Բաժիններ՝

Ներառական դպրոցներում մասնագետների պակաս կա

Asparez.am-ը գրում է.  Ներկայում «Հաշմանդամության Փյունիկ միության» Գյումրու մասնաճյուղում դպրոցական նախնական գիտելիքներ են ստանում տեսողական խնդիր ունեցող երկու երեխա: Նրանցից մեկը 6 տարեկան է, իսկ մյուսը` 9: Նրանք հանրակրթական դպրոց չեն հաճախել:

Երեխաները, ինչպես նշում է «Հաշմանդամության Փյունիկ միության» Գյումրու մասնաճյուղի ծրագրերի համակարգող Արմինե Նիկողոսյանը, ընդհանրապես չեն տեսնում, երկուսն էլ բնակվում են Գյումրիում:

Կազմակերպության նպատակն է, եթե ոչ 100, ապա 60 տոկոսով երեխային պատրաստել դպրոցին: Ներկայում կազմակերպության մասնագետները երեխաներին սովորեցնում են Բրալյան այբուբենը` հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով, տրամադրում այն ուսումնաօժանդակ պարագաները, որոնք կազմակերպությունն ունի, իսկ, ընդհանուր առմամբ, կազմակերպությունում այսօր դասագրքերի եւ այլ պարագաների անհրաժեշտություն է նկատվում:

Տեսողական խնդիրներ ունեցող այս 2 երեխաների ուսուցումը «Հաշմանդամության Փյունիկ միության» Գյումրու մասնաճյուղն իրականացնում է իր նախաձեռնությամբ եւ աշխատակիցների կամավորական սկզբունքներով, սրանով փորձ է արվում անմիջական կապ ստեղծել ներառական դպրոցների հետ:

«Մենք չենք ուզում քանակ ապահովել, ուզում ենք որակ ապահովել. 2 երեխա ենք վերցրել, ովքեր սեպտեմբերից հաճախելու են առաջին դասարան,-ասում է մասնաճյուղի ծրագրերի համակարգող Արմինե Նիկողոսյանն ու շարունակում,- ներառական կրթության շրջանակներում սայլակից, քայլակից օգտվողների համար հարմարեցվեցին դպրոցները, իսկ տեսողական խնդիր ունեցող երեխաները չկարողացան գնալ, որովհետեւ չկան մասնագետներ»:

Երեխաներից մեկը սեպտեմբերին հաճախելու է Գյումրու թիվ 38, իսկ մյուսը` թիվ 40 հիմնական դպրոց, 2 հաստատություններում էլ իրականացվում է ներառական կրթություն: Սակայն հարցն այն է, որ 2 դպրոցներն էլ, այսօրվա դրությամբ, չունեն համապատասխան մասնագետներ` կույր երեխաների ուսուցումը կազմակերպելու համար: Այս խնդիրն ընդհանուր է Գյումրու մյուս ներառական դպրոցների համար:

Օրինակ` թիվ 31 ներառական դպրոցում տեսողական շատ լուրջ խնդիրներով երեխաներ չկան, մասնագետները կարողանում են բավարարել տեսողական թույլ խնդիրներ ունեցող երեխաներին: Իսկ ի՞նչ են անելու դպրոցների տնօրենները, եթե մի օր իրենց մոտ սովորելու ցանկություն հայտնեն կույր երեխաներ. այս հարցն անպատասխան է մնում Գյումրու մի քանի դպրոցներում, իսկ որոշ հաստատություններից էլ փոխանցում են, թե մի բան կմտածեն, երբ ժամանակը գա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս