Հայաստանը Ռուսաստանից մանևրելու տեղ չունի, ցավակցում եմ հայ ժողովրդին. Լիլյա Շևցովա. «Ժամանակ»

«Ժամանակի»զրուցակիցն է Մոսկվայի «Կարնեգի»փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքինքաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար,Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շևցովան:

– Տիկին Շևցովա, այս օրերին ուկրաինական ճգնաժամը նոր թափով տեղափոխվել է Հարավարևելյան Ուկրաինա, ինչպես և կանխատեսվում էր Արևմուտքի ներկայիս քաղաքականության պարագայում: Փաստորեն, Ուկրաինան դարձել է պրոքսի երկիր, որի միջոցով Ռուսաստանն իր ատամներն է ցույց տալիս Արևմուտքին,իսկ Արևմուտքը բացարձակ անդեմություն է դրսևորում տարածաշրջանում իրեն նետված այս մարտահրավերներին:Արևմուտքի այս քաղաքականությունը պայմանավորված է տարածաշրջանում գործողությունների հստակ ծրագրի բացակայությա՞մբ, թե՞ Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի չգնալու ցանկությամբ:

-Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Արևմուտքի քաղաքականությունն առաջին հերթին կարելի է բացատրել մեկ հանգամանքով` արևմտյան առանձին երկրների միջև միասնականության և աշխարհում ժողովրդավարական քաղաքակրթության ընկալման բացակայություն, նույնը՝ նաև առանձին գլոբալ մարտահրավերների վերաբերյալ կուրսի հարցում: Բայց արևմտյան մայրաքաղաքների կաթվածի ավելի կարևոր պատճառ կա, որն ավելի ակնհայտ դարձավ ուկրաինական դրամայի ընթացքում:

Խոսքը հետևյալի մասին է` Արևմուտքը մուտք է գործել մի փուլ, որն ընդունված է անվանել interregnum, այսինքն` մի փուլ, երբ լիբերալ հանրույթը ստիպված է վերանայել իր գոյության շատուշատ ձևաչափեր: Ինքնին Interregnum հասկացությունը քաղաքական անցուդարձ է բերել Անտոնիո Գրամշին, իսկ այսօր այն վերաարտահայտվել է հայտնի փիլիսոփա Զիգմունդ Բաումանի կողմից: Խոսքը միջանկյալ մի փուլի մասին է, երբ հինը վերանում է, գնում է, իսկ նորը դեռ չի ձևավորվում: Այսպիսով, Արևմուտքը այդ միջանկյալ փուլում է:

Այս փուլն արտահայտվում է ներկայումս աշխարհի ամենադրամատիկ ճգնաժամի` Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, գիտակցված ու հասկանալի քաղաքականության բացակայությամբ: Արևմուտքը չգիտի, ինչպես պատասխանել Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիային և փաստին, որ Կրեմլը անողոքաբար քանդել է այն աշխարհակարգը, որը ձևավորվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո:

Այնպես որ, Արևմուտքի անգործության հիմնական պատճառը վեկտորի կորուստն ու ապակողմնորոշումն է: Սրան է գումարվում նաև գործոնների մեկ այլ խումբ, որը հիմնական խնդրի պատճառով է առաջացել` կոմերցիոն հետաքրքրություններ, երկակի չափանիշներ, արևմտյան հանրության ներկայացուցիչների ներգրավում ռուսական կոռուպցիոն սխեմաներում, շփոթվածություն, Կրեմլի ագրեսիվությունից մեծ վախ, ղեկավարության բացակայություն, սեփական խնդիրներով տարվածություն, քաղաքականության նորմատիվային չափումներից հրաժարում:

Այս ֆոնին անհրաժեշտ է ընդգծել ևս երկու հանգամանք` եվրոպական հզոր դերժավայի դերակատարությունը ստանձնելու Գերմանիայի չկամությունն ու առաջնորդի դերակատարությունը ստանձնելու փորձերից Օբամայի հրաժարումը: Գլոբալ թատերաբեմում վակուում է առաջացել, որը լցվում է այլ ուժերի կողմից:

-Ի՞նչ դասեր պետք է քաղեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, հատկապես Արևմուտքի՝ Ձեր նշած քաղաքականությունից, բոլոր այն երկրները, որոնք իրենց ապագան ինչ-որ առումով կապում են ՌԴ-ի հետ թե՛ ՄՄ-ում և թե՛ ՄՄ-ից դուրս:

