԵԿ-ը, սակայն դատափետման է արժանանում միայն Արթուր Բաղդասարյանը։

Իսկ «մարտի 1-ի» գյխավոր պատասխանատուն, պարզվում է, բավականին լավ ղեկավար էր՝ ծաղկեցնում էր մեր տնտեսությունը։ Մի դեպքում մեղքերը մոռացվում են, մյուս դեպքում՝ հիշվում։ Կախված քաղաքական անհրաժեշտությունից։

Բայց այդ ամենը՝ մի կողմ։ Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին, երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոոը պահպանեի միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։ Դա վերաբերում է ոչ միայն այսօր «Քոչարին» մոռացած երեք նախարարներին, այլև համանման իրավիճակում նույն ձևով վարված Արամ Հարությունյանին։

Երբ որոշվեց, որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա, այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այն ԲՀԿ-ականները, որոնք կորոշեն ստանձնել նախարարական պաշտոն, կհեռացվեն կուսակցությունից։ Ոչ թե իրենք են դիմում գրելու, այլ իրենց պատժելու են։ Ես դրա մեջ, ճիշտն ասած, որոշակի տրամաբանություն տեսնում եմ. մարդը պետք է բարոյական պատասխանատվություն կրի իր եղած կամ չեղած (ձևականորեն հայտարարված) քաղաքական հայացքների համար։

Եվ այստեղից հարց է ծագում՝ ի՞նչ է կուսակցությունը։ Տեսականորեն դա պիտի լինի համախոհների խումբ, որոնք որոշակի գաղափարախոսության վրա հիմնվելով՝ նույն պատկերացումներն ունենան երկրի զարգացման մասին։ Բայց մեր երկրում այդպես չէ. մարդիկ կուսակցության են մտնում կա՛մ իշխանական կերակրատաշտին մոտ լինելու համար, կա՛մ այդ հույսով ապրելու համար, կա՛մ ինչ-որ կուռքի երկրպագելու, կա՛մ էլ սեփական վատ բնավորության՝ չարության, մաղձի համար կիրառում գտնելու նպատակով։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս