Մեքենան կողաշրջվել է, վարորդի ընկերը մահացել է, իսկ վարորդը դատապարտվել է ազատազրկման

Գեղարքունիքի մարզի 27-ամյա բնակիչն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Նախաքննութան ընթացքում  Գեղարքունիքի մարզի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր «Միցուբիշի պաջերո» ավտոմեքենայով խախտել է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները, որի հետևանքով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ՝ հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները,մասնավորապես շրջադարձի առկայությունը, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ կառավարում, ինչի արդյունքում ավտոմեքենան կողաշրջվել է. ավտոմեքենայի ուղևորին դրա հետևանքով անզգուշությամբ պատճառվել է մահ:

Մինչ դատաքննությունն սկսելը՝ ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ 27-ամյա ամբաստանյալից որևէ պարտք ու պահանջ չունի, վերջինս հոգացել է հուղարկավորության ծախսերը, որպիսին պետք է հատուցվի ապահովագրական ընկերության կողմից և խնդրեց նրա նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել:

Առաջին ատյանի դատարանը 27-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում հղի կինը, կամովին հոգացել է տուժողի հուղարկավորության ծախսերը, վերջինս հանդիսացել է իր ընկերը, տուժողի իրավահաջորդը խնդրել է նրան ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել: Դատարանը ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 27-ամյա երիտասարդը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանի վճռով՝ երիտասարդի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 1 տարի ժամեկետով փորձաշրջան:

 

Տեսանյութեր

Լրահոս