-Ես ինձ խորհրդատուի դերում այնքան էլ հարմար չեմ զգում: Ինչպես խորհուրդ տամ այլ երկրներին, եթե իմ սեփական երկրում ինձ չեն լսում: Ես կպատասխանեմ հետևյալ հարցին, թե ինչ կարող են զգալ հետսովետական այն երկրները, որոնք կամ անդամակցում են ՄՄ-ին կամ ունեն նման ցանկություն, կամ Ռուսաստանի հարևանն են: Կարծում եմ, որ նրանք ունեն բոլոր հիմքերը անհանգստանալու, թե ինչպես են ապագայում ապահովելու իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Չէ՞ որ նրանք սկսում են գիտակցել, որ Կրեմլը սկսել է իրականացնել նոր ռազմավարություն` գոյության ինքնակառուցում:

Այդ ռազմավարության էությունն այն է, որ Ռուսաստանն իրեն այսուհետ դիրքավորում է, որպես «պաշարված ամրոց», սեփական ժողովրդին մոբիլիզացնում է ներքին և արտաքին թշնամու փնտրտուքի հիմքի վրա: Վերջապես, Ռուսաստանը հավակնում է նոր գալակտիկայի կենտրոնը դառնալուն, ուղեծիր, որի շուրջն են պտտվում երկիր-արբանյակները:

Ես գուցե փոքր-ինչ պարզեցնում եմ պատկերը, բայց իմաստն այսպիսին է: Հազիվ թե Ռուսաստանի հարևանները կարող են իրենց վստահ զգալ, երբ իրենց հարևանությամբ նոր ատոմային գերտերություն է բարձրանում, որը իրեն հենց այսպես է դիրքավորում:

Անկասկած է նաև այն, որ հարաբերությունների նման մոդելը ենթադրում է արբանյակների ծայրաստիճան հավատարմություն՝ ՌԴ տնտեսական կամ ռազմական աջակցության փոխարեն:

Արդեն այս փաստը այս երկրներին դարձնում է սահմանափակ ինքնիշխանությամբ երկրներ կամ ինչպես ընդունված է ասել՝ failedstates. ճիշտ է, որ չկան երաշխիքներ, թե ռուսական բյուջեն կհաղթահարի ինքնակառուցման շարունակության այս մոդելը: Մենք արդեն մոտ ապագայում ստիպված կլինենք մտածել, թե ինչ տեղի կունենա ինքնակառուցման տնտեսական անխուսափելի կրախի պարագայում: Ահա այստեղ կլինի ճշմարտության պահը արբանյակ երկրների իշխող էլիտաների համար. չէ՞ որ նրանք ստիպված կլինեն փնտրել ինքնագոյության այլ ուղիներ՝ արդեն առանց «ավագ եղբոր» վրա հենվելու:

– Հայաստանյան իշխանությունները և՛ երկրի ներսում, և՛ դրսում քննադատվում են իրենց որդեգրած ծայրահեղ պրոռուսական վեկտորի համար, սակայն տեսակետներ են հնչում, որ այս դիրքորոշումն արդարացված է, երբ կա ուկրաինական օրինակը: Ըստ Ձեզ, ունենալով ուկրաինական օրինակն իրենց աչքի առջև, ի՞նչ կարող են անել Հայաստանն ու այն երկրները, որոնք չեն ցանկանում, բայց ստիպված իրենց ապագան կապել են Ռուսաստանի հետ, որով, ըստ էության, ժամանակավորապես չեզոքացնում են երկրի տրոհման սպառնալիքը:Ակնհայտ է, որ Արևմուտքը չունի անվտանգության որևէ ծրագիր այս երկրների համար. եթե չկա ծրագիր, ինչո՞ւ մեղադրել այդ երկրներին պրոռուսական ընտրության համար:

-Ինձ համար շատ բարդ է այս հարցին պատասխանելը: Ես հասկանում եմ, որ Հայաստանը դարձել է իր աշխարհագրության զոհը: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ եթե արևմտյան հանրույթը չունի ուժ և պատրաստակամություն Ուկրաինային օգնություն և երաշխիքներ տրամադրելու հարցում, Հայաստանի համար էլ ավելի բարդ է սպասել նման երաշխիքներ ու աջակցություն: Ակնհայտ է, որ այս պարագայում ինքնին ընկալումը «քննադատություն պրոռուսական ընտրության համար» ունի սպեկուլյատիվ իմաստ: Եվ կարելի է միայն ցավակցել հայ ժողովրդին ու երկրին այսպիսի թակարդն ընկնելու համար:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս