Որքա՞ն է ընկնում քաղաքական գործչի գինը` մեկ անգամ ծախվելուց հետո. Ադիբեկյանի մեկնաբանությունը

Հարցազրույց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ

– Պարոն Ադիբեկյան, Ձեր կարծիքով` ինչո՞վ էր պայմանավորված «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) որոշումը` իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին:

– Հավանաբար, նոր վարչապետի նշանակումը հակադիր էր ՕԵԿ-ի խմբակցության պատկերացումներին: Քանի որ նախագահը կայացրել է այդ որոշումը, նրանք չեն կարող մնալ կոալիցիայում: Սա իմ կարծիքն է: Հիմա եթե նրանք դարձան ընդդիմություն, խնդիր կլինի, թե ընդդիմության որ մասում կգտնվեն` մերժողական արմատակա՞ն, չափավո՞ր, թե՞ իշխանամետ: Եվ քանի որ նրանք չեն կարող քննադատել ներկա կառավարության անցած գործունեությունը, որովհետև դա կնշանակի, որ իրենք իրենց են քննադատում, ժամանակ է պետք, որ նոր կառավարությունն ինչ-որ քայլեր անի, որպեսզի դառնա քննադատության առարկա:

Այդ քննադատության բնույթով էլ արդեն կարող ենք որոշել, թե որ դիրքը ՕԵԿ-ը կգրավի ընդդիմության դաշտում: ՕԵԿ-ը միշտ ունեցել է իր 5-6 տոկոսը, Արթուր Բաղդասարյանը մինչև 19 տոկոս անձնական վարկանիշ է ունեցել 2008 թ. նախագահական ընտրություններում: Այսինքն` նա բավական լուրջ ֆիգուր է: Եթե նա կարողանա պահպանել իր այդ վարկանիշը, նա քաղաքական դաշտում կմնա որպես, չէի ասի` որոշում կայացնող, բայց գոնե ինչ-որ մթնոլորտ ստեղծող:

Կարդացեք նաև

– Ընդդիմադիրներից մի քանիսը կարծում են, որ ՕԵԿ-ի այս քայլը, ինչպես ասում են, իշխանության նախագիծն է, և վերջինս ՕԵԿ-ին նախապատրաստում է  2017 թ. խորհրդարանական ընտրություններին` փորձելով վերահսկել ընդդիմադիր դաշտը: Որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարը:

– Գոյություն ունի «խռովության» տեսություն («теория заговора»), ըստ որի` ոչ մի պատահական բան չի լինում, իսկ եթե լինում է` դրա ետևում ինչ-որ մեկը կանգնած է:

Այդ տեսության համաձայն` պատահականություններ կամ անակնկալներ պիտի չլինեն, ցանկացած դեպք ինչ-որ մեկի կողմից հրահրված կամ կազմակերպված է: Ես կարծում եմ, որ նման բան չկա, որովհետև ընտրություններին դեռ շատ երկար ժամանակ կա: Արթուր Բաղդասարյանը զբաղված էր բավական լուրջ աշխատանքներով` պաշտպանության, անվտանգության ծառայությունների ոլորտում, Հայաստանում նրա նախաձեռնությամբ պետք է հիմնադրվեր ակադեմիա, ավելի ճիշտ` արդեն հիմնադրվել է:

Այսինքն` լուրջ գործեր պետք է աներ, և չեմ կարծում, որ նա պետք է դուրս գար կոալիցիայից նման պատրանքային նպատակի համար: Խնդիրն ավելի լուրջ է, որովհետև նրա և նախագահի պատկերացումները երկրի կառավարման վերաբերյալ երևի այնքան իրարամերժ  են եղել, որ ստիպված է եղել դուրս գալ կոալիցիայից: Այլ պատճառաբանություններն ուղղակի հնարված են:

Եթե ՕԵԿ-ը մեկ անգամ, ըստ էության, գնացել է այդ քայլին, այսինքն` դարձել է ընդդիմադիր, ընդդիմությունից «փախցրել» է զգալի ձայներ և կրկին միացել է իշխանությանը, ինչն ընդդիմությունը որակել է «դավաճանություն», ապա ի՞նչն է նրան խանգարում նույնը անել ևս մեկ անգամ:

Արթուր Բաղդասարյանը ընդդիմության ձայների 1/3-րդն է տարել, 2/3-րդը եղել են իշխանամետ ձայներ: Այնպես որ՝ կրկին սխալ է, թե իբր նա գնում է ընդդիմության ձայների ետևից: 2008 թ. Արթուր Բաղդասարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը հավակնում էին նախագահի պաշտոնին: 19 տոկոսը, որը Արթուր Բաղդասարյանը ստացավ այդ նախագահական ընտրություններին, դրանից միայն 5-6 տոկոսն է եղել ընդդիմադիր, այն էլ` կենտրոնամետ ընդդիմադիր դաշտից, մնացածը եղել են իշխանական ձայներ:

– Ի՞նչ է նշանակում «իշխանական ձայներ»:

– Դրանք այն ընտրողներն են, ովքեր մշտապես քվեարկում իշխող քաղաքական ուժի օգտին` անկախ նրանից, թե դա ՀՀՇ-ն է, ՀԱԿ-ը, թե ՀՀԿ-ն: Իրենք կողմ են իշխանությանը: Ուստի, եթե ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, նա ոչ թե ընդդիմադիր ձայներն է տանում, այլ իշխանական` երկու անգամ ավելի, քան ընդդիմադիր դաշտից` ընդամենը 5-6 տոկոս:

– Այսինքն` Դուք բացառո՞ւմ եք, որ քաղաքացին, ով իշխող ուժից վերցրել է, օրինակ, 10 000 դրամի չափով ընտրակաշառք և քվեարկել է նրա օգտին, կարող է հաջորդ անգամ գնալ Ազատության հրապարակ և մասնակցել ընդդիմության հանրահավաքին:

– Ով վերցրել է 10 000 դրամը, նա ցանկացած մարդուց կարող է վերցնել այդ գումարը և կարող է գնալ քվեարկել նրա օգտին, կարող է և չքվեարկել: Երբ ես տվողներին հարցնում եմ` «ինչո՞ւ եք տալիս, վստա՞հ եք, որ ձեր օգտին կքվեարկեն», ասում են` «եթե երեքից մեկը քվեարկի, մենք գոհ կլինենք»: Կարծես «ռուլետկա» են խաղում: Այնպես որ, ձայն առնել-ծախելը ևս մի քիչ պատրանքային խնդիր է, ընդ որում` ձայն տվողների թվաքանակը բավական սակավ է, իսկ փող տվողներինն ավելի սակավ է:

– Կառավարությունում ՕԵԿ-ի երեք նախարարները կուսակցության այս որոշումից հետո դիմում գրեցին և դուրս եկան իրենց կուսակցությունից…

– Որովհետև որոշումը ոչ թե գաղափարական-քաղաքական էր` կուսակցության ծրագրային դրույթներին հակադիր, այլ դա անձնական էր: Ինձ այդպես է թվում, դրա համար էլ նրանք նման անձնական որոշում կայացրին:

– Այսպիսի անսկզբունքային մոտեցումն ինքնին չի՞ խոսում կուսակցության որակի մասին, սա չի՞ ազդի հասարակության, մարդկանց ընկալումների վրա:

–  Շատ հնարավոր է, որ ազդի: Ճկուն մարդիկ կասեն, որ ճիշտ են արել, տենց էլ պետք է լինի, ավելի բթամիտները կասեն` դա էշություն է, սկզբունքավորները կասեն` դե դա սկզբունքի խնդիր է և այլն: Յուրաքանչյուրը գնահատելու է` ելնելով իր դիրքորոշումից: Փառք Աստծո, Հայաստանում 2-3 տասնյակ դիրքորոշում կա, և յուրաքանչյուր դիրքորոշման տեսակետից` դա կարող է տարբեր ձևով ընկալվել: Ձեր ասածն էլ հնարավոր է. մարդիկ կարող են ընկալել Ձեր ասած ձևով, իրեն համարեն դավաճան, եվրոպացիներին վաճառված:

Հավանաբար հիշում եք` երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ էր հանդես գալիս, Ռոբերտն իր մասին շատ-շատ վատ բաներ ասաց` մոռանալով, որ Ռոբերտին չսիրողը սիրեց Արթուր Բաղդասարյանին: Քաղաքականության մեջ դա նյութի պահպանման օրենքն է. նյութը չի անհետանում, պարզապես «A» կետից անցնում է «B» կետ: Խոսքը գնում է ձայների և նախապատվությունների մասին:

– Ամեն դեպքում, հազարավոր մարդիկ, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին և պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ, Ա. Բաղդասարյանին որակեցին «դավաճան», ընդդիմադիրները մինչ օրս հիշում են…

– Եվ «դավաճանին» 19 տոկոս ձայն տվեցին, էդ ո՞նց եղավ: Նա մինչև էդ էր «դավաճան», նա «դավաճան» էր Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ:

– Եկեք չշփոթենք փաստերը: Խոսքը 2008 թ. հետընտրական շրջանի մասին է: 2008 թ. փետրվարի 19-ին ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը ստացավ ընտրողների ձայների շուրջ 18 տոկոսը, ու թեև Ազատության հրապարակում հավաքվածները սպասում էին, որ նա կմիանա ժողովրդին, Բաղդասարյանը գնաց ու շնորհավորեց Սերժ Սարգսյանին, հետագայում ՕԵԿ-ը դարձավ կոալիցիայի անդամ: Սրանից հետո ՕԵԿ-ը 5-6 տոկոսից ավելի երբեք չի ստացել: Արդյոք այս ամենից հետո ՕԵԿ-ը կարո՞ղ է հավակնել դառնալու լուրջ ընդդիմադիր ուժ:

