Վարչապետի նորն է լավ

Մենք անընդհատ կրկնվում ենք: Նույնիսկ՝ սպասումներում: 13-րդ վարչապետն է հայտնվել, բայց ոչ մի նոր բան չկա: Ամեն անգամ, երբ տնտեսական կյանքում ճգնաժամն անտանելի է դառնում, այն փորձում ենք հաղթահարել` կառավարություն փոխելով: Մտքներովս չի էլ անցնում ծրագրեր քննարկել կամ փնտրել: Ենթադրելով, որ դա կառավարության գործն է: Եվ իսկապես, ամեն նոր կառավարություն մի քանի օրում երկրի տնտեսական զարգացման իր հայեցակարգն է գրում ու ներկայացնում խորհրդարանին: Կարծեմ դա օրենսդրական պահանջ է:

Բայց այդ փաստաթղթի պատրաստման համար օրենսդրությամբ պարտադրված սեղմ ժամկետն ապացուցում է, որ այն նորույթ չի պարունակում: Նորույթ չի պարունակում և պարզապես ավելի վաղ մշակված ծրագրերի հատվածային կոմպելացիա է: Կամ, ժամանակակից տերմինով ասած՝ «քոփի փեստ»:

Հնարավոր է, որ նաև այս պատճառով վարչապետի նշանակումից հետո ամենահետաքրքիրը ոչ թե նոր կառավարության ծրագիրն է, այլ կառուցվածքն ու նշանակվելիք նախարարների անունները: Հետևեք քաղաքական զրույցներին ու մամուլին և ինքներդ կհամոզվեք: Բայց վաչապետներին, որպես կանոն, փոխում են տնտեսական ճգնաժամի պատճառով: Հետևաբար` ամեն նոր նշանակված վարչապետի հետ հասարակական հույսեր են արթնանում: Ամեն անգամ նոր վարչապետի նշանակումից հետո թվում է, թե վեջապես լույս երևաց թունելի ծայրում: Բայց ամեն անգամ կրկին ու կրկին համոզվում ենք, որ բուն թունելի վերջը չի երևում: Եթե նկատել եք՝ բոլոր նախորդ վարչապետների հետ երկու տեսակի հույսեր են կապվել: Կախված տվյալ վարչապետի աշխատանքային կենսագրությունից: Մեկը՝ որ նոր ու կիրթ մարդ է:

Հետևաբար` կկարողանա ինչ-որ բան փոխել: Իսկ երկրորդն ավելի հին մոլորություն է, որ գալիս է խորհրդային տարիներից:

Կարդացեք նաև

Չգիտես ինչո՞ւ՝ ոմանք համոզված են, որ վարչապետը տնտեսության մարդ պիտի լինի: Տնտեսություն կառավարելու և զարգացման հեռանկարներ տեսնելու հմտություններն այս պարագային իջեցվում են, լավագույն դեպքում, արտադրամաս կառավարելու, իսկ վատագույն դեպքում՝ պահեստապետի հմտությունների մակարդակի:

Խորհրդային մենեջմենթ կոչվածը խիստ գնահատում էր ղեկավարի, այսպես կոչված, «խազյայստվեննիկ» լինելու փաստը: Արտադրությունից եկած ղեկավարն, իբր, ավելի լավ կկառավարի տնտեսությունը: Նույն այդ մոլորությամբ զուտ կուսակցական աշխատանքի փորձ ունեցող Գորբաչովը ԽՍՀՄ վարչապետ նշանակեց գործարանի տնօրեն Նիկոլայ Ռիժկովին:

Միջին տարիքի բոլոր տնտեսագետները հիշում են, թե ինչ արագությամբ քայքայվեց սույն «խազյայստվեննիկի» կառավարած տնտեսությունը 1980-ականների երկրորդ կեսին: Մեր նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անվան հետ նույն հույսերն են կապվում: Բայց նույնիսկ պաշտոնական կենսագրությունը հիմք ընդունելով՝ պարոն Աբրահամյանին չի կարելի համարել տնտեսության ոլորտի գործիչ:

Մարդը մեկ-երկու տարի աշխատել է Բուրաստանի կոնյակի գործարանում: Այս ձեռնարկությունը ոչ գյուղմթերքների վերամշակման, ոչ էլ, առավել ևս, արտադրության ոլորտի նկատվող միավոր չի եղել: Իսկ Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրենի պաշտոն Հ. Աբրահամյանը զբաղեցրել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Սա ճգնաժամային մենեջմենթի փորձ համարելը մանկամտության պես բան է:

Հետևաբար` նոր վարչապետին հնարավոր չէ համարել ո՛չ տնտեսական ոլորտի մենեջեր, ո՛չ էլ հաջողակ գործարար: Կոնյակի գործարանում երկու տարի բաժնի վարիչ աշխատելու փաստը բավարար հիմք չէ նման պնդում անելու: Այլապես նրան կարելի կլիներ հայտարարել նաև գիտության ու կրթության ոլորտի հաջողակ մենեջեր: Որովհետև պարոն Աբրահամյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ շատ ավելի երկար ժամանակ է հանդիսանում:

Բայց հարկավոր է նաև նշել, որ նորանշանակ վարչապետը բավական հարուստ ու, ինչ-որ իմաստով, յուրահատուկ կենսագրություն ունի:

Նա այն քչերից է, ով պետական կառավարման ոլորտում անշեղորեն հաջողակ կարիերա է արել ՀՀ բոլոր նախագահների օրոք: Նույնիսկ այն պահին, երբ Սահմանադրությամբ ամրագրված երկրորդ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը փոխեց երրորդ՝ ՀՀ վարչապետի պաշտոնի հետ: Բոլոր դեպքերում նոր վարչապետից տնտեսության կառավարման ծրագրերի փոփոխություն ոչ ոք չի ակնկալում: Հիմա էլ, հետագայում էլ հետաքրքրող միակ թեման լինելու է Հ. Աբրահամյանի կադրային քաղաքականությունը:

Երկրի քաղաքական բոլոր նկատելի միավորումների անդամների հետ անձնական շփումներ ու մարդկային հարաբերություններ պահող վարչապետը, հավանաբար, դրանք միշտ էլ ստորադասելու է պետական շահին: Ի վերջո, մեր պետության առաջին դեմքերի համար կարևորը հասարակության կարծիքը չէ, այլ ինքնագնահատականը: Մեր նախկին վարչապետն իր հրաժեշտի պաշտոնական խոսքում ինքն իրեն «պետական գործիչ» գնահատեց:

Մինչդեռ «պետական պաշտոն» ու «պետական գործիչ» արտահայտությունները միանգամայն տարբեր բովանդակություն ունեն: Բացի մասնագետներից՝ ոչ ոք, օրինակ, չի թվարկի Մեծ Բրիտանիայի վարչապետներին: Փոխարենը` բոլորը, նույնիսկ` ոչ մասնագետները գիտեն, որ Չերչիլը պետական գործիչ էր:

Այնպես որ, վարչապետի նորն է լավ: Որովհետև դեռ չի հասցրել խանգարել երկրի տնտեսության զարգացմանը: Ու դեռ չի հիասթափեցրել հասարակությանը:

Տեսանյութեր

Լրահոս