– Խոսքը գնում է վարքի որակավորման մասին: Դու համարում ես դա դավաճանություն, մեկ ուրիշն էլ համարում է, որ դա խելամտություն է, իմաստություն: Այնպես որ, ես չեմ ուզում կրկնել ընտրողների գնահատականները: Այն, որ նա ստացավ այդ տոկոսները, խոսում է իր մասին: Իսկ նրան «դավաճան» ասել էին ավելի շուտ:

– Տեսականորեն` եթե քաղաքական գործիչը մեկ անգամ «ծախվում» է, նրա գինն ընկնո՞ւմ է:

– Ուրեմն, երբ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը հայտնվեց «Ուոթերգեյթի» հայտնի սկանդալի կիզակետում, բոլորը կարծեցին, որ նա քաղաքական դիակ է, բայց մեկ ընտրություն հետո նա կրկին վերընտրվեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում (իրականում Ռիչարդ Նիքսոնը ԱՄՆ-ի 37-րդ նախագահն է, և այդ պաշտոնում եղել է ընդամենը  մեկ շրջան` 1969-74 թթ.: ԱՄՆ-ի նախագահների ցուցակը տես այստեղ http://en.wikipedia.org/wiki/List_of_Presidents_of_the_United_States, – Ա.Ս.): Ուրեմն, քաղաքական ոլորտը բավական հետաքրքիր է: Նա էլ կարող է հիշողության կորուստ ունենալ, չգիտեմ` ինչ ունենան… Դա հետաքրքիր ոլորտ է, որտեղ հրաշքները հնարավոր են: Այնպես որ, եկեք սպասենք ու չկռահենք, թե ինչպես մեր ընտրողները կգնահատեն: Կարող է` անտարբեր էլ լինեն, ընդհանրապես կարծիք էլ չհայտնեն. մարդ ա, արել ա էլի, հիմա ինչ անենք:

– Այսինքն` Ձեր կարծիքով, հնարավո՞ր է ազդել հասարակության հիշողության վրա:

– Եթե անընդհատ կրկնենք, կարող է հիշողության մեջ մնալ, բայց հիշողությունը կարճ է: Մի օրինակ էլ բերեմ. երբ երկրաշարժից հետո Մոսկվայից երկու հոգի գրություն բերեցին, որ օգնեն ժողովրդին էդ վիճակից, առաջինը, որ իրենք ասացին` բոլոր ռեքվիեմները, տխուր երգերը հանել հեռուստատեսությունից, ռադիոյից, երեխաների համար ցույց տալ մուլտֆիլմեր, իսկ մեծերի համար` ֆիլմեր պատերազմի մասին:

Շտաբի ղեկավարներից մեկը  մոտեցավ ինձ և ասաց` «ես գիտեի, որ դու ցինիկ ես, բայց է՞դ աստիճանի», որովհետև ես էի բերել էդ գրությունը: Ասացի` «արի գրազ գանք` եթե մի տարի հետո հայկական թերթում «երկրաշարժ» բառը հանդիպի, թքի իմ երեսին, եթե չէ` քո էդ շլյապան կուտես», ասաց` «լավ»:

Անցավ մի տարի, ասացի` «գնանք թերթ գնենք»: Պատասխանեց` «էս ժողովուրդն էլ է քո նման ցինիկ»: Այսինքն` մարդ չի կարող անընդհատ ցավ զգալ, անընդհատ հիշի վատ բաներ, հիշում է դրական բաներ: Դրա համար էլ գովազդը միշտ դրական բաների վրա է աշխատում:

– Եվ վերջին հարցը` ինչպե՞ս ՕԵԿ-ի քայլը կազդի քաղաքական ուժերի դասավորության վրա:

– Շատ վատ, որովհետև նախագահի կոչը, թե պատրաստ է աշխատել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են ծառայելու հայ ժողովրդին, ըստ էության, ոչ ոք չընդունեց: Հիմա պարզվեց` Հանրապետականը գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ: Եվ դա վատ է իր վարկանիշի համար: Որպես միավորող քաղաքական ինտեգրատոր` լավ չի կարողանում կատարել իր գործառույթը: Ուրեմն՝ նա չի կարողանում ձևավորել այնպիսի քաղաքական պլատֆորմ, որ տարբեր կուսակցություններ գան և այնտեղ իրար հետ համագործակցեն: Դա, իհարկե, շատ բացասական հետևանք է:

Տեսանյութեր

Լրահոս